05/23/2019

«Անմահների գնդի» քայլերթ նաեւ Սյունքիում

«Անմահների գնդի» քայլերթ նաեւ Սյունքիում

Մարզկենտրոն Կապանում հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառումները սկսվեցին Կապանի համայնքապետարանի պուրակից, որտեղ հավաքվել էին «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած քայլերթի մասնակիցները։ Ակցիային մասնակցում էին 300-ից ավելի հոգի, հիմնականում՝ մարզկենտրոնի տարբեր դպրոցների աշակերտներ։ Նրանց ձեռքերին Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա հակամարտության ժամանակ զոհվածների դիմանկարներն էին։ Քայլերթը համակարգող, ոստիկանության կապիտան Դավիթ Գրիգորյանի փոխանցմամբ՝ երկրորդ անգամ է Կապանում անցկացվում նման միջոցառում այս անգամ՝ հանդիսավորությամբ ու շուքով։ Դավիթը 2016 թվականի մայիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում իր պապի լուսանկարով մասնակցել է անմահների գնդի երթին: Հայաստանում Ռուսատանի Դաշնության դեսպանության աջակցությամբ որոշել է եւս կազմակերպել անմահների գնդի քայլերթ: Նրա պապը՝ Երվանդ Գրիգորյանը՝ Վերին Խոտանան գյուղից, 1941թ. մեկնել է  պատերազմ, մարտնչել Առաջին  բելառուսական ռազմաճակատում, 1943-ին Կերչում ոտքից վիրավորվել է, զորացրվել եւ անցել խաղաղ աշխատանքի:

Կապանից Հայրենական մեծ պատերազմի վետերաններից չորսն են մնացել։ Նրանցից Աշոտ Դավթյանը, ում առողջությունը դեռեւս ներում է դուրս գալ փողոց, եկել էր հարգելու մարտի դաշտում ընկած իր զինակիցների հիշատակը։ Գործող բանակ է զորակոչվել 1942-ին. կռվել է Թամանյան դիվիզիայի շարքերում, ծանր ու դժվարին մարտերով հասել Բեռլին։ Ծանր օրեր շատ են եղել, բայց ասում է, որ ամենադժվարն Օդերի գետնանցումն էր... Հունան Ավետիսյանի հետ մի գնդում է եղել, հերոսի հուշարձանի պատվանդանին ծաղիկներ դնելիս հուշերով նրա հետ էր։

Հերոսի հուշարձանին այնուհետեւ ծաղիկներ են դնում մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ։ Այնուհետեւ տոնակատարության մասնակիցները շարժվում են դեպի մարզկենտրոնի կենտրոնական հրապարակ, որտեղ տեղի ունեցավ օրվա խորհրդին նվիրված հանրահավաք։ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման առթիվ ներկաներին օրհնանքի խոսքեր հղեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Կապանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանն իր բարեմաղթանքի խոսքում մայիսյան հաղթանակների շարքում, մասնավորապես, կարեւորեց Շուշիի ազատագրումը, որն իրականացավ «Հարսանիք լեռներում» անունը կրող ռազմական օպերացիայով։ Զինվորականն արժանին մատուցեց մեր օրերում հայրենի սահմանների պահապաններին` մեկ անգամ եւս հիշեցնելով Վազգեն Սարգսյանի խոսքերը` մեր երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից։

Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը ներկայացրեց հայ ժողովրդի ավանդը երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում, նաեւ անդրադարձ կատարելով կապանցի զինվորների մասնակցությունը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Այնուհետեւ հրապարակով զինվորական քայլերթով անցան Կապանում տեղակայված զորամասի սպաներն ու զինվորները, ու «Անմահների գունդը» երթ կազմակերպեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում զոհված մարտիկների հիշատակին։

Oրվա երկրորդ կեսին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ անցկացվեցին մարզամշակութային այլ միջոցառումներ։ Օրվա խորհրդին նվիրված ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Քաջարանում եւ մարզի գյուղական բնակավայրերում: Օրը համեմված էր հաղթանակի տոնին նվիրված շնորհավորանքներով եւ խաղաղության մաղթանքներով:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: