05/23/2019

Բարի ընդառաջ՝ մեծ հայրենակցի` Ակսել Բակունցի ծննդյան 120-րդ տարեդարձին

 Բարի ընդառաջ՝ մեծ հայրենակցի` Ակսել Բակունցի ծննդյան 120-րդ տարեդարձին

Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937)։

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղն է։

Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1970 թ. սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ տան կեսը վաճառված է եղել։

1970 թվականին` Բակունցի 90-ամյակի կապակցությամբ, տունը հետ է գնվել։

2011թ. կատարվել է թանգարանի հիմնանորոգում. փոխվել է տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել։ Զգալի աշխատանքներ են իրականացվել նաեւ բակում։

2012 թ. հարդարվել է դուրսը, տեղադրվել է բազրիք, թանգարանը լուսավորվել է փողոցի կողմից։

Թանգարանն ունի շուրջ 500 ցուցանմուշ, այդ թվում` լուսանկարներ, իրեր, առկա են նաեւ հազարավոր գիտաօժանդակ նյութեր։ Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը։ Այստեղ է պահվում նաեւ հարուստ գրադարանը:

Հունիսի 13-ին լրանում է մեծ արձակագրի 120-ամյակը:

Ակսել Բակունցի տուն-թանգարանն ինչպե՞ս է պատրաստվում նշել այն, ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նրան ընդառաջ, ի՞նչ ծրագրեր ունեն եւ սկսվե՞լ է արդյոք մեկնարկը:

Այս եւ այլ հարցերի շուրջ է զրույցը տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի հետ:

Շոշափվում նաեւ թանգարունում տիրող հոգեբարոյական իրավիճակին առնչվող հարցեր. չէ՞ որ ցանկացած տան մեջ որեւէ միջոցառում նշելիս՝ ամենակարեւորն ուրախ սիրտն ու համերաշխ սերն է:  

***

-Եվ այսպես. հունիսի 13-ին լրանում է մեր մեծ հայենակցի՝ Ակսել Բակունցի 120-ամյակը:

Ինչպե՞ս ենք պատրաստվում դիմավորել գրողի  հոբելյանական տարեդարձը: Կա՞ն արդյոք, համապատասխան ուշադություն եւ վերաբերմունք Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի կողմից:

Տոնի առթիվ՝ որքանո՞վ են թանգարանի ծրագրերն ու մտահղացումները միահյուսված տեղական եւ մարզային իշխանությունների բարի կամքի հետ:

-Ցավոք պիտի սկսեմ նրանից, որ պետական մակարդակով նախատեսված չէ նշել Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը:

Իսկ դա նշանակում է, որ պետականորեն ոչ մի ֆինանսական միջոց չի նախատեսվել՝ պատճառաբանությամբ, թե հնարավորություն չկա միջոցառումները պատշաճ մակարդակով  կազմակերպելու եւ անցկացնելու համար:

Փաստորեն, ինչպես միշտ, մեծ գրողի հերթական տարեդարձը դարձյալ մնացել է տեղական եւ մարզային իշխանությունների հույսին:

Անցած տարի Կապանում մարզպետի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին մարզի մշակութային գործիչներ, պատասխանատուներ, բարձրաձայնեցի  գրողի առաջիկա հոբելյանական տարեդարձի մասին, նշեցի, որ մենք՝ սյունեցիներս, պարտավոր ենք ավելի մեծ շուքով նշել գրողի 120-ամյակը:

Մարզպետն աջակցության պատրաստակամություն է հայտնել, ինչը, կարծում եմ, չի ուշանա:

Տոնի կազմակերպմանն աջակցություն ցույց կտա նաեւ Գորիսի համայնքային իշխանությունը:

Տուն-թանգարանն էլ, բնականաբար, կմասնակցի արարողակարգի կազմակերպմանը, եւ այդ ուղղությամբ արդեն քայլեր ենք ձեռնարկել:

Ակսել Բակունցը, գիտեք, 1923 թվականին սովորել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Այժմ էլ այդ նույն ինստիտուտը կա, գոյություն ունի, որը վերանվանվել է Խարկովի գյուղատնտեսական համալսարան:

Երկու տարի առաջ տուն-թանգարանը Խարկովից այցելուներ ունեցավ, հայ ամուսիններ էին: Զրուցեցինք, անդրադարձանք Խարկովում Բակունցի ուսանած տարիներին:

Նրանք պատրաստակամություն հայտնեցին  գնալ համալսարան ու հետաքրքրվել, զրուցել տնօրենի հետ՝ այնտեղ  գոնե մի հուշատախտակ ունենալու համար, ինչն ամենեւին մանրուք չէ:

Այդպես էլ արեցին: Ընդամենը մեկ ամիս առաջ համալսարանի տնօրինությունը մեզ տեղեկացրեց, որ մայիսի 25-ին՝ հուշատախտակի տեղադրման օրը, իրենք պատրաստվում են միջոցառում անցկացնել, նշել մեծ գրողի 120-ամյակն ու կազմակերպել հուշատախտակի բացման արարողություն:

Նրանք մեզ նույնպես հրավիրել են՝ հոգալով որոշակի ծախսեր:

Յոթ հոգուց բաղկացած մեր պատվիրակությունը Խարկովի գյուղատնտեսական համալսարանում կազմակերպվող միջոցառմանն անպայման կներկայանա:

Այնտեղ կստեղծվի թանգարանային փոքրիկ անկյուն, որոշ գրականություն էլ՝ խոստման համաձայն, մեզ հետ կտանենք եւ կնվիրենք համալսարանին:

Համալսարանը միաժամանակ կազմակերպել է Բակուցի ստեղծագործությունների ուկրաիներեն վերահրատարակություն, ինչը, կարծում եմ, շուտով կդրվի ուկրաինացի ընթերցողի սեղանին:

Տուն-թանգարանը նախաձեռնել է Ակսել Բակունցի ստեղծագործությունների բազմալեզու հրատարակություն՝ շուրջ հինգ լեզվով. իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ ռուսերեն:

Նախատեսել ենք նաեւ ուկրաիներեն հրատարակություն, ինչը հասցնելու դեպքում՝ այդ գրքերից որոշ օրինակներ էլ կտանենք Խարկով:

Հրատարակիչը՝ Սեն Հովհաննիսյանը, օրերս կլինի Գորիսում, պայմանավորվածության համաձայն՝ կհանդիպենք գրքի հնարավոր հովանավոր «Քոնտր գլոբալ» ընկերության ներկայացուցչի հետ:

Ի դեպ, «Նահապետ» հրատարակչության հրատարակած «Գորիս» երկլեզու գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել անցած տարի՝ բարձր մակարդակով ու հանդիսավորությամբ. գրքի օրինակներից մեծ քանակությամբ նվիրվել է մեր ընթերցողին:

Իսկ Բակունցի ստեղծագործությունների բազմալեզու հրատարկությունը խիստ անհրաժեշտ է՝ տուն-թանգարան օտարալեզու այցելուներին տրամադրելու, գրողի հետ ծանոթացնելու, նրանց միջոցով Բակունցի  ստեղծագործություններն ամենուր  հասանելի դարձնելու համար:

Բակունցին թարգմանելն այնքան էլ հեշտ չէ, երկար ժամանակ կպահանջվի:

Ունենք եւս մեկ այլ նախաձեռնություն՝ կապված դարձյալ գրողի հոբելյանական տարեդարձի հետ:

Բակունցը 1905-10 թթ. սովորել է Գորիսի Սբ Հռիփսիմե եկեղեցու ծխական դպրոցում:

Այդ դպրոցի մի մեծ հատված այժմ կա քաղաքի մեջ: Դժբախտաբար քչերը գիտեն, որ դա եղել է Գորիսի առաջին ծխական դպրոցը:

Ցավոք, պահպանված է շենքի միայն մեկ հատվածը, բայց, հուրախություն, շենքի նախնական լուսանկարը լիովին պահպանվել է:

Նախատեսել ենք, եւ արդեն ընթացքի մեջ է, այդ շենքի վրա հուշատախտակի տեղադրման գործընթացը:

Տոնական օրվա միջոցառումների երկրորդ մասը կսկսենք այդտեղից: Հուշատախտակին գրված կլինի, որ այստեղ սովորել է Ակսել Բակունցը, եւ՝ հիշեցում՝ քաղաքի երբեմնի ծխական դպրոցի մասին:

Կապանի թատրոնի կոլեկտիվն այդ օրը Գորիսում հանդես կգա բակունցյան թեմաների բեմադրությամբ: Այդ մասին ավելի վաղ պայմանավորվել էինք երջանկահիշատակ տնօրենի՝ Կամո Արզումանյանի հետ, կոլեկտիվը հետ չկանգնեց խոսքից:

Բակունցյան տիպաժների փոքրիկ ներկայացումներով հանդես կգան նաեւ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասանները:

Մեծ գրողի տարեդարձի արարողությունը կսկսվի տուն-թանգարանում` առավոտյան ժամը 11-ին, կկատարվի ծաղկեդրում հուշարձանին, հուշատախտակի տեղադրում, այնուհետ՝ Բակունցյան օրվան յուրահատուկ շունչը կտարածվի ողջ քաղաքում. մասնավորապես՝ մատաղի մատուցում, երաժշություն, հյուրասիրության սեղաններ՝ թանգարանից՝ Մաշտոցի փողոց, մինչեւ հրապարակ:

Ինչպես ասացի, կցուցադրվեն բակունցյան կոլաժներով փոքրիկ ներկայացումներ, օրվա վերջում՝ դրամատիկական թատրոնում կկայանա մեծարման երեկո:

Սա նախնական նախագիծ է, ուրվանկար, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Վստահ եմ` այս տարեդարձի նշումը կգերազանցի նախորդ տարիների Բակունցյան տոներին:

- Պարոն Սարգսյան, Ձեր թույլտվությամբ փոքր-ինչ քննարկենք տուն-թանգարանի աշխատակազմի ներքին խնդիրները. ինչպիսի՞ բարոյահոգեբանական վիճակ է տիրում այստեղ՝ այս սրբության-սրբոց` Բոխչագյուլ ազու եւ Ստեփան դայու գերդաստանի հարկի ներքո:

Արդյո՞ք կանոնակարգված հունով ամեն ինչ ընթանում է, թե՞, ինչպես ասում են, որոշներն իրենց տեղում չեն, որոշներն արհեստական  լարվածություն են ստեղծում՝ վերադաս մարմիններ հղված իրենց նամակ-բողոքներով:

Ո՞վ կարող է, ի վերջո, ավելի լավ հասկանալ այս տան ոգին, պահպանել նրա անդորրը, եթե ոչ՝ կյորեսեցին, Գորիսը… Ինչու՞ այդ դեպքում դիմել Երեւանում նստած չինովնիկին, ովքեր ընդամենը հեռվից սուբյեկտիվ որոշումներ կկայացնեն՝ առանց տեղյակ լինելու բուն խնդրին, որն ավելի շատ հոգեւոր դաշտում է:

Չէ՞ որ, ինչպես յուրաքանչյուր տան մեջ, ամեն օջախում (իսկ այստեղ նախ եւ առաջ օջախ է, հետո՝ հաստատություն),  որեւէ տոնախմբություն լիարժեք չէ, եթե այն չես նշում  ուրախ սրտով, եթե տանդ մեջ խաթարված են հոգեկան ներդաշնակությունը, համերաշխ սերն ու սիրտը:

Լրագրողի, գորիսեցու զգացողությամբ ասեմ՝ Բակունցի տուն-թանգարանը, ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր կազմակերպությունների, նախ եւ առաջ օջախ է, հարազատ տուն, որտեղ տասնամյակներ Բոխչագյուլ ազին ու Ստեփան դային են ապրել, նրա ողջ գերդաստանը, մշակել իրենց այգին, խնամել ծառերը, այստեղից Ակսելին ճանապարհել ծխական դպրոց, Խարկով ու՝ մեծ կյանք, հետո միայն՝ տուն-թանգարան, հիմնարկություն:

Ամեն վայրկայն նրանց շունչն է այստեղ, ասես՝ նրանց քայլերի ոտնաձայնն ես լսում, Ազու տարազի ատլասե խշխշոցը:

Երբեմն էլ կարող է թվալ, թե նրանց սաստող հայացքն ես տեսնում՝ որեւէ տարաձայնության, թերացման դեպքում: Չէ՞ որ այդ մթնոլորտն այցելուն ինքն էլ զգում է…

Հեշտ չէ տուն-թանգարանում աշխատելը՝ թեկուզ հսկիչի, այգեպանի կարգավիճակով. մեծ նվիրում եւ սրտացավություն, ազնվություն եւ մաքրություն է պահանջում: Մանավանդ, այնպիսի մի տուն-թանգարանում, որը ոչ հեռավոր անցյալում բնիկ գորիսեցու մի արդար օջախ է եղել՝ իր ընդգծված կոլորիտով, ավանդական նիստուկացով, հեռու՝ աշխարհիկ մեղքերից ու  ինտրիգներից, իրականում՝ ինտրիգի ու դավադրության զոհ:

Այստեղ ծառեր կան, որոնք ամեն ինչ հիշում եւ պահպանում են, նրանք էլ կարող են չորանալ, հողն էլ կարող է խռովել՝ որեւէ անմաքուր, մահկանացուին հատուկ, թեկուզեւ՝ չնչին  սխալ անելիս:

Կարծում եմ` այստեղ աշխատող մարդիկ սա չպետք է մոռանան, տնօրենից՝ մինչեւ հսկիչ ու հավաքարար:

- Դուք միանգամայն ճիշտ եք: Սկսեմ նրանից, որ առանձնապես մեծ ողբերգություն չի կատարվում, տուն-թանգարանն իր բնականոն հունի մեջ է, ունենք պարտաճանաչ աշխատողներ, բայց, այո, չեմ թաքցի,  ինչ-որ բան, այնուամենայնիվ, խաթարված է, ինչը սկսել է վատ անդրադառնալ մեր փոխընկալումի, փոխհարգանքի, ցավոք, նաեւ՝ աշխատանքների ճիշտ կազմակերպման վրա:

2011-ից տուն-թանգարանի վարիչ եմ: Ես չասեմ, ողջ քաղաքն ու թանգարանի պատմությունը կասեն՝ ինչպես է ծաղկել այգին, ինչպիսի շինարարական, գեղահարդարման անբիծ աշխատանքներ են կատարվել, ինչքան են ավելացել մեր եւ օտարալեզու այցելուների թիվը, ինչպիսի գեղեցիկ ու անմոռանալի տպավորություններ են թողել հուշամատյանում, ինչպես են հիացել ու զմայլվել այգու ծառ ու ծաղիկներով, խնամված, մաքուր թռչուններով, նրա տաղավարով ու ցայտաղբյուրով, տան ու այգու ընդհանուր կոլորիտով:

Երբեք խտրություն չեմ դրել՝ ես վարի՞չ եմ, թե՞ այգեպան, ջրվո՞ր, թե՞ թռչունների կերն ապահովող, նրանց կերակրող մեկը: Ես ինքս մեծ այգի ունեմ, հմտացել էի նրա աշխատանքներում, ինձ համար ամենեւին տարբերություն չկար՝ ի՞մ սեփական այգում եմ աշխատում, թե՞ տուն-թանգարանի այգում:

Այգին, նրա ամեն ծառ ու ծաղիկ ու գեղահարդարանք, տունն ամբողջությամբ, նրա իրերն ու ցուցանմուշները, անգնահատելի պատմական եւ գրական ժառանգությունն ամենօրյա խնամք ու հոգատարությունն են պահանջում: Վրիպեցիր մեկ ակնթարթ՝ կտուժի ողջ տունը, ինչպես՝ բոլորիս տներում:

Շինարարի կողքին շինարար եմ եղել, ամեն դրվող քար ու նախշով ուրախացել, ամեն աճող ծաղկի համար ջանացել ու մտահոգվել, հող փխրեցրել, պատվավոր հյուրեր ընդունել ու ճանապարհել, միջոցառումներ կազմակերպել՝ ոչ մի լումա չունենալով վերադասից, առաջնորդվելով մեր հոգսը՝ մեր վզին գերմարդկային օրենքով:

Ամենօրյա մանր ու մեծ ծախսեր են, որ պահանջում է տուն-թանգարանը:

Ի՞նչ եք կարծում, այդ ամենը հնարավո՞ր է իրականացնել՝ ապավինելով նվիրատվությունների արկղիկին:

Թանգարան մտնող, տոմսերի վաճառքից գոյացած եկամուտը, որը կազմում է տարվա կտրվածքով շուրջ 400-500 հազար դրամ, ամբողջությամբ փոխանցվում է պետական բյուջե:

Ցավում եմ, հաճելի էլ չէ,  ճիշտն ասած, մեզ չի էլ սազում  այս թեմայով՝ այս օրերին խոսել, արածդ երեսով տալու պես է ստացվում… Բայց արդեն լռել էլ չէի կարող,  քանի որ հարցն արծարծեցիք:

-Այո… Եւ ինչպե՞ս սկսվեց այս ամենը, ինչու՞ որոշեցիք, որ Դուք նաեւ այգեպան եք, թռչունները խնամող ու կերակրող եւ՝ ոչ տնօրեն, վարչական աշխատանքների ղեկավար:

-Ամեն ինչ դեռ վաղ էր սկսվել, բայց այն խորացավ հիմնականում վերջին մեկ տարում, երբ սկսվեց հաստիքների վերաբաշխման, թանգարանի հոգսին անտեղյակ ու նրան անհարիր՝  նշանակումների շքերթը:

Երբ նշանակվեցի տնօրեն, տեսա, արդենիսկ  հաստիքների որոշակի խառնաշփոթություն կար. այգեգործի հաստիքով անձը միայն տան մաքրությունն էր անում, այսօր էլ՝ նույնը… Մինչդեռ՝ մենք այգի էլ ունենք:

Կարծում եմ` ոչ մի հայ տանտիրուհի տունը չի մաքրում՝ այգին աչքաթող անելով: Նույնը եւ Բոխչագյուլ ազին էր անում, ե՛ւ ցանում էր, ե՛ւ քաղհանում, ե՛ւ ջրում, ե՛ւ թռչունների բույնը մաքրում, նրանց կերակրում…

Չեմ ասում, թե դա բնական է նաեւ հաստատության համար, բայց՝ այդպես է ձեւակերպված հաստիքը, մեկ բառով՝ այգեգործ: Նրանք մոռացել են, որ տուն-թանգարանն ինքնին 500 քմ. տարածք է՝ իր բակով ու մայթերով, գրասենյակով, սանհանգույցով, նախասրահով ու սենյակներով, որ նույն այդ թանգարանը՝ ի տարբերություն իրենց իմացած թանգարանների, նաեւ 1500 քմ. տարածքով այգի էլ ունի, որը թանգարանի դեմքն է եւ երեխայի պես ամեն վայրկյան խնամք է պահանջում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ:

Ես հարց առաջարկող եմ, բայց ոչ՝ իրավաբանական անձ: Արդեն ասացի, թանգարան գալով եւ տեսնելով այս վիճակը, անմիջապես լծվեցի այգեպանի աշխատանքին: Առաջին աշխատանքս դա է եղել. այգին այգի դարձնել: Նրա մեկ ափ հողն անգամ անմշակ չի մնացել, անթերի մաքրություն  ու խնամք է տիրել այգում:

Այսպես երկար շարունակվել չէր կարող, ֆիզիկապես էլ անհնար է: Ես չեմ կարող արտաժամյա կամ հենց գործիս ընթացքում ամեն օր փոխվել բանվորական համազգեստով եւ այգի մտնել, թռչունների հոգսը տեսնել, մաքրել բներն ու կերակրել:

Էլի եմ ասում, գուցե ֆիզիկական անհնարինությունը նաեւ սուբյեկտիվ համարեք, բոլոր դեպքերում՝ մարդկային է:

Նախապես ունեինք չորս հաստիք, վերջերս աշխատակազմը համալրվեց եւս մեկ հաստիքով, ինչի կարիքը մենք ամենեւին չունեինք, ավելին, մենք հրատապ ունեինք հաստիքների ճշտման կարիք. ով ինչ հաստիքի է, մինչդեռ՝ ինչ աշխատանք է կատարում եւ՝ մեկ հավաքարարի:

Այսպես ընդհանրացնեմ. թանգարանի երեք կարեւոր հաստիք զբաղեցնող աշխատակիցներից  երկու հոգին վաղուց կենսաթոշակի տարիքի են, մեկն էլ՝ ուսանողուհի:

Հանրահայտ ֆիլմի հերոսի պես` կատակով, իրականում՝ դառնությամբ ասեմ՝ գրողը տանի, ինչպե՞ս կարող եմ այս պայմաններում աշխատել:

Չորս-հինգ հոգանոց կոլեկտիվում այսպիսի անթույլատրելի խառնաշփոթություն չպետք է լիներ, կողքից էլ՝ լրացուցիչ բզբզել, բողոքներ հղել:

Ստացվում է՝ իրականում դե ֆակտո ունենք այգեգործի հաստիք, ով կամավոր, տարիներ շարունակ իր սրբազան առաքելությունն է համարել միայն տան հավաքարությունն անել, դե յուրե՝ չունենք այգեգործ:

Դե ֆակտո չունենք հավաքարարի հաստիք, դե յուրե այգեգործը հավաքարարություն է անում:

Ասեմ ավելին. 2011 թվականից մենք ունեինք բարձրագույն կրթությամբ հսկիչի հաստիքով աշխատակից, ով տիրապետում էր երեք լեզվի, երեքն էլ՝ անթերի:

Նա իրականում, կարելի է ասել, գիդ էր, գիտաշխատող,  միաժամանակ՝ հսկիչի իր պարտականությունն էր կատարում:

Անցած տարվա ապրիլին անհիմն պատճառաբանությամբ ազատվեց հենց այդ շնորհալի աշխատակիցը:Մեզ հրամցվեց գիտաշխատողի հաստիքով ուսանողուհի:

Արդյունքում՝ անարդարորեն դուրս մնաց մեր փորձառու աշխատակցուհին, ով երեք աշխատանք միասին համատեղում էր՝ գիդ, գիտաշխատող եւ հսկիչ:

Չի կարելի այսպես անփութորեն վերաբերվել կայացած կադրերի հետ, պետք է նախ եւ առաջ կարեւորել նրա աշխատանքը, դրա արդյունավետությունն ու շահը, ոչ ամենեւին՝ անձը, թե՝ ով է նա:

Նա կարող է լինել ձեր կամ իմ  դուստրը, կինը, կամ՝ ծանոթ-անծանոթ, կարեւորը՝  ժամանակին անցել է պահանջված մրցույթով ու հարցաշարով, գործի մեջ էլ՝ դրսեւորել գերազանց իմացություն եւ պատասխանատվություն:

Այս ամենին վերադիր՝ վերջերս էլ հավաքարարի հաստիքի իմ առկա պահանջին (կարող էին ընդամենը հաստիքի անվանումների տեղափոխություն կատարել եւ տրամադրել այգեգործի հաստիք), որը դե ֆակտո չունենք, մեզ հրամցրեցին մեկ հսկիչ` պատրաստի նշանակումով, ում աշխատանքի կարիքն այնքան էլ առաջնահերթ չէր:

Ինչպե՞ս է այս ամենը կատարվում. պատկերացնել կարելի է, եթե հաշվի առնենք, որ միտումնավոր խաշնաշփոթություն եւ կամայական ուղղորդումներ անողը տնից է:

Այսօր կարծես զրպարտելն ու մարդու վրա գործ սարքելը դարձել է հրատապ եւ պահանջված:

Ատելության եւ չարության մթնոլորտն է ամենուր գերիշխում:

Ինչպես արդեն տեղյակ եք, ինձ վրա էլ զրպատագրեր են գրվել եւ ներկայացվել: Էլի եմ ասում, ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, խնդիրս հաստիքների ճիշտ ամրագրումն է:

Եթե որեւէ մեկը կարող է կոնկրետ փաստերով ինձ մեղադրանքներ ներկայացնել, խնդրեմ, ես պատրաստ եմ նախատոնական միջոցառումները թողնել՝ ապացուցել իմ արդարությունը:

Երեւի հենց դա է զրպարտագիր գրողի ուզածը, որպեսզի հիմնավորապես ձախողի գրողի տարեդարձի նշումը, ինչը, հիասթափեցնեմ, նրան չի հաջողվի:

Նորից ասեմ.  ես իրավաբանական անձ չեմ, աշխատանքից ազատող եւ աշխատանքի ընդունող չեմ, ես ընդամենը հարց բարձրաձայնող եմ, մնացածն իրենց խնդիրն է:

- Ի՞նչ է ստացվում՝ Բակունցի տան ու գերդաստանի շուրջ ծավալված ինտրիգներն ու զրպարտությունը ժառանգաբար փոխանցվել են տուն-թանգարանի՞ն… Բայց  զոհն այս անգամ ոչ թե Բակունցն է, այլ նրա նվիրյալ աշխատողնե՞րը…

-Գուցե, բայց այդ անպատիվ ժառանգությունը ոչ թե փոխանցվել է ամբողջությամբ տուն-թանգարանին, այլ՝ որոշ անձանց, ում պակասը երբեք ազգը չի ունեցել եւ, վախենամ, չունենա էլ, ժամանակ առ ժամանակ պարարտ հողի դեպքում, ցավոք,  ծլարձակում է:

Ես խնդիր չունեմ, թող գրեն ու չարախոսեն, որքան սրտները կուզի, մաքուր եմ, արդարամիտ, գործիս էլ նվիրվել եմ առավելագույն չափով, աներեւակայելի սիրով:

Գնահատողն էլ ժողովուրդն է եւ, շնորհակալ եմ, ժողովուրդն ու այցելուն գնահատել ու գնահատում են:

Տուն-թանգարանն ինձ համար եղել եւ մնում է սրբազան վայր, որտեղ ծայրաստիճան կարգուկանոն ու անդորր է տիրում, մաքրություն եւ աչքշոյիչ հարմարավետություն:

Լիարժեք գրական, ստեղծագործական միջավայր է:

Բոլորը քաջ գիտեն, որ տուն-թանգարանի այգին եղել է մոռացված մի մացառուտ, այսօր դրախտավայր է, խնդրանքս այգեպանի հաստիքն ամրագրելն է եղել՝ իրականում հավաքարարի հաստիք ստեղծելը,  որը չեն ընդառաջել, փույթ չէ. այգին թող մատնվի անուշադրության եւ նորից վերածվի մացառուտի:

Ես չեմ կարող անվերջ եւ այգեպան աշխատել, եւ՝ վարիչ: Որոշ մարդկանց հավանաբար դուր չի գալիս, որ նախկին մացառուտը դրախտի է վերածվել,  փորձել են ամեն գնով դրա դեմն առնել եւ, կարծես թե, հաջողվել է…

Այն, որ տուն-թանգարանի վարիչի առաջարկ-խնդրանքը վերադաս մարմինների համար ձայն բարբառո հանապատի է, բազմաթիվ անգամ եմ համոզվել:

Այս մեկն ասեմ. վերջին հինգ տարին մեր թանգարանը սերտորեն համագործակցում է «Իմ Հայաստան» հովանավորող ծրագրի հետ, որը կազմակերպվում է ԱՄՆ  միջազգային զարգացման գործակալության կողմից, եւ նպատակը Հայաստանի թանգարաններին աջակցելն է:

Բազմաթիվ անգամ մասնակցել ենք թանգարանների աշխատանքը կոորդինացնող կառույցի դասընթացներին, միջոցառումներին, ինչը կազմակերպվում էր մշակույթի նախարարության հետ համատեղ:

Վերջերս ծրագրի շրջանակներում մեր թանգարանին տրամադրվել են արժեքավոր տեխնիկական միջոցներ, խոհանոցային կոմպլեքս` սպասք ու սարք՝ իր գազօջախով, սալօջախով:

Այս պահին էլ տեղադրված չեն, կհարցնեք՝ ինչու՞: Որովհետեւ նրա տեղադրման համար մինչ այսօր չի տրամադվել այդ չնչին, անհրաժեշտ 40 հազար դրամը…

Հաստատ ես այն վաղուց տեղադրած կլինեի, եթե տուն-թանգարանում այս անբարեհաճ, ամեն լավի տակ՝ միայն վատը տեսնող մթնոլորտը չլիներ, եթե հարյուր արածի կողքին՝ մեկ անգամ էլ մայր տնօրինությունն աջակցեր, մեկ անգամ փորձեր թանգարանի հոգսին ականջալուր լինել եւ ընդառաջել մեր առաջարկը:

Ինչու՞ ենք այդ դեպքում նրա մասնաճյուղը կոչվում, քանի՞ մեկ ենք հանդես գալու աղքատ ազգականի, խնդրողի նվաստ դերում եւ՝ մերժվելու, ավելին՝ թանգարանի աշխատանքներին վնասող որոշումներ ստանալու:

Նվիրատվություններից առաջացած միջոցը քանի՞ մեկ հոգսի կարող է բավարարել…Այն ամբողջությամբ ծախսվում է թանգարանի վրա եւ դարձյալ չի հերիքում:

Դրանք միջոցառումներ են, ցուցանակներ, պաստառներ, տաղավար, կենցաղային, տնտեսական բազմաթիվ հոգսեր, հյուրընկալություններ, մանր եւ անհրաժեշտ նվիրատվություններ… չթվարկեմ, շատ են:

Այսօր, այս պահին ես մեկ առաջնահերթ խնդիր ունեմ. պատվով եւ գրողին արժանավայել բարձր  մակարդակով տոնել մեծ արձակագրի 120-ամյակը, եւ այդ ուղղությամբ դեռ  բավականին մեծ աշխատանքներ կան կատարելու:

Իմ միտքն ու սիրտը, ողջ ուժերս առայժմ կենտրոնացած են այս ուղղությամբ, մյուսների մասին՝ հետո:

-Ի դեպ, հայտնի՞ է արդեն, թե ում եք դրսից հրավիրելու տարեդարձի արարողությանը:

- Պատշաճ կարգով, ինչպես միշտ, կհրավիրվեն գրականության եւ մշակույթի գործիչներ, պետական այրեր, հեռավոր վայրերում ապրող գրողի հարազատները:

Իսկ քաղաքում ապրող հարազատները, վստահ եմ, ողջ քաղաքի ազգաբնակչությունը  սրտի ու արյան կանչով կգան հայրենակից գրողի տարեդարձը տոնելու:

Բարի ընդառաջ՝ մեծ հայրենակցի ծննդյան տարեդարձի հանդիսությանը:    

Հարցազրույցը՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: