08/23/2019

Փառանձեմ. Սյունյաց աշխարհի անզուգական դուստրը, Հայոց հպարտությունը

Փառանձեմ. Սյունյաց աշխարհի անզուգական դուստրը, Հայոց հպարտությունը

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Անկախ այլախոհ գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Ով էր նա` այդ հպարտ սյունեցին:

Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թերեւս ամենահերոսական, բայց միաժամանակ ամենադժբախտ ու ողբերգական կյանքով ապրած թագավորի` Արշակ Բ-ի (350-368) հետ: Նա միշտ հայոց արքայի կողքին էր նրա հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում:

Փառանձեմը Սյունյաց աշխարհից էր. Սյունյաց անառիկ լեռների պես հպարտ ու աննվաճ: Նա դուստրն էր Անդովկ իշխանի: Անդովկ Սյունին 4-րդ դարում հայոց ամենահզոր իշխաններից էր: Առհասարակ, Սյունյաց նախարարական տունն Արշակունյաց թագավորության շրջանում ամենաազդեցիկն էր: Սյունաց տոհմը գահնամակում բարձր դիրք էր գրավում եւ ի զորու էր պատերազմի ժամանակ 20000 եւ ավելի զորք հանել:

Ինքը` Անդովկ Սյունին, հզոր ու քաջ զորական էր: Մի անգամ վիրավորվելով պարսից Շապուհ արքայի վերաբերմունքից` քաջարի հայ իշխանն իր գնդով գրավեց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնն ու ավերեց այն: Սյունյաց քաջ նախարարն Արշակունի թագավորների հավատարիմ հենարանն էր ու հայոց երկրում իր կարգին համապատասխան դիրք ուներ: Անդովկ Սյունու գեղեցկադեմ դուստրը` Փառանձեմը, հարկ էր, որ արքայական տան հարս լինի, եւ Սյունյաց իշխանն իր դստերը կնության տվեց Տիրան Արշակունի արքայի (338-350) որդուն` Գնելին: Գնելը, որ Հայաստանում հռոմամետ իշխանների պարագլուխն էր Ներսես Պարթեւ կաթողիկոսի հետ միասին, դիվային ծրագիր հղացավ` ապստամբել հայոց արքայի դեմ եւ խախտելով վաղնջական ժամանակներից եկող արգելքը` իբր, իր հայր Տիրանի հրավերով, բնակություն հաստատեց արքունական ոստանում: Սա լուրջ մարտահրավեր էր արքային եւ հայոց գահին: Եվ Արշակը չհապաղեց հանուն իր երկրի ու գահի ապահովության հեղել ազգակցի արյունը: Պատմիչները գրում են, որ Գնելին Արշակի մոտ դավել է նրա հորեղբորորդին` Տիրիթը, նախանձից եւ Փառանձեմի սիրուց դրդված… Գնելի թաղման ժամանակ տեսնելով վշտացյալ Փառանձեմին` Արշակը սիրահարվեց եւ շատ չանցած` կին առավ նրան: Արդյոք Արշակի առաջին կինն էր Փառանձեմը, դժվար է ասել: Պատմագետներից շատերը կասկածի տակ են առնում Պապի` Փառանձեմի որդին լինելը: Համենայն դեպս, ամուսնանալով Արշակ Բ-ի հետ, նա կանանոցում դարձավ առաջինը եւ հայոց թագուհին: Այդպես էր պահանջում սյունեցու նրա հպարտությունը եւ հոր` Անդովկ իշխանի բարձր դիրքը հայոց արքունիքում:

Այդ դեպքերից քիչ անց Հռոմը, նենգ ու դավաճան Հռոմի կայսրը չկարողանալով Գնելի միջոցով հասնել իր նպատակներին, Արշակի համար կնության ուղարկեց իր զարմուհուն` Օլիմպիային: Արշակը չէր կարող մերժել Հռոմի առաջարկն ու ստիպված կնության առավ նաեւ Օլիմպիային: Սա դիվանագիտական ամուսնություն էր: Սակայն նորահայտ Հայոց դշխոն Հայաստանում Հռոմի իրավունքներն ու շահերն էր պաշտպանում լոկ:

Նա լրտես էր Հայաստանի սրտում` հայոց արքունիքում: Ավելին` ցանկանում էր գրավել Փառանձեմ թագուհու տեղը եւ շարունակ դավեր էր նյութում նրա ու առհասարակ հայոց պետականության դեմ:
Եվ եթե հավատալու լինենք հայ կղերական պատմիչներին` հենց Փառանձեմի հրահանգով էլ արքունի երեց Մրջյունիկը հաղորդության գինու մեջ մահաբեր թույն խառնելով` թունավորեց Օլիմպիա թագուհուն եւ նրան վերացրեց ասպարեզից: Դժվար է ասել, Փառանձեմը խառն էր Օլիմպիայի սպանության գործում, թե ոչ… Համենայնդեպս, հայոց աշխարհն ազատվեց մի նենգ օտարից, ով հայոց հյուրընկալությունը վայելելու փոխարեն դավում էր:
Այնքան դավեր նյութվեցին Փառանձեմի պատճառով, այնքան դաշինքներ խզվեցին…

358 թվականին Պարսկաստանը պատերազմում է Հռոմի դեմ: Պարսկաստանի դաշնակից հայոց Արշակ Բ արքան իր զորքով արշավում է դեպի Մծբին` ռազմի դաշտ: Հռոմեական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր, իսկ պարսկական բանակը դեռ չէր ժամանել: Չսպասելով դաշնակից պարսիկների մոտենալուն` Արշակ Բ-ն հայոց այրուձիով հարձակվում է հռոմեացիների վրա ու սոսկալի ջարդ տալիս նրանց: Ջախջախված հռոմեական զորքի մնացորդները փախուստի են դիմում: Ժամանած պարսից արքան հիանում է Արշակ Բ-ի կատարած գործով: Իր դաշինքն ամրապնդելու համար Շապուհը ցանկանում է իր դստերը կնության տալ Արշակին: Փավստոս պատմիչի հավաստմամբ` Անդովկ իշխանը վախենալով Փառանձեմի` հայոց արքունիքում երերացող դիրքերից` կաշառում է հայոց նախարարներին եւ մի քանի պարսիկ պաշտոնյաների, ովքեր խաբում են Արշակին, թե Շապուհը դավ է լարել եւ ցանկանում է սպանել իրեն: Արշակը վախենալով դավից` փախուստի է դիմում: Եվ հայ-պարսկական դաշինքը սրանով լուծվում է:

368 թվականին Շապուհ Բ արքան խաբեությամբ իր մոտ է հրավիրում Արշակ Բ-ին եւ հայոց զորքերի սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա մորթազերծ է անում սպարապետին, իսկ հայոց արքային նետում է Անհուշ բերդը: Քայքայված ու պառակտված երկիրը հզորագույն թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Շապուհը խաբեությամբ իր մոտ է հրավիրում նաեւ Փառանձեմ թագուհուն, սակայն նա, չհավատալով նենգ պարսիկի խոստումներին, պատրաստվում է պայքարի: Արքայազն Պապը գտնվում էր Հռոմում, սպարապետը սպանված էր, արքան` բանտարկված, նախարարներն անմիաբան, իսկ եկեղեցին ոչինչ չէր ձեռնարկում հայոց միասնության համար, ավելին` նախարարների պես ապակենտրոն քաղաքականություն էր վարում:

Այս ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին, իր դիրքին ու կոչումին համապատասխան, ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր շուրջը համախմբելով հավատարիմ փոքրաթիվ ուժերին` 11000 զինվոր, նա ամրանում է Արտագերս ամրոցում եւ տասնչորս ամիս հերոսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ թշնամուն: Ամրոցի պաշարման ժամանակ դավաճան հայ իշխաններից Գղակը` Հայր Մարդպետը, ում ի պաշտոնե հայտնի էին ամրոցի գետնուղիները, գաղտնի թափանցում է Արտագերս, սակայն այնտեղ տեսնելով հայերի հերոսական դիմադրությունը, ներկայանում է Հայոց դշխոյին ու նրա զորքն առաջնորդելով` ջարդ է տալիս պարսիկներին: Բազում գրոհներից հետո Շապուհը զենքով չի կարողանում գրավել Արտագերսը: Ամրոցի տակ հայոց բանակը գիշերային անակնկալ հարձակումներով բազմիցս սոսկալի ջարդ է տալիս պարսիկներին:

Միայն այն ժամանակ, երբ սովը, համաճարակները օգնության են հասնում պարսից արքային, եւ ամրոցի պաշտպանների շարքերն ստվարանում են, պարսից արքան կարողանում է գրավել Արտագերսն ու գերել հայոց թագուհուն:

Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն եւ իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ…
Պատմիչների հավաստմամբ Հայոց դշխոն ծանր պահին անգամ չկորցրեց իր ոգու հպարտությունն ու արիությունը… Ցավոք, Փառանձեմը չգնահատվեց իր ժամանակակիցների կողմից: Դեռ նրա ժամանակակից կղերական պատմիչները մռայլ ու սեւ գույներով են ներկայացրել Փառանձեմին: Փավստոս Բուզանդը նշում է, որ նա անգամ իր որդուն` Պապին, մանկուց դեւերին է նվիրաբերել: Պապի գործունեությունից դատելով` հավանական է, որ նա քրիստոնյա չէր: Կղերական պատմիչները դեւեր ասելով նկատի ունեին հեթանոսներին: Հավանաբար, հայ ավանդական աստվածներին էր պաշտում նաեւ Փառանձեմ թագուհին, ով իր որդուն սնուցեց ու դաստիարակեց որպես արիացի, որպես իր ազգին ու պետականությանը նվիրված անհատի:

Նա նահատակվեց հանուն հայրենիքի ու հայի պատվի...

Last Battle of Queen Pharandzem.jpg

Картинки по запросу Փառանձեմ թագուհի

ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: