05/23/2019

«Եվրոպայի օրը» Կապանում

«Եվրոպայի օրը» Կապանում

Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին Կապանից: Այդ առիթով մայիսի 11-ին մարզկենտրոն էին ժամանել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացուցչական պատվիրակության հետ: Բանն այն է, որ «Եվրոպայի օրվա» տոնակատարության շրջանակում Կապանի Գործարանային մայրուղի-15 հասցեում տեղի ունեցավ պլաստիկ թափոնների վերամշակման նորաստեղծ արտադրամասի պաշտոնական բացումը: Այն հիմնվել է վերազինվել է Եվրոպական միության «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինանյութի ստացում ծրագրի շրջանակում:

Արտադրամասի բացմանը մասնակցում էին մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարները, ծրագրի իրականացմանը նպաստած կազմակերպություններ, գործընկերներ: Բացման խոսքում Պյոտր Սվիտալսկին, մասնավորապես, նշեց, թե երբ երեք տարի առաջ նախատեսում էին, թե ինչ ծրագրեր պիտի իրականացնեն մեր տարածաշրջանում, ինքը հատկապես թերահավատորեն  էր տրամադրված այդ ծրագրի հանդեպ:  Եվ շատ ուրախ է, որ իր թերահավատությունը փարատվել է: Եվ այդ համատեքստում երախտագիտություն  հայտնեց նախաձեռնության հեղինակներին  ու ծրագիրն իրականացնողներին:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գոհունակություն հայտնեց այն առիթով, որ իրականացված ծրագիրն ընդգծված բնապահպանական նշանակություն ունի տարածաշրջանի  համար։ «Ձեռնարկությունը, որ փորձնական աշխատանքներից հետո կսկսի գործել, կարծում եմ՝ բարիք է բերելու տարածաշրջանին եւ Կապան քաղաքին:

Մենք պատրաստ ենք առանց ավելորդ վարչարարության, առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկի կանգնել ամեն մի նոր նախաձեռնության կողքին»,- համոզմունք հայտնեց Սյունիքի մարզպետը:

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին եւ իրականացնողներին՝ նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին եւ կարեւորեց նոր արտադրամասի տնտեսական եւ բնապահպանական նշանակությունը` մանավանդ նոր աշխատատեղերի ստեղծելու առումով: Մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո արարողության մասնակիցները պլաստիկ թափոններից շինանյութի ստաման արտադրամասում ծանոթացան արտադրության տեխնոլոգիական գործընթացներին եւ նոր արտադրատեսակների նմուշներին` փողոցի եզրաքար, կղմինդր, սալիկներ  եւ այլն: Ներկաներին հատկապես հետաքրքրեց արտադրանքի բաղադրությունը եւ իրացման հնարավորությունը:

Առաջին անգամ Սյունիքում հիմնվում է ստարտափ  վերամշակման գործարան, որտեղ պլաստիկ թափոնները որոշակի տեխնոլոգիական գործընթացից  եւ ավազի հետ խառնելուց հետո վերածվում են շինանյութի: Արտադրության համար հումք հանդիսացող պլաստիկ թափոնը հավաքվում է Եղեգնաձորից մինչեւ Մեղրի ընկած հատվածում՝ ներառելով Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ինը համայնք: Սալահատակի եզրաքարերի եւ փողոցային սալիկների առաջին խմբաքանակը կուղղվի այն համայնքների տարածքների բարելավմանը, որոնք արտադրական գծին տրամադրել են պլաստիկ թափոններ: Երկամյա ծրագրի բյուջեն կազմել է մոտ 750 հազար եվրո, որից շուրջ 510 հազար եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի  բյուջեի  25 տոկոսը ֆինանսավորել են ՀՀ կառավարությունն ու  ծրագիրն իրականացնողները՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը եւ Կապանի քաղաքապետարանը:

Արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, թե ովքեր ներգրավված էին ծրագրում, հրաշալի աշխատել են,  եւ այսօր ներկաներն էլ համոզվեցին, որ արտադրամասը հստակ գործում է: Դեսպանը կարեւորեց նաեւ արտադրանքի գովազդի կազմակերպումը, որը ճիշտ իրականացնելու դեպքում հաջողությունը երկար սպասել չի տա: «Իսկ ծրագիրը կլինի՞ շարունակական»,- «Սյունյաց երկրի» հարցին ասաց, որ ինքը կարող է ընդամենը մաղթել այդ ծրագրի զարգացում եւ ընդլայնում:

Արտադրամասի բացումից հետո մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրապարակում մեկնարկեցին տոնական միջոցառումներ, որոնք այդտեղ էին բերել փոքրին ու մեծին: Ներկաներին «Եվրոպայի օրվա» առիթով ողջերթի խոսքեր հղեցրին Պյոտր Սվիտալսկին եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը: Անցկացվեցին մարզական մրցումներ: Փոքրիկներն իրենց ուժերը չափեցին հեծանվավազքում: Բազկամարտում  եւ կշռաքարերի բարձրացման մրցույթում աչքի ընկածներին մրցանակներ  հանձնեց  անձամբ Պյոտր Սվիտալսկին:

Տոնակատարության ավարտին ելույթ ունեցավ  «Նեմրա» ռոք խումբը:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: