08/23/2019

Հայրենիքս. հայացք Տանձատափ գյուղից

Հայրենիքս.  հայացք Տանձատափ գյուղից

-Նա է, որ ձիգ փաթաթված է այգեստաններով ու կուսական անտառնեհով:

-Նա է, որտեղ աշնանը նստած ձյան վերջին հալոցքը լինում է ապրիլի վերջերին:

-Նա է, որի գարունը սկսվում է Որոտանի գեղատեսիլ ափերից ու ավարտվում սիգապանծ Գյազբելի կատարին:

-Նա է, որի քարափները տարեկան մեկ անգամ հարսներանգ ծաղիկներով զարդարում է վայրի նշենին:

-Նա է, ուր գարունը նշանավորվում է սալորենու, ալոճենու եւ սզնենու սպիտակ փրփուրով:

-Նա է, որտեղ տանձենին ու կեռասենին ծաղկում են մի առանձնահատուկ շիկնանքով եւ կկոցած աչքերով նայում արեւին:

-Նա, ուր խնձորենու ազնիվ ու վայրի տեսակները ծաղկունքը սկսում են մուգ վարդագույնով եւ ավարտում մասրայինի երանգով:

-Նա, որի քարափներին ամենից առաջ շիրիշն է ելնում ոտի:

-Նա է, որի դաշտերում, ճանապարհների, արահետների եզրերին ու անտառներում զանգակներով եւ բուրումնավետ մանուշակով սկսվող ծաղկունքը չի ավարտվում:

-Նա, որի բնաշխարհի սքանչելի երանգները մեր տատիկները գորգեր ու կարպետներ են դարձրել:

-Նա է, որի շուրջ ամենուրեք պտղատու ծառեր եւ թփեր են` վայրի, թե ազնիվ տեսակների,

-Նա, որի մրգերի ու հատապտուղների բերքահավաքը երբեք չի ավարտվում:

-Նա, ուր գարնանը գյուղը գոտեւորում են լոբու, կարտոֆիլի եւ բազմատեսակ բանջարեղենի գեղարվեստական բարձրաճաշակ մարգերը:

-Նա, որտեղ տանձենին առաջին կաթուկը տալիս է հուլիսի վերջին եւ կաթոցը չի կտրվում մինչեւ ձմեռ:

-Նա է, որտեղի մրգով լիովին կշտանում են մարդ ու կենդանի:

-Նա է, որտեղ մասուրի, ծորենու, արոսենու եւ բուժական նշանակության մյուս բուսատեսակների բերքի հազիվ տասը տոկոսն է հավաքվում:

-Նա, որի ձորերի հսկա ընկուզենիները ձգվում՝ մինչեւ երկինք են հասնում:

-Նա, որի բնակիչները`խոր աշնանը, գիշերվա քամուց հետո` լուսաբացին, վազում են ձորերի թավուտներն ընկույզ հավաքելու:

-Նա, որի բնաշխարհից մեղուն անմահական հյութ է քամում:

-Նա, որի սառնորակ աղբյուրները հեքիաթ երգեր են հյուսում` կախարդող գույների:

-Նա է, որի ձորերի, քարափների խորշերում ձմեռում են արջեր եւ բազմատեսակ այլ գազաններ:

-Նա է, որի քարափներում` հազարամյակներ շարունակ, բեզոարյան այծն է բնակվում, եւ խոր աշնանն արուները` ծերպերի վրա, էգերի համար, մահացու մարտեր են մղում:

-Նա է, որի քարափների գլուխը` տարին մեկ ներկում են կարմիր ու դեղին կակաչները, իսկ ունքերը՝ սպիտակաթույր թբլղին:

-Նա, որի անտառներում եղնիկ է շրջում:

-Նա, որի վիհերի եւ ձորերի մութ խորքերում խորհրդավոր լռություն է նստած:

-Նա է, որի կածանները, հեռվից, դեպի անդնդախոր ձորերը գլորած պարանների են նման:

-Նա, որի զույգ քարափների կազմած ջրվեժը մշտապես օրոր է ասում նրան:

-Նա, որի ձորերում ու անտառներում, արջից բացի, նաեւ վայրի խոզն է ընկույզ, տանձ ու խնձոր անուշ անում:

-Նա, որի բանջարանոցները, վայրի խոզերից առաջ, փորսուղն ու մացառախոզն են ավերում:

-Նա է, որտեղ շնագայլի կաղկանձին զուգահեռ, գայլի ոռնոց է լսվում:

-Նա, որի ժայռերին, երբեմն, հսկայական փլվածքներ են լինում:

-Նա, որտեղ քարափներն ու ժայռապարերը բազմաթիվ եւ բազմատեսակ չհետազոտված քարանձավներ ու խորշեր ունեն:

-Նա, որի ժայռերն ամռանը քրտնում են, ձմռանը սառցե սրեր կրում:

-Նա, որի քարափների խոժոռ ու կախ ունքերը սարսափ են ազդում, նայել չի լինում:

-Նա է, որի ժայռերին դաջված է մեր ժողովրդի ողջ պատմությունը:

-Նա է, որի քարափները խոսող են` երգող ու պատմող:

-Նա, որի շանթարգելը «Հաչա քար» ժայռի բարձր կատարին է:

-Նա է, որի անցած ուղին`մինչեւ հիմք, պարզել չի լինի:

-Նա, որի կիրճերն ու ձորերն այնպիսի մութով է լցվում, երբեմն էլ  թխպով,որ մատդ աչքին տանես, չի տեսնի:

-Նա, որի ժայռերը, համատարած, կրաքար է:

-Նա է, որ մի ժամանակ իր կառուցած գործարաններում կիր է արտադրել, անտառային թավուտներում փայտածուխ պատրաստել:

-Նա, որի բրուտները` հազարամյակներ շարունակ, աստվածային կավից կարաս, կուժ, կուլա, գավաթ եւ կենցաղային ամենաբազմազան իրեր են թրծել:

-Նա, որը հրաշք բնակերտ պատկերների հետ, հարուստ է նաեւ պատմական մեծարժեք հուշարձաններով, սրբավայրերով:

-Նա է, որի ձորերն ու վիհերը խոր են` անհատակ, նաեւ մութ ու խեղդող:

-Նա, որի հազարամյա ջրաղացը հզոր սալաքարի վրա է, ու հիմա էլ բանուկ:

-Նա, որի Ջրաղացի գետ կոչվածի գյոլերում մի ժամանակ ստվար խմբերով լողում, ճռվողում, ապա արեւկող էին անում ոչ միայն իր, այլ նաեւ հարեւան գյուղի երեխաները:

-Նա է, որի քարափին է լեռնային հզոր արծվի բույնը:

-Նա է, որի կալերում` մի ժամանակ, ճնճղուկների բուք էր:

-Նա է, որի այգիներում տիրում էին ճղճղան չարդը եւ մոշահավը:

-Նա է, որի արեւն ամռանը «Հաչա քարից» հինգ պարանաբոյ ձախից է ծագում, ձմռանը` նույնքան աջից:

-Նա, որը ոչ միայն մրցում է Մեծ Թումանյանի Լոռվա հրաշք բնաշխարհի հետ, այլ նաեւ տեղ-տեղ էլ հաղթում:

-Նա է, որի արշալույսներն այնքան ջինջ են ու մաքուր:

-Նա, որն ամեն օր քնում եւ արթնանում է աստվածային սրբության` Տաթեւի վանքի ջերմ հայացքի տակ:

-Նա, որն ընկերոջս` Ռոմիկ Հարությունյանի ասածով, հավերժի ճամփորդ է:

 

  ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ      

                  ք, Գորիս                     

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: