07/19/2019

Ինչպե՞ս խուսափել օձի խայթոցից

Ինչպե՞ս խուսափել օձի խայթոցից

Արդեն մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, շուտով կտրուկ կաճի նաև բնության գրկում հանգստացողների թիվը և բարձրանում է մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:

Հայաստանի Հանրապետությունում օձերի առավել հաճախ հանդիպող տեսակներից են իժը, վահանագլուխը և պղնձօձը:
Որպես կանոն, օձի հետ հանդիպումը տեղի է ունենում անսպասելի, սակայն օձը երբեք չի հարձակվում. օձերը խայթում են միայն պաշտպանվելու նպատակով:

Թունավոր օձի խայթոցը տհաճ երևույթ է, երբեմն վտանգավոր մարդու առողջության և կյանքի համար: Մասնավորապես, իժի թույնն անմիջապես խախտում է արյունատար անոթների թափանցելիությունը: Որպես արդյունք, խայթոցի շրջանը այտուցվում է և ստանում կապույտ երանգ: Հանդիպում են դեպքեր, երբ այտուցն առաջանում է ենթամաշկային հյուսվածքներում, լեզվի վրա, ի հայտ է գալիս ուժեղ սրտխառնոց, բերանի չորություն, գլխապտույտ: Որոշ դեպքերում արտահայտվում է նաև մարմնի ջերմաստիճանի, ուշագնացության աստիճանի հասնող ճնշման անկմամբ: Հատկապես վտանգավոր է, երբ թունավոր օձը խայթում է մարդու գլխի հատվածը, քանի որ կարող է առաջանալ շնչառական մկանների կաթված:

Օձի խայթոցից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև այնպիսի վայրերում զբոսնելիս, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, անհրաժեշտ է հագնել երկարաճիտ կոշիկներ, և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ, երցնել երկար փայտ թփերը հրելու համար:
Զբոսաշրջիկները, ովքեր որոշել են գիշերել խարույկի մոտ, պետք է հիշեն, որ օձերին գրավում է լույսը, ջերմությունը, հոտերը, սակայն նրանք վատ են տեսնում և լսում: Նրանք կարող են սողալ վրանների, պայուսակների և կոշիկների մեջ:
Եթե տեսնում եք օձին հարձարկման դիրք ընդունած, անհրաժեշտ է կանգնել և դանդաղ հետ քաշվել:

Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցույց տալ: Առաջին հերթին անհրաժեշտ է արձակել վերնաշապիկի կոճակները, օձիքները և գոտիները, կապել կծած վերջույթը: Ձեռքի դեպքում, այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, առկայության դեպքում նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղն այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Թունավոր օձի խայթոցի դեպքում ամենակարևորը ճիշտ ժամանակին առաջին բժշկական օգնության տրամադրումն է:

ncdc.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: