07/05/2020

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, Տեղ համայնքի ղեկավար ներսես Շադունցին` մի՞թե անլուծելի է Խանածախում հրկիզված տների վերականգնման խնդիրը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, Տեղ համայնքի ղեկավար ներսես Շադունցին` մի՞թե անլուծելի է Խանածախում հրկիզված տների վերականգնման խնդիրը

Իններորդ ամիսն է,  ինչ Խանածախում գտնվող մեր տունը հրո ճարակ է դարձել։ Դիմել ենք վերադաս մարմիններին` հանրապետության վարչապետ, պաշտպանության նախարար, նաեւ Սյունիքի մարզպետարան, եւ ոչ մի արձագանք, ինչպես ասում են` ձայն բարբառո հանապատի։ Մի՞թե այդքան արհամարհական վերաբերմունք կլինի, արդյո՞ք նախկին իշխանություններն այդքան անհետեւանք կթողնե՞ին քաղաքացու դիմումը, եւ դա այն դեպքում, երբ նա զրկվել է իր տանն ապրելու հնարավորությունից։

Վիրահատվել եմ, այժմ գտնվում եմ Գորիսում` դստերս տանը, որդիս, հարսս, թոռնիկս` հարսիս հայրական օջախում, որտեղ ծանր են պայմանները։ Անգամ հարսս հանդիպել է վարչապետին, երբ նա աշխատանքային այցով Գորիսում էր, ներկայացրել մեր ծանր վիճակը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչնչից տեղյակ չէ։ Ապա ինչո՞ւ պատասխանատվություն չի ենթարկել պաշտոնյային, ով ստացել է դիմումը, բայց իրեն տեղյակ չի պահել։ Ոչ մեկից ոչ մի պատասխան չենք ստացել։ Առողջական վիճակս ծանր է, այլապես կգայի Կապան` անձամբ հանդիպելու Սյունիքի մարզպետին։ Անգամ չեմ կարողանում քայլել։

Գոնե գոհ եմ, որ ձեր թերթում մեզ պատուհասած աղետի մասին գրել եք, նույնիսկ այդ հրապարակումը ոչ մի ազդեցություն չի գործել ղեկավար անձանց վրա։ Բացի այդ, ինչպես ասացի, դիմել եմ պաշտպանության նախարարին, մահացած ազատամարտիկի ծնող եմ, տղաս նախ` ծառայությունն անցկացրել է Աֆղանստանում, որից հետո մասնակցել է Արցախյան շարժմանը, սահմանների պաշտպանությանը. Լաչինի միջանցքում վիրավորվել է, ստացած վերքերից մահացել։ Այսքանից հետո մեր ընտանիքն արժանանում է նման անտարբեր վերաբերմունքի։

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը խոստացել է, որ հովանավոր կգտնի` մեր տան մի սենյակը նորոգելու համար, գոնե ես վերադառնայի իմ օջախը։ Թե չէ` անսահման վիրավորական է տարեց մարդուս համար թափառական կյանք վարելը։ Ցավալի է, որ իշխանափոխությունից հետո այսպիսի վիճակ է տիրում։ Մի՞թե այդպես կարելի է վարվել ազատամարտիկի հոր հետ։ Բացի այդ, կես դար զբաղվել եմ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործով։ Դրանցից զատ` որդիս ու հարսս մանկավարժներ են, այսքանից հետո ինչպես կդաստիարակեն մատաղ սերնդին, երբ իշխանությունների անհոգի ու անտարբեր վերաբերմունքի հետեւանքով դարձել են անօթեւան։ Եվ ամեն անգամ թոռնիկս, որ սովորում է տասնմեկերորդ դասարանում, հարց է ուղղում ինձ. «Ե՞րբ ենք միասին ապրելու մեր տանը»։ Ի՞նչ պատասխանեմ։

Գոնե շինանյութերով ապահովեին, էլի եմ ասում, տան մի սենյակը կարգի բերեինք, հրդեհից հետո գոնե պատերը կանգուն են մնացել։ Չգիտեմ` կօգնի թերթի միջամտությունը դուրս գալու այս անելանելի վիճակից։ Համենայն դեպս կրկին դիմում եմ ձեր օգնությանը։

Հրանտ Բաղդասարյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: