07/06/2020

Երգչախմբային արվեստի փառատոն Սյունիքում

Երգչախմբային արվեստի փառատոն Սյունիքում

Երկու օր շարունակ Սյունիքում երգչախմբային արվեստի փառատոնի շունչն էր թեւածում: Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Երգող Սյունիք» փառատոնը մեկնարկեց մայիսի 17-ին Գորիսում, որին մասնակցեցին Գորիսի Աշոտ Սաթյանի անվան թիվ 1, Շառլ Ազնավուրի անվան թիվ 2, Շինուհայրի, Խնձորեսկի եւ Սիսիանի երաժշտական դպրոցների երգչախմբերը: Հաջորդ օրը փառատոնը շարունակվեց Կապան մշակույթի կենտրոնում՝ Կապանի արվեստի պետական քոլեջի, Կապանի երաժշտական դպրոցների, արվեստի մանկական դպրոցի, Քաջարանի եւ Մեղրու «Արեւիք» արվեստի դպրոցների երգչախմբերի մասնակցությամբ:

Փառատոնի բացմանը ողջերթի խոսք ասաց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Քրիստինե Շերոյանը, ով հույժ կարեւորեց մայրաքաղաքից հետո բնակվող երեխաների օժանդակություն ցույց տալը, մանավանդ որ կան շնորհալի շատ մանուկներ, որոնց ձիրքը ճիշտ ուղու վրա դնելու անհրաժեշտություն կա: Ներկաներին շնորհակալական խոսք ասաց Կապանի  համայնքապետի տեղակալ Դավիթ Հայրապետյանը: Փառատոնին հնչեցին հայ, ռուս եւ արեւմտաեւրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնի ավարտը եզրափակեց Կապանի թիվ, թիվ 1,2,3 երաժշտական դպրոցների եւ Կապանի արվեստի մանկական դպրոցի սաներից բաղկացած միացյալ երգչախումբը, որ կատարեց Գեղունի Չթչյանի «Հայաստան աշխարհ» երգը (խմբավար՝ Գայանե Հարությունյան):

Փառատոնի ավարտին մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, հիմնադրամի մեթոդիստ-խմբավար Արգենտինա Պողոսյանը, Քրիստինե Շերոյանը դիտողություններ եւ նկատառումներ հայտնեցին երչախմբերի ելույթների վերաբերյալ, մատնանշեցին թերություններ, դրանց շտկման ուղիներ առաջարկեցին:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: