12/13/2019

Բիզնես-ֆորում Սյունիքում. կնքվեցին համագործակցության հուշագրեր, որոնք կապ չունեն մարզի հիմնախնդիրների հետ

Բիզնես-ֆորում Սյունիքում. կնքվեցին համագործակցության հուշագրեր, որոնք կապ չունեն մարզի հիմնախնդիրների հետ

Մայիսի 27-ին կայացած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես- ֆորումում ներդնողների եւ բիզնես ծրագիր ունեցողների միջեւ ստորագրվեցին մի քանի հուշագրեր։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նախ ներկայացրեց Սյունիքում առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, դրա շնորհիվ ստեղծվող աշխատատեղերի քանակը եւ սպասվելիք տնտեսական օգուտը, այնուհետեւ նա ու մոսկվայաբնակ գործարար  Արամ Ստեփանյանը հուշագիր ստորագրեցին. Կապանում «Արմաթ» լաբորատորիա կունենա  20 դպրոց։ Կարեն Վարդանյանի փոխանցմամբ՝ առաջիկա վեց տարում Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման ծրագիր է իրագործվելու, նպատակը ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ։

Մյուս գործարքը կնքվեց Սոչիում բնակվող գործարար Միշա Մարտիրոսյանի եւ Կապանի ու Գորիսի համայնքապետերի միջեւ՝ Գորիսում ձկնաբուծարան, Կապանում խոզաբուծական տնտեսություն կառուցելու վերաբերյալ։

Կապանում նախատեսվում է նաեւ հեռուստացույցներ արտադրել, համենայն դեպս հաջորդ ստորագրված հուշագիրն իրանական կողմի եւ հայկական «Դոսուգ» ընկերության տնօրեն Տիգրան Աթայանի միջեւ էր՝ Կապանում իրանական «Էլավիա» հեռուստացույցների արտադրություն հիմնելու մասին։

Ծրագրեր են նախատեսվում նաեւ Սիսիանի տարածաշրջանում։ Մասնավորապես, հուշագիր ստորագրվեց «Սիսէկո» ընկերության եւ Սիսիանի համայնքապետարանի միջեւ` օրգանական սառը թեյերի գործարան կառուցելու նպատակով հողահատկացում կատարելու մասին։ Հուշագիրը ստորագրել են «Սիսէկո» ընկերության հիմնադիր Կարեն Ստեփանյանը եւ Սիսիան համայնքի ղեկավարը։

Համագործակցության հաջորդ հուշագիրը ստորագրվեց «Թոնիր հարսանեկան գյուղ» նախաձեռնության համահեղինակ Հայկ Երանոսյանի հետ։ Հայկը եւ նրա կինը՝ Սիրարփի Խոջաբաղյանը նախատեսում են Սիսիանի Վաղատին բնակավայրում ստեղծել «Հարսանեկան գյուղ»։

Մարզի չորս համայնքում զիփլայնի չորս պայմանագիր է կնքվել «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի (տնօրեն` Արգամ Ջուլհակյան) եւ ուկրաինական մի ընկերության միջեւ` 700 հազար ԱՄՆ դոլարի շրջանակում։

Եվ, այդուհանդերձ, խոսք չեղավ չմշակող վարելահողերի (մարզում առկա վարելահողերի 60 տոկոսը չի մշակվում), արոտավայրերի չօգտագործման, գյուղապահպանության, բնապահպանության, ինչպես եւ գյուղմթերքների, մասնավորապես բրդի եւ ոչխարի մորթու մշակման մասին, ինչպես նաեւ հիդրոէներգետիկայի եւ հանքարդյունաբերության մասին, որոնց զարգացման նպաստավոր պայմաններ կան Սյունիքի մարզում։ Խոսք չեղավ նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին, որտեղ, իբր, դեռեւս անցած տարվանից, պետք է կատարվեր մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում. նախորդ կառավարությունն էր այդ մասին բազմիցս հայտարարել։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: