08/23/2019

Սթափվե՛նք, հետո կարող է ուշ լինել. պատգամավորը հանդես է եկել հայտարարությամբ

Սթափվե՛նք, հետո կարող է ուշ լինել. պատգամավորը հանդես է եկել հայտարարությամբ

Այն, ինչ հատկապես վերջին ժամանակներս կատարվում է համահայկական դաշտում, չի կարող չմտահոգել ու չանհանգստացնել մեզ: Ամենաթողությունը, կարծես թե, հասել է գագաթնակետին, որը բնավ ոչ մի աղերս չունի ժողովրդավարության և խոսքի ազատության հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 30-ին կայացած ԱԺ լիագումար նիստին ասել է «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը՝ ընդգծելով, որ որպես ժողովրդավարական հասարակություն՝ մենք պետք է ապահովենք ցանկացած քաղաքացու խոսքի ազատության հիմնարար իրավունքը, սակայն երբ այդ խոսքը վեր է ածվում սպառնալիքի, հանրային համերաշխության դեմ ուղղված կոչերի, հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է արձագանքի խստագույնս՝ կանխելով նման երևույթների ակտիվացումը:
 
«Բանը հասել է նրան, որ  սոցցանցերում, և ոչ  միայն, հայը հային պիտակավորում է ամենակեղտոտ խոսքերով, փորձում սեպ խրել մեր միասնության մեջ: Ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով: Որոշ տականքներ  իրենց  թույլ են տալիս  հարձակվել  թոռնիկների հետ զբոսնող, հայտնի քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա, անպատվել նրան: Եվ երևի ուժ գործադրեր այդ խառնամբոխը, եթե չմիջամտեր ոստիկանությունը: Միջամտեց այո, բայց ոչ մեկն այդ ճիվաղներից  պատասխանատվության չենթարկվեց:  Նաև  դա՞ չէր  արդյոք պատճառը, որ  ոմն Ջիվան Աբրահամյան  ոստիկանների ներկայությամբ  սպառնաց  Արցախի Հանրապետության Նախագահ  Բակո Սահակյանին և դարձյալ մնաց անպատիժ: Ավելին, այդ ստահակը ոչ միայն ներողություն  չխնդրեց Նախագահից, այլև լկտիաբար հաստատեց իր խոսքերը:  Այսպես ու՞ր ենք գնում. արդեն  մոռացե՞լ ենք, որ  պատերազմը  չի ավարտվել,  որ  ունենք հակառակորդ, որը ծափ է տալիս ու ծիծաղում մեզ վրա  ու մեծատառերով գրում՝ պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև:  Ա՞յս ենք ուզում:  Բոլորին է հայտնի, թե ինչ նպատակով և ինչ կարգախոսով է սկսվել Ղարաբաղյան շարժումը: Այդ ո՞ր մի հայը չի ուզում, որ օր  առաջ դեֆակտո միացումը վերածվի դե յուրե միացման, վերականգնվի պատմական արդարությունը, Արցախը վերամիավորվի  Մայր Հայաստանին: Լավ, արժե՞ այս հարցով շահարկումներ անել, էժանագին դիվիդենտներ  փորձել հավաքել, ինչպես դա անում են  որոշ քաղաքական   ուժեր և առանձին անհատներ: Հասկացանք, որ առջևում ընտրություններ են, քվեներ են  պետք, բայց  արժե՞,  արդյոք, դրա  համար  կամուրջներ վառել, չէ որ  մենք  գերխնդիր ունենք՝ մեր Հայրենիքի  անվտանգությունը»,- նշել է Վ. Բաղրյանը:
 
Պատգամավորի խոսքով՝ եթե որոշ մարդիկ  մոռացել են, պետք է հիշեցնել Չարենցի մարգարեական  միտքը. «Ով  հայ ժողովուրդ, քո  միակ  փրկությունը  քո հավաքական ուժի մեջ է»: 
 
«Ականջներիս օղ անենք  մեծ պոետի  ու մտածողի  խոսքը, հասկանանք, որ  ունենք  մեկ Հայրենիք, որի  համար պատասխանատու ենք բոլորս:  Արյունը  ջուր չդառնա, դա մեզ չեն ների  մեր զոհված քույրերն ու եղբայրները,  դա մեզ չի ների պատմությունը: Ուրեմն՝  սթափվենք, հետո  կարող է ուշ լինի»,- ավելացրել է Վ. Բաղրյանը:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: