08/22/2019

«Սյունյաց երկրի» նոր նախաձեռնությունը. ակնկալում ենք արժանապատիվ բոլոր սյունեցիների աջակցությունը

«Սյունյաց երկրի» նոր նախաձեռնությունը. ակնկալում ենք արժանապատիվ բոլոր սյունեցիների աջակցությունը

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ձեռնամուխ է եղել հերթական բացառիկ համարի պատրաստմանն ու հրատարակմանը:

Համարի թեման է՝ «Ուխտագնացություն Սյունիք»:

Առաջին անգամ փորձ է արվում թերթային 200 էջանոց համարում զետեղել համառոտ տեղեկություններ (լուսանկարներով) մեր երկրամասում գտնվող սրբավայրերի մասին (վանքեր, անապատներ, եկեղեցիներ, մատուռներ, ինչպես եւ պաշտամունքային այլ վայրեր՝ ե՛ւ քրիստոնեական, ե՛ւ հեթանոսական):

Անշուշտ, հավատարիմ այդ ոլորտում ունեցած փորձին ու ձեւավորված ավանդույթներին, խմբագրությունը կհամագործակցի (եւ արդեն իսկ համագործակցում է) հանրապետության ակադեմիական շրջանակների, ինչպես եւ մյուս գիտական, մշակութային ու հոգեւոր հաստատությունների, Հայ առաքելական եկեղեցու հետ:

Սակայն, հիրավի աննապադեպ այդ նախաձեռնությունը գիտական միանգամայն նոր որակ եւ արդյունք կունենա, եթե սյունիքյան ամեն մի բնակավայրից մենք ստանանք լուսանկարներ, գեղանկարներ, հոդվածներ, ավանդազրույցներ եւ այլ տեղեկություններ բնակավայրերի սրբավայրերի մասին:

Այնպես որ՝ ակնկալում ենք բոլոր այն սյունեցիների աջակցությունը, ովքեր ինչ-որ չափով տիրապետում են այդ թեմային կամ ի վիճակի են անհրաժեշտ նյութերով նպաստել նախապատրաստական աշխատանքներին:

Եղած նյութերը թղթային տարբերակով (ք. Կապան, Շահումյան 20/32) կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) ուղարկեք «Սյունյաց երկրի» խմբագրություն:

Հավատացեք, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հրատարակել մի տեղեկատու մարզի սրբավայրերի մասին, ինչպես եւ ուղեցույց բոլոր այն մարդկանց (նաեւ զբոսաշրջիկների) համար, ովքեր կայցելեն Սյունիք եւ կկամենան հաղորդակցվել այն երկրամասի սրբավայրերին, որտեղ առաջինն են հայոց մեջ դարձել հավատացյալ եւ հնազանդվել սուրբ Ավետարանին:

Առաջիկա երկու ամսում սպասում ենք ձեր արձագանքներին:

Շնորհակալություն` աջակցության համար:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: