07/21/2019

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը այսօր հրաժարական է ներկայացրել:

ԲԴԽ-ին ուղղված հրաժարականի տեքստում, որը Դանիելյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես ասված է․ - «Խնդրում եմ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ ս.թ. հունիսի 10-ից: Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել»:

«Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին: Բացի այդ, սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները», - նշում է Դանիելյանը՝ շարունակելով․ - «Մենք պարոն Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատեցինք աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո, կարողացանք մեր սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված համալիր հայեցակարգ, ուստի ինքս հանգիստ եմ հեռանում՝ պարտքը կատարածի զգացումով»:

«Ձեզ և դատական իշխանության ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ, շարունակելու եմ իմ համեստ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական համակարգին, այդ համակարգի հիրավի արհեստավարժ ու պարկեշտ բազում ընկերներին, բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն անցնի բացառապես Սահմանադրության և միջազգային պարտավորությունների հենքով», - ասված է հրաժարականի տեքստում:

Դանիելյանը նաև հայտնում է, որ զբաղվելու եմ գիտակրթական գործունեությամբ, ընդգծելով․ - «Գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ»:

 

 

Գևորգ Դանիելյանը, որպես ԲԴԽ տարիքով ավագ անդամ, Խորհրդի նախագահի պարտականությունները կատարում էր մայիսի 24-ից՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: