06/20/2019

Ճանաչված վիրաբույժ Սլավիկ Ամիրյանը Գորիս վերադառնալու մտադրություն է հայտնել

Ճանաչված վիրաբույժ Սլավիկ Ամիրյանը Գորիս վերադառնալու մտադրություն է հայտնել

Հուլիսի 26-ին տեղի կունենա «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:

Տնօրենի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Սամվել Աֆանդյանն ինչ-ինչ հանգամանքների հետեւանքով ազատվեց տնօրենի պաշտոնից:

Թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու  համար դիմումներ ներկայացնելու ժամկետ է սահմանվել մինչեւ հունիսի 21-ը:

«Սյունյաց երկրի» խմբագրությանը հայտնի դարձավ, որ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կմասնակցի նաեւ Սլավիկ Ամիրյանը:

Սլավիկ Ամիրյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

1991-2015 թթ. գլխավորել է Գորիսի հիվանդանոցը, եւ մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Գորիսում ու ոչ միայն բժշկական հանրությունում, այլեւ ամբողջ հանրապետությունում:

Սլավիկ Ամիրյանի պրոֆեսիոնալիզմը,  գործնական հատկանիշները եւ հայրենի երկրամասին նվիրվածությունը երեւաց հատկապես Արցախյան պատերազմի տարիներին, երբ Գորիսի հիվանդանոցը դարձել էր թիկունքային հոսպիտալ, որտեղ այդ ընթացքում կատարվեց 5000-ից ավելի ազատամարտիկի եւ զինվորականի վիրահատություն:

Նաեւ Սլավիկ Ամիրյանի ջանքերով էր, որ 2010 թ. վերակառուցվեց ու ժամանակակից տեսքի բերվեց եւ արդիական սարքավորումներով կահավորվեց Գորիսի հիվանդանոցը:

Գրեթե վստահ ենք, որ մարզային իշխանությունը կողջունի Սլավիկ Ամիրյանի՝ Գորիս վերադառնալու մտադրությունը, քանզի նրան չընդառաջելու ողջամիտ պատճառներ չկան:

Սլավիկ Ամիրյանի օրինակին, կարծում ենք, կհետեւեն սյունեցի բոլոր այն բժիշկները, ովքեր վերջին տարիներին, երկրամասում իրականացվող հակաազգային ու հակասյունիքյան քաղաքականության հետեւանքով, հեռացել են հայրենի բնօրրանից՝ իրենց տեղը զիջելով մայրաքաղաքից բերված եւ Սյունիքի բազմաչարչար մարմնին պատվաստված ու իրենց մասնագիտության մեջ անտաղանդ տղեկների:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: