06/20/2019

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նույն օրը Նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով  ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
 
Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
 
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:
 
Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
 
Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
 
Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
 
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:
 
Նույն օրը Նախագահն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն եւ անձնակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ տնօրեն Վլադիկ Խաչատրյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: