09/23/2019

Որևէ մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը՝ վեթինգի ենթարկվելու մասին (տեսանյութ)

Որևէ մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը՝ վեթինգի ենթարկվելու մասին (տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, որը նախկինում ՀՀ փոխոստիկանապետն էր, կողմ է վեթինգի գաղափարին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը որևէ մտավախություն չունի այդ կապակցությամբ։

«Մտավախություններ չունեմ ... ինքս էլ պատրաստ եմ ենթարկվել դրան: Իմ անձնական կարծիքով՝ դա նորմալ գաղափար է»,-ասաց նա։

Հունան Պողոսյանը պատասխանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «սևազգեստ» երիտասարդների հետ կապված հարցերին։

«Քրեածին-հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են ու կան, և դրանցով իրավապահները պետք է զբաղվեն: Նրանք պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն իրականացնում են»,- շարունակեց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Սյունիքի մարզում սևազգեստներ կան, Հունան Պողոսյանը պատասխանեց, թե պետք չէ իրավիճակը ծայրահեղացնել։ 

«Հանդերձանքի և Սյունիքում իրավիճակի առումով պետք չէ ծայրահեղացնել: Գունավոր հանդերձանք կրողներ էլ կարող են լինել, որոնք փորձում են իրենց վեր դասել օրենքից: Դուք փորձում եք այլ կերպ մեկնաբանել, բայց կարծում եմ, որ այդ ամենը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր փորձում են օրենքից վեր դասել իրենց: Սյունիքում նման մտահոգություն կա, այդպիսի խմբավորումներ չկան»,- ընդգծեց Հունան Պողոսյանը։

Մարզպետը նաև պատասխանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորերի վարքի վերաբերյալ լրագրողներին հարցին՝ ասելով. «Ես չգիտեմ, թե ովքեր են նրա մերձավորները, ի՞նչ է, այլ կե՞րպ պետք է իրենց պահեն։ Իհարկե ոչ։ Բոլորն օրենքի սահմանում են ու դեռ ավելին»։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: