12/09/2019

Ի՞նչ է կատարվում Վահե Ա. Հակոբյանի հետ. այլեւս հետամուտ չէ՞ «Սյունյաց երկրին» առնչվող իր վեց հայցից երեքի հարցում

Ի՞նչ է կատարվում Վահե Ա. Հակոբյանի հետ. այլեւս հետամուտ չէ՞ «Սյունյաց երկրին» առնչվող իր վեց հայցից երեքի հարցում

«Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի դեմ Քաջարանի կոմբինատի ղեկավարների (ներկայացուցիչների) 14 հայցից վեցի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ա. Հակոբյանն է:

Հայցադիմումների մեծ մասի քննությունը, ինպես նշել ենք մեկ այլ առիթով, թեւակոխել է ակտիվ փուլ:

Սակայն վերջերս պարզ դարձավ, որ Վահե Ա. Հակոբյանը (մեղմ ասած) այլեւս հետամուտ չէ իր վեց հայցից երեքի հարցում:

Անուշադրությամբ թողնված երեք հայցից մեկն առնչվում է թիվ ԵԴ/3676/02/19 քաղաքացիական գործին, որը «Սյունյաց երկիր» թերթի ս.թ. փետրվարի 5-ի խմբագրականը վիճարկելու խնդիր ուներ:

Այդ գործով պատասխանող էր ոչ միայն «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը, այլեւ «Գալա TV»-ի հիմնադիր «Չապ Քեմիքլ» ընկերությունը:

Վերջինս նույնպես լուսաբանել էր «Սյունյաց երկրի» մեքենայի հրկիզման փաստը:

Եվ այդ հրապարակումներում, ըստ հայցվորի, վիրավորական արտահայտություն էր տեղ գտել Վահե Ա. Հակոբյանի հասցեին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, վարույթ չէր ընդունել այդ հայցադիմումը (18.02.2019 թ.), իսկ Վահե Ա. Հակոբյանը չի բողոքարկել առաջին ատյանի դատարանի տվյալ որոշումը՝ փաստորեն հետ կանգնելով «Սյունյաց երկրի» խմբագրականը վիճարկելու մտքից:

Հաջորդ գործը, որ անուշադրության է մատնվել հայցվորի կողմից, թիվ ԵԴ/1003/02/19 քաղաքացիական գործն է:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տվյալ գործով հայցադիմումը եւ կից փաստաթղթերը 2019 թ. փետրվարի 4-ին վերադարձրել է հայցվոր Վահե Ա. Հակոբյանին:

Այդ գործով պատասխանողներ էին «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն, ինչպես եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, նաեւ «Արմդեյ. էյ էմ» ընկերությունը:

Տվյալ հայցադիմումով փորձ էր կատարվում վիճարկել 2018 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակված լրագրային մի հոդված՝ «Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր եւ իր կնոջ բիզնեսները» վերտառությամբ:

Սակայն հայցվոր Վահե Ա. Հակոբյանը չի վիճարկել թիվ ԵԴ/1003/02/19 գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. փետրվարի 4-ի վճիռը։

Լուսանցքը մղված (եթե կարելի է այդպես ասել) երրորդ հայցը, որքան էլ տարօրինակ է, դարձյալ առնչվում է 2018 թ. հոկտեմբերի 23-ի հրապարակմանը՝ «Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր եւ իր կնոջ բիզնեսները» (թիվ ԵԴ/6718/02/19 քաղաքացիական գործ):

2019 թ. մայիսի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել այդ հայցադիմումը:

Տվյալ գործով նույնպես պատասխանողներ էին «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն,  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն,  «Արմդեյ. էյ էմ» ընկերությունը:

Վերոնշյալ երեք հայցի ճակատագիրը, ինչպես եւ Վահե Ա. Հակոբյանի հարաբերական պասիվությունը, անշուշտ, նոր իրողության մասին են վկայում:

Ի՞նչ է, այնուամենայնիվ, կատարվում Վահե Ա. Հակոբյանի հետ:

Արդյո՞ք նա վերանայում է իր վերաբերմունքը Սյունիքի ու սյունեցիների հանդեպ՝ ընդունելով սեփական սխալները եւ բացթողումները, խոսքի ազատության դեմ Սյունիքում հայտարարված պատերազմի անհեթեթությունը, թե՞…

Ահա, թե ինչպես է նոր իրողությունը որակում Սամվել Ալեքսանյանը. «Մենք քրիստոնյա ենք, ուստի եւ գնահատելի, նույնիսկ դրվատելի կհամարեինք, եթե Վահե Հակոբյանը գոնե ուշացումով ընդուներ իր սխալները եւ առաջնայնություն տար խոսքի ազատությանը, համերաշխությանը, հանդուրժողականությանն ու դատապարտեր իր իսկ կատարածը «Սյունյաց երկրի» հանդեպ, սակայն…

Ըստ էության նա շարունակում է մնալ իր պատկերացումների տիրույթում, քանզի չի հրաժարվել մյուս երեք հայցից եւս: Ավելին, 2019 թ. ապրիլի 18-ին նա պարտություն կրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (թիվ ԵԿԴ/3404/02/17 քաղաքացիական գործ), բայց գնաց Վերաքննիչ՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի վճիռը, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

Այդ հայցով պատասխանողներ են հայտնի բնապահպան Արթուր Գրիգորյանը, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն:

Այնպես որ՝ Վահե Հակոբյանը ոչ թե հրաժարվում է հայցերից, այլ գնում է մինչեւ վերջ, եթե, իհարկե, հաղթելու մի փոքր շանս է ունենում:

Ինչ վերաբերում է նշված երեք գործից հրաժարվելուն, ապա դա նշան է այն բանի, որ ինքն անիմաստ է համարում պայքարը՝ համոզված լինելով տվյալ հայցադիմումների անհեթեթության մեջ: Եվ, ի վերջո, ոչ թե ինքն է հրաժարվել իր իսկ հայցերից, այլ մերժում է ստացել դատարանում»:

«Սյունյաց երկիր»




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: