07/21/2019

Արծվանիկի դպրոցում անվանակոչություն էր

Արծվանիկի դպրոցում անվանակոչություն  էր

«Մայիսյան հաղթանակներ» շարքից Արծվանիկի միջնակարգ դպրոցում վերջերս կազմակերպվեց ցերեկույթ՝ «Վասն հայրենյաց» խորագրով: Միջոցառումը մի այլ խորհուրդ ուներ. կրթօջախի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը կոչել համագյուղացի, Արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, Սյունիքի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանի անվամբ: Դպրոց էին այցելել Արարատ Մանուչարյանի  մարտական ընկերները, այդ թվում՝ 97-րդ մոտոհրաձգային բրիգադի գումարտակների հրամանատարներ, ազատամարտիկի հարազատները, նրա 93-ամյա հայրը՝ գյուղի հայրենագիտական թանգարանի տնօրեն Էդվարդ Մանուչարյանը, համագյուղացիներ, մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչներ: 

Մարտական ընկերները դրվագներ հիշեցին իրենց զինակցի անցած մարտական ուղուց, նաեւ հարգանքի տուրք մատուցեցին սահմանների պաշտպանության մարտերում ընկած իրենց մարտական ընկերների հիշատակին: Հանդիպմանը գնդապետ Արարատ Մանուչարյանը ռազմահայրենասիրական դաս անցկացրեց՝ նաեւ պատասխանելով դպրոցականներին հետաքրքրող հարցերին: Վերջիններս հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով՝ հընթացս ներկայացնելով մերօրյա ազատամարտի դրվագները, մասնավորապես բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Անդրադարձ եղավ Մայիսյան հաղթանակների (Ավարայր, Սարդարապատ, Շուշի) խորհրդին:

Կրթօջախի տնօրեն Լուսինե Հարությունյանը նշեց, որ Արարատ Մանուչարյանի անունով դասասենյակ կոչելն ինքնանպատակ չէ, նրա ավանդը մեծ է թե՛ հայրենի գյուղի բարգավաճման, թե՛ մեր պատմական հայրենիքի հողերն ազատագրելու, թե՛ մերօրյա բանակաշինության գործում: Եվ մինչեւ օրս էլ նա բանակի կողքին է ու իր տղամարդկային ոգով, շիտակությամբ օրինակ է ծառայում շրջապատին: 

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցողները գնահատեցին այն փաստը, որ Արցախյան պատերազմում մնայուն հետք թողած զինվորականը գնահատվում է կենդանության օրոք: 

Արարատ Մանուչարյանին հանձնվեց Սյունիքի մարզի ազատամարտիկների վետերանների միության «Վարդան Մամիկոնյան» մեդալ, իսկ կրթօջախի տնօրեն Լուսինե Հարությունյանն արժանացավ Սյունիքի զինկոմի պատվոգրին` մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: