07/24/2019

Բակունցյան ընթերցումներ. հանրապետական գիտաժաղով Գորիսի պետական համալսարանում

Բակունցյան ընթերցումներ. հանրապետական գիտաժաղով Գորիսի պետական համալսարանում

Հունիսի 13-ին լրացավ հայ արձակի մեծանուն վարպետ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Գրական հոբելյանի առթիվ հունիսի 14-ին Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հոգեւոր եւ նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին գիտության հինգ դոկտորներ, մեկ տասնյակից ավելի գիտության թեկնածուներ, հետազոտողներ  ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից, պատմության ինստիտուտից, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից, Երեւանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, Հայաստանի ազգագրության թանգարանից, Կրթության ազգային ինստիտուտից, Արցախից, ինչպես նաեւ Գորիսի պետական համալսարանից:

Գիտաժողովին ներկա էին նաեւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսք ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Ողջունելով հյուրերին ու գիտաժողովի մասնակիցներին գրական տոնի առթիվ՝ նա նշեց, որ գիտաժողովի նպատակը Ակսել Բակունցի ստեղծագործության նորովի արժեւորումն է, այնպիսի հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտա քննարկելու գիտատեսական նոր հարցադրումներ՝ կապված մեծանուն արձակագրի գրական ժառանգության ուսումնասիրության հետ: Նա կարեւորեց զեկուցումների թեմատիկ բազմազանությունը, ոչ միայն գրականագետների, այլեւ պատմագետների, բանագետների ու ազգագրագետների մասնակցությունը գիտաժողովին՝ Բակունցի ստեղծագործության հարուստ շերտերը բացահայտելու եւ գիտական նորույթներ բացահայտելու նպատակադրումով:

Զեկուցումները հատկանշելի էին գրողի ստեղծագործության նոր հատկանիշների բացահայտումով, խորքային, հետաքրքիր դիտարկումներով: Զեկուցողները փորձեցին նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործական ու անձնային կողմերը, արժեւորել նրա ուրույն կենսազգացողությունը, արձակի գեղարվեստականության չափանիշները, լեզվի ու ոճի զարգացման ընթացքը, կենսական երեւույթների խորքային ընդգրկման, ավանդականի ու նորարարականի բարձրարվեստ համաձուլման գրական ու գրականագիտական ձիրքը:

Զեկուցումներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը (Ակսել Բակունցը 1930-ական թթ. գրապայքարի բովում), բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը (Ռոստոմ Թումանյանի կերպարը Ակսել Բակունցի ստեղծագործության մեջ ), բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Թամար Հայրապետյանը (Ակսել Բակունցի ստեղծագործության ժողովրդագիտական եւ մշակութաբանական հենքը), բանասիրական գիտությունների դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանը (Հայերենի բարբառները Բակունցի ստեղծագործություններում), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը (Ակսել Բակունցը Գորիսի ծխական դպրոցի աշակերտ) Արցախի պետական արխիվի վարիչ Լեռնիկ Հակոբյանը (Գաղթականի կերպարը Բակունցի ստեղծագործության մեջ), ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը (Հայկական տարազի ու զարդարանքի արտացոլանքն Ակսել Բակունցի երկերում), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ղազարյանը (Ակսել Բակունցի դերը հայ-ադրբեջանական սահմանների ճշտման  խնդրում(1920-ական թվականներ), ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նարինե Շամամյանը («Յար խուշտա» պարի վկայություններն Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքում), ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սիրանույշ Առաքելյանը (Ակսել Բակունցը «Խաչատուր Աբովյան» վեպի շուրջ), բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը (Ակսել Բակունցը եւ Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան»), անասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Մանուչարյանը (Դարձվածային միավորներն Ա.Բակունցի «Կարմրաքար» վեպում), պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը («Ակսել Բակունցն անխարդախ ժողովրդայնության առաջամարտիկ խորհրդահայ գրականության մեջ» աշխատությունը), Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանը (Ա. Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքի բառապատկերային շերտերը), հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Հախվերդյանը (Ա. Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքի հոգեբանական վերլուծություն),  ԳՊՀ ՄՀ ամբիոնի դասախոսներ Նելլի Բաղդագյուլյանն ու Հերմինե Ալավերդյանը (Գեղագիտական դաստիարակության դրսեւորումներն Ա.Բակունցի ստեղծագործություններում), Կարինե Միրաքյանը (Ա.Բակունցի ստեղծագործությունների մանկավարժական-դաստիարակչական նշանակությունը): Գիտաժողովին հեռակա մասնակցություն էին բերել բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը (Տեսիլը Ակսել Բակունցի պատմվածքներում),  բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Հովհաննիսյանը (Գունային խորհրդանիշները Տերյանի եւ Բակունցի ստեղծագործություններում), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը (Պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի ներդրումը բակունցագիտության բնագավառում) եւ ուրիշներ:

Գիտաժողովն ընթացավ լիագումար երկու նիստերով, որոնք նախագահում էին համալսարանի պատվավոր հյուրերը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Դավիթ Գասպարյանն ու Վանո Եղիազարյանը: Գիտաժողովի փակմանը ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանի շնորհակալական խոսքից հետո նիստերի նախագահողները ներկայացրին իրենց տպավորությունները՝ բարձր գնահատելով զեկուցումների գիտականությունը, արդիականությունը, գիտաժողովի կազմակերպչական մակարդակը:

Ելույթ ունեցավ նաեւ ԳՊՀ գիտական քարտուղար, գիտաժողովի կազմակերպիչ Թեհմինա Մարությանը՝ նախնական մանրամասներ ներկայացնելով Ակսել Բակունցի հոբելյանական միջոցառումների շրջանակում Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում ԳՊՀ-ԱԵԳՄՄ շրջանակներում հայտարարված շարադրության մրցույթի արդյունքների մասին: Այդ առթիվ Գորիսի պետական համալսարանում կկազմակերպվի մրցանակաբաշխություն, որին կհրավիրվեն բոլոր մասնակիցները:

Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված գիտաժողովը Բակունցի ստեղծագործության գնահատությունը եւս մեկ էջով լրացնելու փորձ էր, որը կլինի շարունակական:

Նոննա Միրզոյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: