07/24/2019

«Սյունյաց երկիրը» առասպելական Աղջկա բերդում

«Սյունյաց երկիրը» առասպելական Աղջկա բերդում

Խնձորեսկին նվիրված հատուկ համարի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են:Ենթադրվում է, որ մոտ 300 էջանոց (A 4 չափսի) այդ համարը կլինի «Սյունյաց երկրի»՝ մի քանի առումով նախադեպը չունեցող թողարկում:

Համարի նյութերը նախապատրաստելու ընթացքում կարեւոր խնդիր էր գյուղի տարածքին ծանոթանալը: Ու այդ նպատակով բազմաթիվ արշավներ կազմակերպեցինք:

Վերջին արշավը կոնկրետ առաքելություն ուներ՝ գտնել Աղջկա բերդը, որի տեղը հատուկենտ խնձորեսկցիներ գիտեն:

Դժվարին այդ խնդիրն իրականացնել կարողացանք հայրենի քարափների նվիրյալ Ժորա Ալեքսանյանի եւ Գրիշա Հարությունյանի աջակցությամբ:

Աղջկա բերդն ուրիշ անուններ էլ ունի՝ Կապույտ բերդ, Ղզղալա:

Աղջկա բերդը, ամենայն հավանականությամբ, այն ամրոցն է, որի մասին 19-րդ դարավերջին հիշատակում է Երվանդ Լալայանը Խնձորեսկում լինելուց եւ գյուղի ավագների պատմածը հիշելուց հետո:

Ահա՝ «Գորիսից մոտ 8 կմ հեռավորությամբ դեպի արեւելք, քերծերի մի խումբ կղզիանում է Բյուլբյուլաձոր, Քըմըխտաձոր, Չըռչռոտ, Ճալաչավլուկ, Սըռնոցի ձոր, Պըռշնոտ ձորերով, իսկ քերծերի բոլոր լանջերին էլ բնակության համար քարանձավներ են փորված… Քերծերի ամենաբարձր գագաթին հնումը մի ամրոց է եղել, որի հետքերն են այժմ մնացել»:

Դյուրին չէր Աղջկա բերդ հասնելը, մեկ-երկու անգամ նույնիսկ շփոթվեցինք ձորերում:

Այնտեղ գնացինք Հարամի հարթավայրով, ապա իջանք Թալակի ձոր եւ նորից իջանք, որից հետո թեքվեցինք ձախ:

Հսկայական այդ կիրճով մի գետակ է հոսում. դա Հին Խնձորեսկի 16 աղբյուրների ջրերի խառնուրդն է, որն անցնում է Աղջկա բերդի ստորոտով՝ հարավում միախառնվելով Որոտանին:

Աղջկա բերդը սովորական ամրոց չէ եւ չի տեղավորվում միջնադարյան բերդ-ամրոցների մասին դասական ձեւակերպումների եւ մեր պատկերացումների մեջ: Դա բնական, նաեւ ձեռակերտ ամրոցների մի ամբողջություն է, որի կենտրոնում՝ բարձրադիր վայրում (քերծերի գագաթին) միջնաբերդն է, որին էլ Աղջկա բերդ են անվանում:

Բերդ-ամրոցների արեւմտյան կողմն ուղղաձիգ եւ հսկայական ժայռ է, որը թույլ կապույտ գույն ունի: Մեր լուսանկարիչ Սոնա Արզումանյանը, ով գեղանկարչի մասնագիտությունը յուրացնելու ճանապարհին է, համաձայնեց մեզ հետ, որ բնության մեջ հազվադեպ հանդիպող այդ գույն-երեւույթի պատճառով է հավանաբար բերդը Կապույտ բերդ կոչվում նաեւ:

Բերդ-ամրոցների արեւելյան պատնեշը նույնպես ուղղաձիգ ժայռերի շղթա է, որի միջով, որքան էլ անհավատալի է, ջրանցք էր կառուցված կամ ոռոգիչ առու։Իսկ կիրճում բազմաթիվ կառույցներ կան՝ քարանձավներ, թոնիրներ, պահոցներ, գաղտնարաններ, սառնարաններ… 

Բուն միջնաբերդը հյուսիսային եւ հատկապես հարավային ու արեւմտյան մասերից անմատչելի է մարդու համար:

Միջնաբերդ կարելի է մտնել միայն հյուսիս-արեւելյան մասից, որն ամրացված է հաստ եւ ամրակուռ պատով (հղկված քարերով շարված ու առ այսօր կանգուն)։

Դիտարկելով բերդ-ամրոցների այդ համալիրի ամբողջական տարածքն ու կառուցվածքը, կարելի է ստույգ արձանագրել, որ Աղջկա բերդը դարեր շարունակ եղել է Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի հարավ-արեւելյան դարպասը:

Դժվար թե որեւէ ասպատակ կարողանար հաղթահարել ամրոցների այդ շղթան եւ ներխուժեր Հաբանդ, ապա եւ Ծղուկ:Իսկ վերջում…

Վերջում չէինք կարող որերրորդ անգամ չխոնարհվել մեր սուրբ նախնիների հիշատակի առջեւ:

Որքա՜ն հզոր ու երկրաշեն են եղել, որքա՜ն նվիրյալ են եղել ու արժանապատիվ, որքա՜ն ամուր են կապված եղել իրենց բնօրրան-եզերքի հետ, որքա՜ն բուռն ու անկեղծ են սիրել իրենց հողն ու ջուրը, որ նման ամրոցներ են կառուցել՝ հանուն հայոց լինելիության…

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Սոնա Արզումանյանի

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: