11/19/2019

Երկամյա ընդմիջումից հետո անցկացվեց «Միսս եւ միստր Կապան» մրցույթ-փառատոնը

Երկամյա ընդմիջումից հետո անցկացվեց «Միսս եւ միստր Կապան» մրցույթ-փառատոնը

Երկամյա ընդմիջումից հետո տասներեքերորդ անգամ անցկացվեց գեղեցկության, նորաձեւության, տաղանդի «Միսս եւ միստր Կապան-2019» մրցույթ-փառատոնը, որ միշտ էլ աշխուժություն եւ ոգեւորություն է առաջացնում փոքրիկ գեղեցիկ-գեղեցկուհիների եւ նրանց ծնողների շրջանում։ Հուլիսի 11-ին Կապանի մշակույթի կենտրոնի բեմահարթակում կրկին մանուկների շքահանդես էր։ Մինչ մրցույթը սկսելը ցուցադրվեց տեսաֆիլմ, որն ամփոփում էր փառատոն-մրցույթի անցած 13-ամյա ուղին։ Իսկ այն տեղեկացնում էր, որ «Միսս եւ միստր Կապանը» ոչ միայն դարձավ ավանդական, այլեւ ընդլայնեց իր աշխարհագրությունը, իր պատվիրակներն ունեցավ հանրապետական նմանատիպ մրցույթ-փառատոներում։ «Միսս եւ Միստր» փառատոն-մրցույթի մարզը ներկայացնող տարբեր տարիքի երեխաները մասնակցել են հանրապետական մրցույթների  եւ եզրափակիչ «Գալլա» համերգների` շահելով «Միսս Հայաստան», «Միստր Հայաստան», «Վիցե միսս Հայաստան» մրցանակները։ Միջազգային արենայում էլ մրցանակներ նվաճելը չուշացավ, որով կապանցի մանուկները ոչ միայն բարձր պահեցին Կապանի, այլեւ հանրապետության պատիվը։

Այս անգամ փոքրիները մրցեցին տարիքային երեք խմբով. նախ հանդես գալով գեղաքայլով (դեֆիլե), այնուհետեւ ներկայացնելով ազատ ոճի պարեր, իսկ վերջում ցուցադրեցին դասական ոճը եւ դասական պարը։ Ի վերջո մրցույթ-փառատոնը պատեհ առիթ էր գեղեցիկի հետ հաղորդակցվելու, մանկության հեքիաթի հրաշք զգացողությունը վերապրելու առումով, ինչն արտահայտվում է թե՛ փոքրիկների ելույթներով, թե՛ հանդիսատեսների ոգեւորիչ բացականչություններով։ Իսկ վերջում մրցույթ-փառատոնի հանձնախումբն ամփոփեց արդյունքները։ Բոլոր մասնակիցներին հանձնեցին ինչպես գլխավոր, այնպես էլ տարբեր անվանակարգերում սահմանված մրցանակներ։ Ավանդաբար անցկացվեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի խաղարկություն։

«Միսս եւ միստր» մրցույթի միջազգային կազմկոմիտեի Սյունիքի մարզի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը, ում ջանքերի նվիրումի շնորհիվ փառատոնը շարունակում է ընթացքը, ողջույնի խոսքում նախեւառաջ երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին, ում բարի կամեցողությամբ եւ հովանավորությամբ կապանցի հրաշամանուկների շքահանդեսն իրականություն դարձավ։ Ըստ արժանվույն գնահատվեց պարուսույց Էրիկ Քոչարյանի ավանդը` պարերի բեմադրմանը նպաստելու համար։ Նոնա Գալստյանը տեղեկացրեց, որ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը տեղի կունենա հուլիսի 15-ին մայրաքաղաքի «Վալենսիա» համալիրում, իսկ մրջազգայինը` աշնանը Թուրքիայի Բոդրում քաղաքում եւ համոզմունք հայտնեց, որ այդ ստուգատեսներում մասնակիցներ կունենա նաեւ Կապանը։

Դե իսկ այս անգամվա մրցույթ-փառատոնն ինչպես միշտ ավարտվեց տոնական հրավառությամբ եւ ջերմ շնորհավորանքներով, ինչպես նաեւ ավանդական տորթի համտեսով։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: