11/22/2019

«Իմ քայլը» խմբակցությունը ասուլիսով ամփոփեց նստաշրջանի աշխատանքները

«Իմ քայլը» խմբակցությունը ասուլիսով ամփոփեց նստաշրջանի աշխատանքները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ասուլիսով ամփոփեց յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ներկայացնում են խորհրդարանական վեց-յոթ ամիսների աշխատանքը և այն գերակա ուղղությունները, որոնք ունի խմբակցությունը մինչև տարեվերջ իրականացնելու համար։

Ասուլիսին ներկա էին ԱԺ մշտական հանձնաժողովների «Իմ քայլ»-ական նախագահները կամ փոխնախագահները, յուրաքանչյուրն իր հերթին ներկայացրեց իրենց հանձնաժողովների կատարած աշխատանքը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտեց՝ շատ են քննադատություններն իրենց հասցեին, սակայն իրենք կարևորում են այն ներքին ժողովրդավարությունը, որն ունեն խմբակցության անդամները, և որի բացակայության պայմաններում չի կարող լինել արտաքին ժողովրդավարություն։

«Եւ չնայած այն հանգամանքին, որ խմբակցության պատգամավորները երբեմն արժանանում են քննադատության տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, մեզ համար սա չափազանց կարևոր արժեք է: Եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է»,- նկատեց խմբակցության ղեկավարը:

Լիլիթ Մակունցը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտութան շրջանակներում կատարված աշխատանքները, հատկապես՝ ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ աշխատանքը:

«Նաև կարևորում եմ, թե այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես է իրականացրել վերահսկողական գործիքներից օգտվելու իր իրավունքը: Եվ այն ծավալով հանդիպումները, որոնք տեղի են ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների, նաև առանձին պաշտոնյաների հետ, դրա վկայությունն են»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովը 15 նիստ է գումարել, ԱԺ նախագահի կողմից հանձնաժողով է ուղարկվել 111 նախագիծ, որից 56-ը ամբողջությամբ ընդունվել է։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովը ակտիվ հանդիպումներ է իրականացրել միջազգային կառուցների հետ։ Քոչարյանը կարևորեց հանձնաժողովում ձևավորված 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը։ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը առաջին նախապատրաստական փուլն անցնել է, և աշնան առաջին ամսին օրակարգը շատ հագեցած է լինելու։

Դիտարկմանը, որ սոցցանցում և քաղհասարակության շրջանում շատ է քննադատվում այն, որ երեկ դատավոր Նախշուն Տավարացյանը երդվել է որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ չնայած նրան, որ ընտրվել էր մեկ տարի առաջ, ապա հրաժարականի դիմում ներկայացրել, ինչպես է ԲԴԽ-ն նման պայմաններում դատավորներին վեթինգի ենթարկելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«ԲԴԽ-ն առաջինն ինքն է անցնելու վեթինգի գործընթաց՝ անկախ նրանից, թե անդամներն ում կողմից են առաջադրվել։ Ես միանշանակ համաձայն եմ, որ իրենք պետք է անցնեն այդ գործընթացը։ Կարող եմ ասել նաև, որ մտահոգիչ է այն արձագանքը, որ տեսնում ենք քաղհասարակության կողմից անդամի երդման համար»։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով էլ՝ դատավորի բարեվարքության ստուգումը (վեթինգ) շարունակական գործընթաց է, որը պետական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց նկատմամբ պետք է իրականացվի։

«Այո՛, կա հնարավորություն, որ այդ մարմինը նախապատրաստի գործընթաց և անցնի ինքնամաքրման ճանապարհով։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի ձևավորմանը, գիտեք, այն եզակի մարմին է, որը երկու կառույցների կողմից է ձևավորվում՝ խորհրդարանի և դատավորների ընդհանուր ժողովի։ Մենք ԲԴԽ-ում փորձել ենք այնպիսի թեկնածուներ ներկայացնել, որոնք վայելում են բոլոր խորհրդարանական խմբակցությունների աջակցությունը՝ դրանով բարձրացնելով այդ մարմնի նկատմամբ հանրային վստահությունը»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք իրավունք չունեն ներխուժել ԲԴԽ-ի ներքին հարցերի մեջ, քանի որ այդ կերպ կխախտեն մի շարք սահմանադրական նորմեր։

«Բայց զարմանալի է ընտրվելուց մեկ տարի անց երդմնակալության արարողությունը՝ այն պարագայում, երբ նա նախկինում հրաժարականի դիմում էր ներկայացրել, սա իմ համար անհասկանալի էր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ (Վահե Գրիգորյանը համարում է, որ ՍԴ-ում երկու ընտրված դատավոր կա, մյուսները միայն ՍԴ անդամներ են, և թափուր տեղերը պետք է համալրել), Լիլիթ Մակունցն ասաց.

«Այն, որ մասնագիտական տիրույթում ոչ միանշանակ վերաբերմունք կա, ուրեմն խնդրի հետ գործ ունենք, խնդրին լուծում պետք է տրվի, բայց չեմ կարող հստակ պնդել, որ խմբակցությունը հստակ դիրքորոշում ունի հանգուցալուծման վերաբերյալ»։

Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ այն մարդը չէ, որ կարող է հարցի վերաբերյալ քաղաքական մեկնաբանություններ հնչեցնել։ Վահե Գրիգորյանի նամակը պետք է իրավական տեսանկյունից ուսումնասիրվի, այն ուսումնասիրվում է, և կլինի անդրադարձ։

Հարցին՝ Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ բոլոր տեսակի մեկնաբանություններ կարող են լինել։

«Պարզապես ՍԴ-ն երեք ռեժիմի ընտրված անդամներ են կամ դատավորներ՝ և՛ տարիքային ցենզի հետ կապված, և՛ պաշտոնավորման ժամկետի հետ կապված որոշակի սահմանափակումներ կարող են լինել, բայց նույն սկզբունքով չի ձևավորվել։ Այս պահին անցումային փուլում ենք, և կարևոր է հասկանալ, որ այս խնդիրը ԱԺ-ի խնդիրը չէ, դա ՍԴ-ին և դատական իշխանությանը վերաբերող հարց է»,- ասաց նա։ 

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: