08/21/2019

Աբսուրդ է. երեխան 7 տարի խոսում, 12 տարի գրում, կարդում և խոսում է հայերեն, հետո ստուգում և ասում ենք՝ հայերենից անբավարար գիտելիք ունես. ԳԹԿ փոխտնօրեն

Աբսուրդ է. երեխան 7 տարի խոսում, 12 տարի գրում, կարդում և խոսում է հայերեն, հետո ստուգում և ասում ենք՝ հայերենից անբավարար գիտելիք ունես. ԳԹԿ փոխտնօրեն

Քննություններն ընթացել են ընդունելության կարգի պահանջներին համապատասխան, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով քննությունների արդյունքները՝ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Արտառոց ոչ մի բան կամ կարգից դուրս որևէ բան տեղի չի ունեցել, եթե չհաշվենք դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների, ծածկագրերի օգտագործումը», - ասաց Նասիբյանը։
Նա նշեց, թե հիմնական փուլի մրցույթի արդյունքները ԳԹԿ-ն տրամադրել է բուհերին, բուհերը դրանք տեղադրել են իրենց կայքերում։
Եղել են նաև բողոքարկումներ։ Դրանց առյուծի բաժինը, Կարո Նասիբյանի խոսքով, ընկել է հայոց լեզու և հայ գրականության և քիմիայի միասնական քննությանի թեստերին։

«6000 դիմորդից 180 դիմում-բողոք է ստացվել, դրանց ճնշող մեծամասնությունը խնդրանք է եղել։ Եղել են բողոքներ նաև թեստի վերաբերյալ՝ մինչև դրա բովանդակությանը ծանոթանալը։ Տարածեցին, թե իբր հայոց լեզու և հայ գրականություն առարկայի թեստի առաջադրանքները կազմված են եղել շտեմարաններից դուրս առաջադրանքներից, սակայն ԳԹԿ մասնագետներն առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որտեղից կազմված են եղել դրանք։ Շտեմարաններում պատասխանների տեղերը փոխվեցին և անգիրները չաշխատեցին։ Դա էր պատճառը, որ այս տարի հայոց լեզու և հայ գրականություն առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ՝ քննություն հանձնողների 19.6 տոկոսը», - տեղեկացրեց ԳԹԿ փոխտնօրենը։

Կարո Նասիբյանն ասաց, թե տարիներ շարունակ հայոց լեզու առարկայի դասաժամերն անընդհատ կրճատվում են.

«Ինքս եղել եմ ուսուցիչ, և եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 55 դասաժամ, այսօր տրվում է ընդամենը 20 դասաժամ։ Թեմաներ կան, որ ընդամենը մեկ դասաժամով ուսուցիչը պետք է ավարտի։ Սա լուրջ խնդիր է և լուրջ քննարկման նյութ։ Կարծում եմ, որ կրթության կառավարման մարմինը շատ արագ կանդրադառնա այս հարցին։ Չի կարելի, որ երեխան 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի հայերերն, ու հետո ստուգենք և ասենք, թե դու անբավարար գիտելիք ունես հայերենից։ Սա աբսուրդ է»։

4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162 դիմորդ։

Նասիբյանն ասաց, թե ամենաբարձր միավորները՝ 19-20, դիմորդները ստացել են օտար լեզու առարկայից։

Միասնական քննությունների մեկնարկը տրվել է հունիսի 4-ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և հայոց պատմություն առարկաներով և ավարտվել հուլիսի 8-ին՝ հայոց պատմություն և քիմիա առարկաներով։

aysor.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: