08/22/2019

Սևանում այս պահին չկա այնպիսի տարածք, որտեղ չի կարելի լողալ. Սասուն Միքայելյանը ճանապարհ չի փակի

Սևանում այս պահին չկա այնպիսի տարածք, որտեղ չի կարելի լողալ. Սասուն Միքայելյանը ճանապարհ չի փակի

Օրեր առաջ Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին , որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:
Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է: Բողոքողների հետ հանդիպման էր գնացել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով վերջիններիս խոստացավ, որ եթե մինչեւ չորեքշաբթի քաղաքացիների պահանջը չկատարվի և այդպիսի հայտարարությունը չարվի, նա կմիանա ցուցարարներին:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱՆ-ն իր հայտարարության մեջ չի նշել, թե ամբողջ Սևանա լիճը վտանգավոր է.«Հայտարարության մեջ նշված է՝ հատկապես որ հատվածներն են ռիսկային: Խոսք չի գնում ամբողջ լճի մասին»:

Այսօր էլ ԱՆ Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է նախարարության հետազոտություններով:

Մեր այն հարցին, թե ո՞ր երկու տարածքներում դեռ կան շեղումներ, Նիկողոսյանն ասաց.«Այդտեղ այնքան չնչին են շեղումները, որ լողալ կարելի է, նույն ռիսկը չի պարունակում, ինչ՝ նախկինում»: Ճշտող հարցին՝ Սևանում այս պահին չկա՞ այնպիսի տարածք որտեղ չի կարելի լողալ, մամուլի խոսնակն ասաց, որ՝ ոչ:

Անյուտա Աթանեսյան

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: