08/21/2019

Նարեկ Ամբարյանի փաստաբան Արամայիսը տեղյա՞կ է, թե ինչպես է հրկիզվել «Սյունյաց երկրի» ավտոմեքենան

Նարեկ Ամբարյանի փաստաբան Արամայիսը տեղյա՞կ է, թե ինչպես է հրկիզվել «Սյունյաց երկրի» ավտոմեքենան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վեց դատավոր, արդեն մեկ տարի շարունակ, զբաղված են այն քաղաքացիական գործերի քննությամբ, որ հարուցել են Քաջարանի կոմբինատի ղեկավարներն՝ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի: 

Երեկ՝ հուլիսի 16-ին, մեկնարկել է թիվ ԵԴ/12226/02/18 գործի դատաքննությունը (քննվում է կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հայցը): 

Հայցվորի փաստաբան Արամայիս Մելքոնյանն այդ նիստում գրեթե սենսացիոն հայտարարություն է արել՝ տվյալ գործին որեւէ առնչություն չունեցող: 

Փաստաբանը հայտարարել է, թե խմբագրության մեքենան ինքնահրկիզվել է:

Եվ այդ հայտարարությունն այն տեսանյութի ֆոնի վրա, որտեղ պարզորոշ երեւում է, թե ինչպես է ոմն ենիչերի 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան հրկիզում խմբագրության ավտոմեքենան: 

Դատական նիստի ընթացքում փորձեցինք այդ կապակցությամբ ճշտող հարցեր ուղղել փաստաբանին, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց՝ հայտարարելով, թե դա քննվող քաղաքացիական գործի հետ առնչություն չունի, թեեւ րոպեներ առաջ չէր ընդհատել (արգելել) հայցվորի ներկայացուցչին՝ անելու նման հայտարարություն:

Այսօր՝ հուլիսի 17-ին, դիմում ենք հղել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչին (ում վարույթում է գտնվում մեքենան հրկիզելու առիթով հարուցված քրեական գործը)՝ միջնորդելով, որ փաստաբան Արամայիս Մելքոնյանը տվյալ քրեական գործով հարցաքննվի, քանի որ նա՝ հուլիսի 16-ի հայտարարությամբ, ակնհայտորեն ցույց է տվել, որ տեղեկություններ ունի խմբագրության մեքենան հրկիզելու մասին:

Քննիչին ներկայացվել է մեկ այլ խնդրանք եւս՝ փաստաբան Արամայիսի հաղորդած տեղեկությունն իր անձնակա՞ն տեղեկությունն է, թե՞ իր վստահորդ Նարեկ Ամբարյանից ստացած տեղեկությունը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: