08/21/2019

«Air Moldova»-ի 164 ուղեւորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. հայ օդաչուների շնորհիվ այն հաջող վայրէջք է կատարել

«Air Moldova»-ի 164 ուղեւորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. հայ օդաչուների շնորհիվ այն հաջող վայրէջք է կատարել

Մոլդովական «Air Moldova» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռի անձնակազմը հուլիսի 16-ին Մոսկվա-Քիշնեւ չվերթի ժամանակ հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչն ու վերադառնալ Մոսկվա:

Քաղավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավը բարեհաջող վայրեջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, օդանավում եղել են 164 ուղեւոր եւ 3 երեխա, նաեւ 6 հոգի ինքնաթիռը սպասարկող անձնակազմից:

Օդանավը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում եւ շահագործվում է Մոլդովական «Air Moldova» ավիաընկերության կողմից:

Խոսքը «Atlantis European Airways» ավիաընկերության EK-32002 գրանցումով օդանավի մասին է, որը վարձակալական հիմունքներով շահագործվում է Մոլդովայում:

Նշենք, որ օդանավի անձնակազմի անդամները հայեր են եղել, որի մասին ՔԱԿ հաղորդագրության մեջ չի նշվում:

Միջադեպի առնչությամբ ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը, ով զբաղվում է ավիացիոն ոլորտի խնդիրներով նշել է. «Այս փաստը նորից ապացուցում է, որ մեր օդաչուները բարձր որակավորում ունեն: Ամեն ինչ կանեմ, որ նրանք հայկական ավիաընկերությունում աշխատեն եւ իրենց որակի օդաչուներ պատրաստեն Հայաստանի համար»:

Նկատենք, որ flightradar24.com-ում երեւում է, որ Մոսկվայից օդա բարձրանալուց հետո օդանավը սկսել է պտտվել «Դոմոդեդովոյից» մի քանի կմ հեռավորության վրա, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Մոսկվա:

Այս օդանավը կառուցվել է 1997 թվականին, այն եղել է «Արմավիայի» հաշվեկշռում: Այժմ օդանավը գրանցված է «Atlantis European Airways»-ի անվան տակ, որն իր օդանավերը վարձակալությամբ հանձնում է այլ օպերատորների:

Hetq.am-ի փոխանցմամբ, սա առաջին նման միջադեպը չէ, որի մեջ հայտնվում է այս օդանավը: 2017 թ. հուլիսի 2-ին հունական Կրետե կղզու Իրակլիո քաղաքից դեպի Քիշնեւ ուղեւորվող EK-32002-ը թռիչքի մեկնարկից շատ չանցած վերադարձել էր կղզի, որի պատճառը եղել էր տեխնիկական անսարքությունը:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: