08/21/2019

Հայաստանի 67 բուժհաստատությունում իրականացվում է 0-18 տարեկանների անվճար բուժսպասարկում

Հայաստանի 67 բուժհաստատությունում իրականացվում է 0-18 տարեկանների անվճար բուժսպասարկում

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը համարում է, որ 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային անվճար բուժօգնության տրամադրման հետ կապված քայլն աննախադեպ էր։ Նա այս մասին թեմայով խոսել է Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման շրջանակում։

Նախկինում պետպատվերով ծառայություն ստանալու գործընթացը բավական երկար էր, սակայն այսօր միայն այն փաստը, որ քաղաքացին 0-18 տարեկան է, արդեն բավարար է, որ նա ստանա համապատասխան բուժօգնություն։

«Մինչև այսօր երեխաների անվճար բուժօգնության իրականացման համար առանձնացված են եղել շահառումների խմբեր, որոնցից ամենամեծ խումբը դա 0-7 տարեկան երեխաներն էին, ինչպես նաև 7-18 տարեկան որոշ խոցելի խմբեր։ Սակայն հուլիսի 4-ից սկսած շուրջ 67 բժշկական հաստատություններում, որոնք իրականացնում են պետական պատվերով մանկաբուժական ծառայություններ, ամբողջ ծավալով իրականացվում է անվճար բուժսպասարկում, այդ թվում՝ նորագույն թանկարժեք սարքավորումներով», - նշում է Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հատուկ դժվարամատչելի հետազոտությունները 2 մասի են բաժանվում․ մեկը դա ընդհանուր փաթեթն է, որն իրենից ներկայացնում է ընդհանուր բնույթի թերապևտիկ բուժօգնությունը, մյուսը՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող բուժօգնությունն է։ Ընդհանուրի մեջ մտնում են 65 տեսակի հետազոտություն, որոնք արդեն իսկ պետպատվերով են իրականացվում 0-18 տարեկանների համար։ Իսկ նորագույն տեխնոլոգիաներ ասելով՝ հասկանում ենք, օրինակ՝ տարբեր տեսակի լազերային վիրահատությունները, միջամտությունները և այլն։

Ըստ Վարդանյանի՝ եթե մենք ցանկանում ենք ունենալ որակյալ առողջապահություն, ապա առնվազն միջին ստանդարտներով ֆինանսական հոսքեր պետք է լինեն առողջապահությունում, առանց դրանց խոսել որակի մասին առնվազն թղթային է։

«Կան որոշ հաստատություններ, որոնք ունեն սահմանափակ բյուջե, և նրանց հետ պայմանագիր է կնքվում։ Այն, որ երբեմն բուժհաստատություններում շրջանառվում է, թե պետպատվերի տեղերը վերջացել են, դա այդ սահմանափակ բյուջեի առկայության հետևանքն է։ Պետության կողմից իրականացվող քայլերը հիմա միտված են, որ նմանատիպ դեպքեր չլինեն կամ գոնե հասցվեն նվազագույնի», - ընդգծում է ԱՆ գործակալության պետը։

Բանախոսը նշում է, որ շուրջ 2 մլրդ դրամ է նախատեսված նաև մի շարք բժշկական կազմակերպություններում վերանորոգումներ իրականացնելու, վերազինելու համար։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: