08/22/2019

Սևակասերները կարող են տեսնել, թե որտեղից է դուրս եկել Պարույր Սևակը

Սևակասերները կարող են տեսնել, թե որտեղից է դուրս եկել Պարույր Սևակը

Սևակասերներն այս տարի արդեն կարող են սեփական աչքերով տեսնել այն տունը, որտեղ ապրել է Պարույր Սևակը՝ մանկության ու պատանեկության տարիներին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը նշեց, որ երկար ժամանակ է, ինչ այդ գաղափարն ունեցել է, ուղղակի եղել են մի շարք խանգարող հանգամանքներ.«Եղանակային պայմանները լավը չէին, ներսում վերականգնողական աշխատանքներ կային անելու: Գարնանը բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարեցինք և մայիսից նախագիծը սկսեց»:

Ղազարյանը նշեց, որ այցելուներից շատ դրական արձագանքներ է ստացել.«Քանի որ տունը երկու առումով է յուրահատուկ: Այցելուները կարողանում են տեսնել, թե որտեղից է դուրս եկել Պարույր Սևակը: Եվ բացի սևակյան թեմայից, մարդիկ տեսնում են այդ ժամանակվա հայ գյուղացու վիճակը: Տունը, թե ներսից, թե դրսից ամբողջությամբ պահպանված է»:

Բանաստեղծի թոռը նշեց, որ իր հայրը մշտապես ուշադիր է եղել տան նկատմամբ.«Տունը քանի որ կավաշեն է, խոցելի է ձնից և անձրևից, այդ պատճառով տան համար երկաթյա թիթեղներով տանիք է պատրաստվել, որպեսզի տունը պաշտպանվի հնարավոր բոլոր վատ գործոններից»:
Հարցին՝ հիմնականում ո՞ր տարիքի մարդիկ են այցելում թանգարան և արդյոք տուրիստները հետաքրքրվա՞ծ են թանգարանով, Սևակ Ղազարյանը պատասխանեց.«Մեզ մոտ թանգարանային համալիր է, որը բաղկացած է տուն-թանգարանից, այգուց, որը Սևակը հենց ինքն է տնկել և մարդիկ հիանում են այդ այգով, քանի որ այն Սևակի ստեղծագործություններից մեկն է: Կա Սևակի ձեռքով պատրաստված տունը, որտեղ այցելուները չեն կարող մուտք գործել, քանի որ ներսը նույնությամբ պահպանված չէ, բայց կարողանում են տեսնել այն, պտտվել դրա շուրջ: Եվ արդեն ավելացավ հին տունը, որն էլ տանում է դեպի պատմություն: Այս ամենը, իմ կարծիքով, բոլոր տարիքային խմբերին էլ հետաքրքրում է: Մինչև մայիս ամենից շատ այցելում էին դպրոցականներ, բայց այժմ նաև մեծահասակների խմբերն են շատ: Կան նաև շատ տուրիստներ»:

Սևակ Ղազարյանը նշեց, որ ցանկանում են համագործակցել տուր օպերատորների հետ.«Ներգնա տուրիզմի մեջ մեր թանգարանը, օրինակ՝ Տաթևի կամ Արցախի զբոսաշրջային հոսքերի մեջ գրեթե ներգրաված չէ: Ներգրաված է Նորավանքի, Ջերմուկի և Արենիի հոսքերի մեջ, և մենք փորձում ենք ընդգրկվել նաև այդ երթուղիների մեջ»:

Անյուտա Աթանեսյան

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: