12/08/2019

«Սյունյաց երկիրն» այցելեց Բաղաց աշխարհի սրբազան լեռ՝ Խուստուփ

«Սյունյաց երկիրն» այցելեց Բաղաց աշխարհի սրբազան լեռ՝ Խուստուփ

Աշխարհի գեղատեսիլ լռնագագաթներից մեկին՝ Խուստուփին, հաղորդվելու, նաեւ լեռնագագաթին ու մերձակա լեռնաստանին ծանոթանալու համար հուլիսի 26-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Մարիամ Սարգսյան, Գայանե Բաղդասարյան) բռնեց այդ լեռնագագաթ տանող ճանապարհը: Խուստուփը գտնվում է Բաղքի, Կովսականի, Ձորքի եւ Արեւիքի կենտրոնում:

Խուստուփը Բաղաց աշխարհի սրբազան սարն է, որի լանջերին եւ ստորոտում գտնվում են Հալեձոր, Նապատ, Սիսքար, Սիսկերտ, Կռոզան, Վաժնատուք, Փառուարտա դիցարանները:

 ***

Կապանից դուրս եկանք վաղ առավոտյան… 

Ծավում մեզ սպասում էին «Շիկահող» պետական արգելոց-մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Աբելյանը եւ արգելոցի տեսուչներից մեկը՝ Արգամ Նահապետյանը:

Ժամը 10-ին Ծավից, Անդրանիկ Աբելյանի ամենագնացով, սկսեցինք արշավը: 

Առաջին կանգառը Շիշկերտ գյուղն էր՝ Ծավից 11 կմ հյուսիս-արեւմուտք (Ծավ-Մեղրի նորաշեն մայրուղուց 6 կմ հյուսիս-արեւմուտք):

Երկրորդ կանգառը «Խուստուփ» էկովրանային ճամբարն էր՝ Շիշկերտից մեկ կմ հյուսիս-արեւմուտք: 

Այնուհետեւ Շիշկերտ լեռան հայացքի ներքո ճանապարհը շարունակեցինք դեպի հյուսիս: Հաջորդ կանգառն արդեն «Մատաղի հրապարակ» ուխտատեղին  էր՝ Խուստուփ լեռան հարավ-արեւմտյան բարձրադիր լանջին՝ Մատաղի հրապարակ կոչվող թեք հարթությունում: 

Ըստ երեւույթին այդ սրբավայրով է նաեւ պայմանավորված եղել Խուստուփի՝ պաշտամունքային լեռ լինելը:

Դարեր շարունակ կապանցիները լեռնագագաթին մոտ գտնվող Մատաղի հրապարակում են կազմակերպել Վարդավառի տոնակատարությունը, Զատիկը…

Լուսահոգի Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին ափսոսանքով էր պատմում, որ Մեծ հայրենականից հետո կապանցիները մոռացել են դարերի խորքից եկող այդ ավանդույթը:

Եվ, այդուհանդերձ, Խուստուփը շարունակում է մնալ Կապանա տան սրբազան լեռն ու ամենաընդունված պաշտամունքային վայրերից մեկը տարածաշրջանում: 

Խուստուփի գագաթից 4-5 հարյուր մետր հեռավորության վրա (գագաթից հարավ-արեւմուտք) գտնվող այդ ուխտավայրում է 1991 թ. կանգնեցվել Գարեգին Նժդեհի կիսանդրին: 

Ըստ Գրիգոր Թադեւոսյանի՝ կիսանդրին այնտեղ կանգնեցվել է Կապանի սպորտդպրոցի նախկին տնօրեն Ջանիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ ու ջանքով, ով հիմա բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Նախաձեռնության իրականացմանը նպաստել է նաեւ Կապանի շրջխորհրդի գործկոմի երբեմնի ղեկավար Սլավիկ Հայրապետյանը: 

Թյուրիմացությունից խոսափելու համար հավելենք, որ Նժդեհի մասունքները ոչ թե այդ վայրում են հողին հանձնվել, այլ Խուստուփի ստորոտի մեկ այլ տեղում՝ Կոզուն աղբյուրի մոտ, որ Բաղաբուրջի ուղղությամբ է: 

Սպարապետի մասունքներն այդտեղ են բերել 1980-ականների վերջին:

Մասունքները խիստ գաղտնիության պայմաններում բերել եւ, Նժդեհի պատվիրանի համաձայն, Խուստուփի լանջին հողին են հանձնել ճանաչված պատմաբան Վարագ Առաքելյանը, Անդրանիկ Կարապետյանը (Գորիսից), Արցախ Բունիաթյանը եւ ուրիշներ: 

Գրիգոր Թադեւոսյանի հավաստմամբ՝ այդ մասին առաջին անգամ հայտարարել է Համլետ Քոչարյանը՝ կապանյան հանրահավաքներից մեկում:

Խուստուփի լեռնագագաթին եւ մերձակայքին ծանոթանալուց հետո ենք ամբողջապես գիտակցում, թե ինչու է Լեռնահայաստանի Սպարապետը պատվիրել՝ իրեն հողին հանձնել Խուստուփի լանջին:

Սպարապետի կիսանդրու պատվանդանին իր իսկ խոսքերն են՝ «…Հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա փրկությունդ…»:

Նժդեհի արձանի մոտակայքում մի փոքրիկ վահանակ կա տեղադրված՝ մակագրությամբ՝ «Հուշակոթող՝ նվիրված հայոց քրմապետ Սլակ Կակոսյանի հիշատակին»:

Քիչ հեռավորությամբ էլ նորաշեն փոքրիկ խաչքար է, որի պատվանդանին վառված մոմի հետքեր կան: 

Խուստուփի պաշտամունքային նշանակությունը, սակայն, պայմանավորված չէ միայն դրանցով, այլ գալիս է հազարամյակների խորքից՝ նախաքրիստոնեական շրջանից: Ասել է թե՝ հեթանոս ժամանակներում նույնպես Խուստուփը սրբազան վայր է եղել… 

Ըստ Սերգեյ Ումառյանի՝ «Այս գեղեցիկ լեռը, իրոք, աղոթատեղի էր, եւ իր անվան մեջ է թաքնված նրա իսկական անունը»: Նույն գիտնականի կարծիքով՝ «Խուստուփի անվան հիմքը «hutu» է, որը պետք է աղոթ(ք) նշանակի, իսկ ածանցը տուք է»:

Սերգեյ Ումառյանը ենթադրում է, որ Խուստուփ լեռան սրբազան անունը Աղոթական է:

Խուստուփ լեռան պաշտամունքային էությունն առավել հանգամանալից է բացել Ստեփան Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» մենագրության մեջ:

Ահա՝ «…Ոչ մի խաչ Վարդավառի օրն այնպիսի բազմություն չէր գրավում եւ բարեպաշտական զգացմունքներին այնպիսի լի գոհացում չէր տալիս, որպես Խուստուփ լեռան գագաթին այդ օրը ելնելը եւ նրա տակին գտնվող քարայրում լուս վառելը, աղոթելը եւ հետո սարին մատաղ բերելը: Կապանի Վաչագան գյուղից դեպի հարավ, հենց գյուղի ձորի սկզբնավորության գլխին, շեշտակի վեր է ցցվում Խուստուփի ժայռոտ զանգվածի ուղղաձիգ կողը: Լեռան երկու գագաթներից ձախակողմյանը Վաչագան գյուղի նայողին ավելի բարձր է երեւում: Այդ ժայռոտ ապառաժի տակ ձորը ծածկված է խիտ անտառներով, որոնք գյուղի մերձակայքում խիստ նոսրանում են, խըմհատված են եւ փոխված են արտերի: Քերծի ճակատին, գրեթե գագաթից սկսած դեպի վեր, խորանում են երկու ակոսներ, որոնց մեջ մինչեւ օգոստոս եւ ավելի ուշ պահպանվում է ձյունը: Ամենաերկարն է ձախակողմյան ձյան ժապավենը, որի գրեթե անընդհատ սպիտակ գիծը սկսվում է գագաթի մոտից եւ իր վերջավորությամբ կորչում անտառի կանաչի մեջ: Աջակողմյանը շատ ավելի կարճ է եւ լցնում է ակոսի միայն ստորին մասը: Ձյան առաձին բծերը սպիտակին են տալիս մինչեւ վաղ աշուն քերծի այս կամ այն ծալքի մեջ:

Եկեղեցին, այսինքն՝ Սուրբ Քարանձավը, գտնվում է ձախակողմյան ակոսի աջ կողմի մեջ եւ բացված է դեպի արեւելահյուսիս: Մուտքն ունի 30 քայլ լայնություն եւ մի փոքր ավելի բարձրություն, խորությունը հազիվ 50-60 քայլ է: Առաստաղից կաթկթում է ջուրը, որը երաշտի ժամանակ դադարում է: Հատակին, աջ եւ ձախ կողմերում, գոյացել են լճակներ: Նրանց միջեւ կամուրջների նման ազատ մնացող տարածություններով կարելի է հասնել քարայրի խորքը, որտեղ ուխտավորներն առանձին ջերմեռանդությամբ վառում էին լուսէրը պատերի բոլոր քարերի վրա, ինչքան որ մարդու ձեռքն էր հասնում: 

Հատակին թափթփված են առաստաղից եւ պատերից պոկ ընկած քարաբեկորներ: 

Լճակների ջուրը երբեմն ամբողջ ամառվա ընթացքում ծածկված է մնում սառույցի շերտով: 

Այդտեղի ջուրը համարվում է սուրբ եւ հրաշագործ: Երաշտի կամ մորեխի ժամանակ՝ ժողովուրդը տանում էր արտերում սրսկելու համար: 

Տանողը պիտի մոտենար անխոս եւ նույնպես էլ անխոս, ետ-ետ դառնալով, դուրս գար: Վերցնում էին նաեւ քարայրի խորքում պատերի տակից հողը՝ խլութունը աղի հետ անասունին կամ հիվանդ երեխաներին տալու համար:

Եթե լճակների մեջ ջուրը ցամաքած էր լինում՝ գուշակում էին, որ տարին վատ է լինելու:

Ուխտավորները սարքվում էին քերծի գագաթից դեպի արեւելք տարածվող համեմատաբար հարթ հրապարակի վրա, որը կոչվում է Ղուրբան քասան՝ Մատաղի հրապարակ, այստեղ էր մորթվում մատաղը Եկեղեցի իջնելուց հետո:

Հրապարակից Եկեղեցի իջնելը շատ դժվարին է: Մի նեղ կածան տանում է ներքեւ, քարից քար, մինչեւ որ ուխտավորը հասնում է մի տեղ, որտեղ գրեթե ժայռի երեսին փարվելով ստիպված է լինում քայլերը զգուշությամբ դնել ժայռակողի մեկ դուրս ցցվածքից մյուսին: Նրա աչքերի առաջ ներքեւում բացվում է ուղղաձիգ անդունդը: Մի անզգույշ քայլ կարող է անփորձին վտանգի ենթարկել: Վայր ընկնողի մեծ կտորը ականջը կմնար: Այդ կապավ կարող էին անցնել միայն անմեղները: 

Բնակիչները պատմում են, որ վայր գլորվելու դեպքեր են եղել: 

Ուխտավորներն այդ կածանով իջնում էին ոտաբոբիկ, ոչ թե իրենց բարեպաշտության ապացույցներ տալու համար, այլեւ զգուշությունից դրդված:

Քերծի ձախակողմյան գագաթը կոչվում է Ճգնավօր:

Այդտեղ ուխտավորները բարձրանում էին ժայռի ետեւի կողմից, որտեղ լանջը թեեւ բավական զառիթափ է, բայց վերելքը հնարավոր է:

Այդտեղ էլ բարձրանում էին ոտաբոբիկ, բազմաթիվ ուխտավորների ոտքերի տակ դարերի ընթացքում ողորկված կողով: 

Գագաթին փաթաթված է մի քարակույտ, որի տակ իբր թե թաղված էր մի անհայտ ճգնավոր:

Խուստուփն  այցելում էին թե՛ Կապանի եւ թե՛ Մեղրու շրջանի ոչ միայն մերձավոր, այլեւ շատ հեռավոր գյուղերի բնակիչները: 

Երկու հազարի չափ գառ ու ոչխար էր մորթվում Ղուրբան քասանի՝ Մատաղի հրապարակի վրա: Լեռն ամբողջովին կորչում էր ծխի մեջ, զուռնա-ղավալը դղրդացնում էր շրջակայքը, մրգավաճառներն ու մանրավաճառները վխտում էին:

Այստեղ էլ քահանաները հավաքում էին իրենց բաժին մատաղի բուրդ ու մորթին»: Ահա եւ այդպիսի զրույցներ Խուստուփ սրբազան լեռան մասին:

Ինչեւէ:

Մատաղի հրապարակից մինչեւ Խուստուփի լեռնագագաթ, ինչպես նշեցինք, մոտ 4-5 հարյուր մետր է: 

Ոմանք այդ ճանապարհի մի մասը եւս (մինչեւ լեռնագագաթի անմիջական փեշը) անցնում են մեքենայով, բայց մենք գերադասեցին ոտքով գնալ: 

Չմոռանանք նշել՝ Շիշկերտից մինչեւ լեռնագագաթ 14 կմ է: 

Լեռնագագաթ բարձրանալը, խոստովանենք, որոշակի դժվարություններ է ներկայացնում, ռիսկեր պարունակում:

Այդ դժվարությունները հաղթահարեցինք Անդրանիկ Աբելյանի եւ Արգամ Նահապետյանի օգնությամբ, որոնց համար լեռնածերպերով անցնելը, լեռնամագլցումը սովորական քայլարշավի տպավորություն էր թողնում: 

Եվ ահա լեռնագագաթին ենք…  

Խուստուփ-Կատարի լեռնաշղթայի այդ գագաթի բարձրությունը 3202 մ. է:

Լեռը, սակայն, այդ օրը մառախլապատ էր: Ու չէր երեւում լեռան հյուսիսակողմ ստորոտում գտնվող Կապանը: Մշուշը ծածկել էր նաեւ Խուստուփի մերձակա լեռնաստանը:

Սակայն մառախուղը մեկ այլ հմայք էր հաղորդել ե՛ւ գագաթին, ե՛ւ ալպյան մարգագետիններին: 

Խոսակցության այլ նյութ է Խուստուփի բուսական ու կենադանական աշխարհը, որի մասին մանրամասն տեղեկություններ ներկայացրեց Անդրանիկ Աբելյանը, ով, ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, մասնագիտությամբ ե՛ւ կենսաբան է, ե՛ւ աշխարհագրագետ:

Նկատենք միայն, որ այս վայրերի հիմնական բնակիչներն են բեզոարյան այծը, արջը, որոնց չհանդիպեցինք (ասում են, թե օրվա այդ ժամերին նրանք հիմնականում հանգստանում են): 

Բայց լորի երամները մեզ ուղեկցում էին անընդհատ… 

Խուստուփի մասին բազում ավանդազրույցներ կան: 

Դրանցից մեկը՝ ահավասիկ:

1933 թ. Շիշկերտի ծերունիներից մեկը Սերո Խանզադյանին պատմել է, թե իբր հինգ հարյուր տարի առաջ «Խուստուփ լեռը գռմռացել, միջից ծուխ է արձակել», որից հետո շիշկերտցիք «քոչել գնացել են Արեւիք գավառի Լիճք գյուղում հիմնվել»: Երկու հարյուր տարի հետո նրանց սերունդները վերադարձել են Շիշկերտ: 

Խուստուփը, որքանով հասկացանք, բնության հրաշք կերտվածք ու պաշտամունքային վայր չէ սոսկ, հզորության եւ լինելիության խորհրդանիշ չէ միայն, այլ…

Խուստուփը, անտարակույս, տնտեսական հսկայական ներուժով մի աշխարհ է. ալպիական մարգագետիններ, սառնորակ աղբյուրներ… 

Եվ շատ ափսոս, որ տնտեսական (գյուղատնտեսական) հսկայական այդ ռեսուրսը չի օգտագործվում:

Խուստուփն օժտված է նաեւ զբոսաշրջային յուրահատուկ հնարավորություններով:

Շիշկերտից մինչեւ լեռնագագաթ ձգվող ավտոճանապարհի մի փոքր բարեկարգման դեպքում, անհրաժեշտ մի քանի ենթակառուցվածքներ ստեղծելու պարագայում (թվում է)՝ այդ բնագավառում կունենանք տեղաշարժ: 

Առայժմ այդ խնդիրը մասամբ լուծում է ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որը բավարար չէ: 

…Լեռնագագաթից վերադարձանք աննկարագրելի տպավորություններով՝ Սպարապետ Գարեգին Նժդեհի պատվիրանը մեր մտքում պահած, որ գրված է նրա կիսանդրու պատվանդանին՝ «…Հայացքդ մի կտրիր Խուստուփից…»:

Եվ իսկապես, չէ՞ որ Խուստուփը, այդ բոլորով հանդերձ ու նախեւառաջ, Սյունյաց աշխարհի արժանապատվության խորհրդանիշերից է: 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: