08/20/2019

Բանակ են գնում հաստատակամ տղաները մեր

Բանակ են գնում հաստատակամ տղաները մեր

Հայրենասիրական երգերի հնչյուններն ավետում են. զորակոչ է: Հերթական: Բայց... առանձնահատուկ: Որովհետեւ զինվորական ծառայության  մեկնող  այս  տղաների գիտակցությունն ուրիշ որակ ունի, հայրենասիրությունը նրանց մոտ սահմաններ չի ճանաչում: Նրանք 7-ն են, գիտակից 7 նորակոչիկ, առանձնահատուկ 7 տղաներ: Նրանք «Ես եմ» ծրագրի մանակիցներից են:

- Ինքն է որոշել  իր ճանապարհը, իր ճակատագիրը, - ասում է նորակոչիկ Բորիկի հայրը՝ Ահարոն Բաղդասարյանը, - 18 տարեկան տղա  է,  նա լավ գիտի ընտրած իր ճանապարհի ամեն մի դետալը: Մենք  էլ հարգել ենք նրա որոշումը, այլ կերպ չէինք էլ կարող, տղաս հաստատակամ  տղա է: 

Բորիկն ընդունվել է Գորիսի պետական համալսարան եւ հիմա գնում է ծառայելու հայրենիքին՝ երեք տարի ժամկետով:

- Երեք տարին  ինչ է որ, - ասում է նա, - աչքդ դեռ չթարթած՝ կանցնի եւ կթռչեն տարիները: Ինձ ոչ ոք չի հուշել դառնալու այս ծրագրի շահառու: Ես  ծառայության այս տարբերակն  եմ ընտրել՝ դրանով իսկ հիմք ստեղծելով իմ ապագայի համար: Իսկ դա շատ կարեւոր է ծառայությունն ավարտած յուրաքանչյուր երիտասարդի համար: 

«Ես եմ» ծրագրի շահառուներն իրենց ծառայությունն անց են կացնելու մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: Ծառայությունը երեք տարի է, սակայն դրանցից 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ սկսած 6-րդ ամսից, երբ  ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1 գումարած 1 գումարած 2 բանաձեւով: Այսինքն, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով՝ նա կանցնի ծառայության, որի արդյունքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը՝ զորամասում եւ մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալուց նրան կվճարվի որոշակի գումար՝ արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա հաշվին կփոխանցվի  ՀՀ 5 միլիոն դրամ, որով նա կարող է   սեփական բիզնես սկսել կամ ուսման վարձը վճարել կամ օգտագործել հիփոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերելու համար:  

Իսկ Բորիկը որոշել է սեփական բիզնեսը սկսել՝ ծառայությունն ավարտելուց հետո:

Յուրահատուկ այս 7 տղաները շարվում են Գորիսի զինկոմիսարիատի բակում՝ ներկաների ծափողջույնների ներքո:

- Դուք գիտակցելով եք գնում հայրենիքին ծառայելու, դուք երեք տարի եք ծառայելու հայրենիքին, ցանկանում եմ, որ դուք լավ տիրապետեք ռազմական տեխնիկային, որովհետեւ ձեր հմտությունից է կախված մեր երկրի անվտանգությունը, մեր սահմանների անխոցելիությունը: Բարով գնաք, բարով վերադառնաք, - ասում է Գորիսի զինկոմիսարիատի աշխատակից Արմեն Հարությունյանը:

Սյունիքի մարզի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը շնորհակալություն է հայտնում տղաների ծնողներին, հարազատներին, դպրոցներին, ուսուցիչներին, համայնքներին՝ այսպիսի երիտասարդներ կրթելու-դաստիարակելու համար, երիտասարդներ, որ խիզախ են, հայրենասեր, որ միշտ ծառայելու են սահմանում: Նա մի ցանկություն ունի՝ տղաները զենքով կրակեն միմիայն զորավարժությունների ժամանակ, ուսումնական կենտրոններում: Այսինքն, տա Աստված, որ երկիրը խաղաղ լինի:

Տղաներրն ու նրանց հարազատներն ուղեւորվելուց առաջ գնում են Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մոմավառության, Աստծո հետ մեկ անգամ եւս հաղորդակցվելու: Եկեղեցում աղոթք է, աղոթքից բացի  Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասում է.

- Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայի պարտքն է: Ես էլ եմ ծառայել բանակում, այն էլ՝ պատերազմի ժամանակ: Յուրաքանչյուր հայ տղամարդ պիտի սահման պահի, որ թշնամին չհասնի մեր տունը: Եթե մի մարդ գիշերը չի հերթապահել, նա հայրենիքի արժեքը չի իմանա: Եվ ահա այսօր դուք գնում եք ծառայության՝ այդ արժեքի ամբողջ իմաստը ճիշտ ընկալելու համար: Դուք ոչ միայն ձեր ներդրումն եք ունենալու հայոց բանակաշինության գործում, այլեւ ձեր   ապագայի համար եք գնում ծառայելու: Կվերադառնաք տուն,  կդնեք ձեր բիզնեսը եւ դուք դրանով էլ ձեր նպաստը կբերեք հայրենիքի տնտեսական զարգացման գործում, այսինքն, կգործեք դարձյալ ի նպաստ մեր ժողովրդի: 

Եվ աղոթք է, եւ մոմավառություն, եւ... Ասված ու չասված բազում խոսքեր այս 7 տղաների հասցեին: 

Յոթը լավ թիվ է, հաջողության թիվ է՝ կողքից ասում է  մի կին: Ուրեմն՝ տղաները բարով-խերով տուն կդառնան: 

Եկեղեցու դիմացի փողոցում կանգնած մեքենան տղաներին է սպասում: Նրանք կրկին ու կրկին ողջագուրվում են հարազատների հետ: Ու կրկին ու կրկին ողջերթի խոսքեր, բարի ծառայության մաղթանքներ՝ ոչ միայն ծնողներից, այլեւ ընկերներից, բանակից արդեն զորացրվածներից: 

- Տղաներ, միշտ եղեք միասնական, իրար թեւ ու թիկունք, միասնության արժեքը ես  զգացել եմ ծառայության ժամանակ, - ասում է մի երիտասարդ, - ձեր միասնությունն ամենահզոր զենքն է: 

Նորակոչիկները տեղավորվում են մեքենայում: 

Փողոցում հավաքվածները հուժկու ծափերով ճանապարհում են նրանց…                                           

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: