12/08/2019

Մ-2 մայրուղու Տաշտունի խաչմերուկ- Այգեձոր հատվածը` ճանապարհաշինական աշխատանքների մեծ հրապարակ

Մ-2 մայրուղու Տաշտունի խաչմերուկ- Այգեձոր հատվածը` ճանապարհաշինական աշխատանքների մեծ հրապարակ

Աշխատանքային այցով լինելով Մեղրիում` հարկ չի լինում ձեռնարկության գործերից երկար-բարակ հարցուփորձ անել Մեղրու «Ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանին։ Այս անգամ եւս անցնելով Մեղրու լեռնանցքը` նկատեցինք ճանապարհի մաքրված կողեզրերը, իսկ ավելի մոտենալով Մեղրուն, ճանապարհի մի զգալի հատվածում մեծածավալ աշխատանքներ էին կատարում մեղրեցի ճանապարհաշինարարները` բազմաթիվ տեխնիկայի օգնությամբ։

Երեւում էր, որ պայթեցումներ են կատարվել, քանզի ճամփեզրերին կուտակված էին լեռնազանգվածից պոկված մեծ քարաբեկորներ։ Երբեմն ճանապարհը փակվում էր երթեւեկող տրանպորտային միջոցների համար, քանզի էքսկավատորը պիտի բեռներ հերթական բեռնատարին։

Հետո տեղեկացանք, որ հուլիսի 11-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հայտարարած Մ-2 միջպետական ճանապարհի մոտ 9 կմ 600 մ ճանապարհահատվածի նորոգման - վերակառուցման մրցույթի հաղթող է ճանաչվել Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը։ Մեղրեցի ճանապարհաշինարարներն անմիջապես ձեռնամուխ են եղել շինարարությանը, քանզի տեղանքը բարդ է, ժամանակը` կարճ։ Շինարարության ավարտ է սահմանված նոյեմբերի 15-ը։

Ճանապարհի ասֆալտբետոնի ծածկի լանությունը լինելու է 6 մ 60 սմ (նախկին 6-ի փոխարեն)։ Վերանորոգվող ճանապարհահատվածի կողնակները եւս նախկինից ավելի լայն են լինելու` 1.5 մետր (մինչ այդ մեկ մետր է եղել)։ Մի խոսքով` ճանապարհի երթեւեկելի գոտու լայնությունը լինելու է մոտ 9 մետր, ինչը հնարավորություն է տալու, որ տրանսպորտային միջոցները մի հետքով չերթեւեկեն։ Ըստ Ազատ Գասպարյանի` ճանապարհն ուշ է «ալիքավորվելու», բայց գերբեռնված եւ ծանրաքաշ մեքենաների երթեւեկության պարագայում, ինչպիսի ճանապարհ էլ կառուցեն, այն այնքան էլ երկար կյանք չի ունենալու. «Ութ տոննա բեռնատարողությամբ «Կամազը» բարձում են 20-25 տոննա, ինչպե՞ս կարող է ճանապարհը մնալ իր նախկին տեսքին։ Եթե ուշադրություն եք դարձրել, Մեղրուց սկսվող Մ-2 միջպետական ճանապարհն արդեն «ծերացել է», կծկվել, դա հենց ծանրաքաշ եւ գերբեռնված մեքենաների երթեւեկության հետեւանքով է, շուտով անցած տարում  նորոգած ճանապարհն էլ է հասնելու այդ վիճակին, եթե այսպես շարունակվի», - մտահոգություն է հայտնում մեր զրուցակիցը։

- Իսկ հնարավոր չէ՞, որ ծանրաքաշ մեքենաները երթեւեկեն Մեղրի-Ծավ-Կապան այլընտրանքային ճանապարհով, - հետաքրքրվում ենք, - այդպիսով այդ հսկա բեռնատարները մուտք չեն գործի Կապան` կաթվածահար անելով մարզկենտրոնի երթեւեկությունը։

- Ամեն ինչ հնարավոր է, բայց չեն երթեւեկում, նշված ճանապարհը 21 կիլոմետրով երկար է, նաեւ ավելի ցածր գոտիով է անցնում, ուստի ամռանն ավելի շոգ է, բացի այդ` վարորդների աչքը սովորել է Կապան - Քաջարան - Մեղրի ճանապարհին, - պատասխանում է վաստակաշատ ճանապարհաշինարարը։

- Այնուամենայնիվ, ո՞րն է ելքը, - համառում ենք։

- Նախ արգելեն գերբեռնված մեքենաների երթեւեկությունը, իսկ համեմատաբար շատ բեռնված տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլ չտան շոգ եղանակին, այլ միայն գիշերը, - եղավ պատասխանը։

Ազատ Գասպարյանը տեղեկացնում է, որ ձգտում են վերակառուցվող ճանապարհահատվածը համապատասխանեցնել երրորդ կարգի ճանապարհին առաջադրվող պահանջներին։ Դրանով լուծած կլինեն իրենց առջեւ դրված խնդիրը։ Նաեւ հավելում, որ աշխատուժի եւ շինարարական նյութերի պահանջ չունեն, նման հարցերը վաղուց լուծված են, միայն ջանում են աշխատանքներում ավելի հզոր տեխնիկա ներգրավել, որ ճանապարհահատվածի նորոգման նախանշված ժամկետի մեջ տեղավորվեն։

Հանդիպելով մեղրեցի ճանապարհաշինարարներին` հաճելի մի իրողության ականատես եղանք։ Նրանք ընդմիջման սեղանի շուրջ շնորհավորում եւ քաջառողջություն էին մաղթում իրենց ավագ գործընկերոջը` երկարամյա մեխանիզատոր Խաչիկ Ալոյանին, ում աշխատանքային գործունեության 25 տարն էր  լրացել, որպես ճանապարհաշինարար։ Վերջինս արժանացել էր «Եվրասիական պետությունների միության պատվավոր քաղաքացի» կոչման, իսկ մի քանի առավել երիտասարդ ճանապարհաշինարարներ ներկայացվել են շնորհակալագրի։

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: