12/08/2019

Գիտնական գործընկերների շնորհավորական ուղերձը Լեռնիկ Պետրոսյանին` ծննդյան հոբելյանի առթիվ

Գիտնական գործընկերների շնորհավորական ուղերձը Լեռնիկ Պետրոսյանին` ծննդյան հոբելյանի առթիվ

2019թ. օգոստոսի 10-ին լրանում է կրթության եւ գիտության նվիրյալ Լեռնիկ Նահապետի Պետրոսյանի ծննդյան 60 տարին:

Լեռնիկ Պետրսյանը 1981 թվականին գերազանցության դիպլոմով ավարտելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, աշխատանքային կենսագրությունը կապել է հարազատ տարածաշրջանի հետ՝ աշխատելով կրթության բնագավառում: Մինչ հարազատ Կապան քաղաք տեղափոխվելը` մոտ երկու տարի, աշխատել է ԵրՊԻ ֆիզիկայի ամբիոնում եւ ունենալով փայլուն գիտելիքներ,  կարող էր իր հետագա գիտամանկավարժական գործունեությունը մեծ հաջողությամբ շարունակել հիշյալ ամբիոնում: Սակայն, գուցե նաեւ շատերի համար անսպասելի, որոշում կայացրեց տեղափոխվել հայրենի տարածաշրջան եւ աշխատանքի անցնել իր հարազատ  Կապանում՝ հանրակրթության համակարգում:

Սերվելով մանկավարժների ընտանիքից` զարմանալի չէր, որ Լեռնիկ Պետրոսյանը կարճ ժամանակում դարձավ ոչ միայն տարածաշրջանի ֆիզիկայի լավագույն մասնագետ-մանկավարժներից մեկը, այլ նաեւ ակտիվորեն սկսեց զբաղվել ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի գիտամեթոդական հարցերով` այդ ընթացքում տարբեր հանդեսներում հրապարակելով մի շարք գիտամեթոդական հոդվածներ:

Եթե չլիներ Արցախյան շարժմամբ պայմանավորված 1988-90 -ականների չափազանց լարված իրավիճակը, իսկ այդ ժամանակ Լեռնիկ Պետրոսյանը ղեկավարում էր ադրբեջանական սահմանին համեմատաբար մոտ գտնվող Կապանի N 6 միջն. դպրոցը, անկասկած, 1990 կամ 1991 թվականին կպաշտպաներ իր թեկնածուական ատենախոսությունը: Սակայն հայտնի իրադարձությունների պատճառով Լեռնիկն իր թեկնածուական աշխատանքն ավարտին հասցրեց ու պաշտպանեց 1998 թվականին:

Ուրախալին եւ գովելին այն է, որ Լեռնիկ Պետրոսյանը չսահմանփակվեց դրանով ու աշխատանքին զուգահեռ մի նոր թափով շարունակեց նաեւ գիտական գործունեությունը, որի արդյունքը եղավ այն, որ 2008 թ. պաշտպանեց դոկտորական ատենախոսություն ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայում խիստ արդիական համարվող «Գիտական իմացության հիմնական մեթոդների կիրառումը ֆիզիկայի ուսուցման գործընթացում» թեմայով:

2008 թ. նրան շնորհվեց դոցենտի, իսկ 2012 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

Լեռնիկի, առանց չափազանցության, գիտական սխրանքն այն է, որ ապրելով ու աշխատելով գիտական կենտրոններից բավականին հեռու տարածաշրջանում, խորհրդային տարիներին կարողացավ մի քանի անգամ ուղեւորվել մայրաքաղաք Մոսկվա, լինել համաշխարհային չափանիշներով հսկա համարվող Լենինի անվան գիտական գրադարանում, ուսումնասիրել իր բնագավառին վերաբերող կարեւորագույն գիտական հետազոտությունները, իսկ հետագայում` համացանցի առկայության պայմաններում, մշտապես ծանոթանալ իր բնագավառին առնչվող գրեթե բոլոր նորույթներին:

«Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկա» գիտությունը Հայաստանում իր բուռն զարգացումն ապրեց վերջին մոտ 30 տարում, եւ այդ գործում, անկասկած, ակտիվ դերակատարություն է ունեցել պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով հիշյալ թեմատիկային առնչվող յոթ տասնյակի հասնող հոդվածների, ԿԳ նախարարության կողմից երաշխավորված երկու դասագրքի եւ երկու ձեռնարկի հեղինակ է:

Տարիներ շարունակ եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ -ին առընթեր գործող ԲՈՀ -ի (ներկայումս ԲՈԿ - ի) գիտական աստիճաններ շնորհող 020 մասնագիտական խորհրդի անդամ:

Լեռնիկ Պետրոսյանը տարբեր ժամանակահատվածներում աշխատել է բուհական եւ հանրակրթական (այդ թվում եւ մարզային մասշտաբի) տարբեր ղեկավար պաշտոններում ու իր աշխատանքով անվերապահորեն ապացուցել, որ ինքը նաեւ հմուտ կազմակերպիչ է եւ կոլեկտիվի ընդունված ու հարգված ղեկավար:

Լեռնիկ Պետրոսյանի ղեկավրությամբ 2007-2011 թթ. ՀՀ ԿԳ նախարարության Կապանի վարժարանում (ներկայում Կապանի N 2 ավագ դպրոց) պարբերաբար կազմակերպվել են տարածաշրջանի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչների ու դասախոսների գիտամեթոդական սեմինարներ, որտեղ դասախոսությամբ հանդես են եկել նաեւ մեծ ճանաչում ունեցող գիտնականներ: 

Առանձնապես հարկ ենք համարում նշել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նրա  կազմակերպչական աշխատանքը 2012-2016 թվականներին, որի ընթացքում կարողացավ ոչ միայն էապես բարելավել մասնաճյուղի ուսումնանյութական բազան, գործունեության պայմանները եւ գիտաուսումնական գործընթացը, այլ նաեւ 2013 թվականի ապրիլին կազմակերպել տարածաշրջանային բուհական կրթության կազմակերպման հիմնահարցերին նվիրված, իր գիտական ներկայացուցչական կազմով մինչ այդ տարածշրջանում նմանը չունեցող գիտաժողով:

Որպես բարոյական բարձր արժանիքներով օժտված մարդ եւ կամեցող գործընկեր՝ Լեռնիկ Պետրոսյանն ունի մեծ հարգանք հանրապետության գիտամանկավարժական աշխատողների, գործընկերների եւ իրեն ճանաչողների շրջանում:Լեռնիկն այն եզակի մարդկանցից է, ով պրոֆեսիոնալ մակարդակով միաժամանակ տիրապետում է հանրակրթական եւ բուհական համակարգերին:

Այսօր էլ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը գտնվում է ստեղծագործական վերելքի մեջ, եւ կասկածից վեր է, որ առաջիկա տարիներին ականատես կլինենք նրա աշխատանքային եւ գիտական նորանոր նվաճումներին:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջ եւ արժանի մարդու հոբելյանը, ցանկանում նրան ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեություն:

 

Էդուարդ Ղազարյան

ՀՀ ԳԱ ակադեմիկոս,

ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Հայկ Ղազարյան

Ֆիզ – մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Ալբերտ Կիրակոսյան

ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից անդամ,

ֆիզ – մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

«Բնագետ» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր

 

Համլետ Միքայելյան

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Մաթեմատիկայի

եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,

«Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր

 

Կամո Աթայան 

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

«Բնագետ» գիտամեթոդական հանդեսի հիմնադիր տնօրեն,

«Կրթությունը եւ գիտությունը Արցախում» գիտամեթոդական

եւ գիտահանրամատչելի հանդեսի պատասխանատու խմբագիր                                                                                        




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: