08/20/2019

ՍԳՈՒՄ Է ԿԱՊԱՆԸ

ՍԳՈՒՄ Է ԿԱՊԱՆԸ

    

Երբ մարդն աշխարհ է գալիս` մեկն էլ ավելանում է աշխարհի վրա:

Իսկ երբ մարդը գնում է աշխարհից` պակասում է քեզնից…

Ու իջնում է ծանր մի լռություն. հոգնում ու լռում են երազները… 

Անչափ դժվար է անցյալ ժամանակով խոսել այնպիսի մարդու եւ ֆուտբոլային վառ անհատականության մասին, որպիսին էր Միշա Մանուչարյանը:     

Ժողովուրդը նման դեպքերում ասում է. «Նա մեռնելու մարդ չէր»: Այո՛, Միշան ապրելու եւ գործելու ճանապարհներ դեռ ուներ անցնելու, չնայած, որ նրա սպորտային ձեռքբերումները նշանակալից են եւ ծանրակշիռ:

Մեզ համար նա վստահելի եւ սիրված գործընկեր էր, մարդ, ով մեր ծանր ու հեղհեղուկ օրերում ծառայեց մեկ նպատակի` կապանյան ֆուտբոլի պահպանմանն ու զարգացմանը:    

 Շնորհալի ֆուտբոլիստ եւ մարզիչ Միշա Մանուչարյանը անվերապահորեն թողեց վառ հետագիծ, թողեց հիմնարար գործեր: Իր տոկունության մեջ էլ չափազանց փխրուն էր: Մենք դեռ շատ կփնտրենք նրան Կապանի որևէ փողոցում, մեր հեռավոր ու մոտիկ գյուղերում, իր սիրելի մարզադաշտում ու, ավաղ, չենք գտնի: Դժվար է մխիթարական խոսքեր գտնել: Մխիթարականը մեր սիրելի ընկերոջ թողած գործերն են եւ նրա բարի հիշատակը, որը միշտ մեզ հետ կլինի:

Ես մշտապես տեսնում-զգում էի, թե ինչպե՞ս էր մեր ինների մեջ ամենաինը վառվում հաջորդ վայրկյանով, թե ինչպե՞ս էր նա իր անելիքով լցված ու լծված հաջորդ վայրկյանին: Դու նրա հետ մտքով դեռ խոսում ես, իսկ նա արդեն մտորում է ու գիտի, թե իր հաջորդող քայլերն ինչպես պիտի կազմակերպել: Որ հասցնի,որ լինի ԼԱՎԱԳՈՒՅՆԸ… 

 Այս ո՞ւր ես շտապում, ա՛յ եղբայր… Չէ՞ որ այնքան բաներ ունենք դեռ միասին անելու եւ դրանով լցնելու մեր հաջորդ գոյավայրկյանը: Թեկուզ նաև, ոչինչ, միասնաբար չհաջողելու...  

 Կյանքը մեզ տրված է ամեն ինչին  դիմանալու համար: Իսկ դու չդիմացար...    

Եվ քո տեղը մնաց թափուր․․․   

Դեռ ականջիս մեջ են մեր վերջին խոսակցության պատառիկները․․․


Ֆուտբոլասեր հասարակայնության անունից

Արսեն Գրիգորյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: