09/23/2019

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը. Քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար հիմքեր չկան

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը. Քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար հիմքեր չկան

«Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր  մոտեցումը», - Լիդիան Ինթերնեյշնլի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերս:

Լիդիան Ինթերնեյշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը, որը ՀՔԿ-ին էր տրամադրվել սույն թվականի օգոստոսի 7-ին։

Փորձաքննական եզրակացությունը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով այստեղ:

«Պետք է նշեմ, որ եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռքբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ՀՔԿ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը:

Լիդիան Ինթերնեյշնլի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը այս առիթով ասել է, - «Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր,  քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր  մոտեցումը։ Ուրախ ենք տեղեկանալ նաև, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան»։

Պարոն Սելլերսը նաև նշում է, - «Ծանր տարի էր Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների համար։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին, համայնքներին, վարկաատուներին, բաժնետերերին և մյուս աջակիցներին, ովքեր այս ողջ ընթացքում վստահել են Լիդիանին»։

Լիդիան ընկերությունը մշտապես շեշտել է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել, և Ընկերությունը լիովին համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը նշել էր, որ պատրաստ է փորձաքննության եզրակացության վերաբերյալ որոշում կայացնել այս շաբաթ։
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: