09/23/2019

Օգոստոսի 17-ը՝ Կապանի օր. «Սյունյաց երկիրը» շնորհավորում է բոլոր կապանցիներին

Օգոստոսի 17-ը՝ Կապանի օր. «Սյունյաց երկիրը» շնորհավորում է բոլոր կապանցիներին

Հայկական ՍՍՌ գերագույն սովետի նախագահության 1938 թ. հոկտեմբերի 1-ի հրամանագրով՝ ստորագրված նախագահության նախագահ Մ. Պապյանի եւ նախագահության քարտուղարի պաշտոնակատար Ռ. Գյանջեցյանի կողմից, Ղափանի շրջանի Ղափան բանվորական ավանը փոխակերպվեց քաղաքի՝ պահպանելով նախկին անունը:

 Ավելի վաղ՝ 1928 թ. հուլիսի 26-ին, Հայաստանի կենտգործկոմի նախագահությունը մերժել էր Զանգեզուրի գավգործկոմի եւ Ղափանի գործկոմի առաջարկը՝ Ղափանի գավառակը եւ կենտրոնը Մարտունավան վերանվանելու մասին:

Իսկ ահա 1963 թ. հունվարի 12-ին Հայկական ԽՍՀ գերագույն սովետի նախագահության որոշմամբ՝ ստորագրված ՀխՍՀ գերագույն սովետի նախագահության նախագահ Շ. Առուշանյանի եւ նախագահության քարտուղար Ա. Գալստյանի կողմից, շրջանային ենթակայության Ղափան քաղաքը դասվում է հանրապետական կատեգորիայի քաղաքների շարքը:

1930 թ. սեպտեմբերի 9-ից մինչեւ 1995 թ. դեկտեմբերի 5-ը Ղափանը համանուն շրջանի վարչական կենտրոնն էր: Այդ մասին իմանում ենք ՀԽՍՀ կենտգործկոմի նախագահության «ՀԽՍՀ գավառները վերացնելու հետեւանքով նոր շրջանների կազմակերպման հիմնական սկզբունքների մասին» որոշումից:

1991 թ. Ղափանը վերանվանվել է Կապան:

1995 թ. դեկտեմբերի 4-ից Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է: Դա  տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդունվեց ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին», ըստ որի՝ Կապանի, Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու նախկին վարչական շրջանների հիման վրա կազմավորվեց Սյունիքի մարզը:

***

Կապանի ծննդյան վկայագրին կամ Կապանի մասին առաջին գրավոր հիշատակությանը հանդիպում ենք մ.թ. 5-րդ դարի վերջին քառորդում կատարված մի գրառումից, որն արտացոլվել է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկի մեջ:

Ահա այդ հիշատակությունը՝ «…Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը, վանականներին վերցնելով գնաց գետի ափը, տիրոջից խնդրեց վանականների կարիքների համար ձուկ շնորհել:

Տեսիլքով մի լուսավոր տղամարդ երեւաց, որ քայլում էր գետափով, գավազանը կախել էր ջուրը, եւ գավազանի ծայրից դուրս էին գալիս ձկների անբավ ու անհամար խմբեր. ինքն էլ նրան բացատրում էր որսի հանգամանքները: Եվ այսպես վանքին արտոնվեց գետից ձուկ որսալ»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: