09/17/2019

Չարենցը եւ Խրիմյան Հայրիկը եղել են Հարանց անապատում. «Սյունյաց երկիրն» այցելեց այդ սրբավայր, որ նաեւ Տաթեւի անապատ է կոչվում

Չարենցը եւ Խրիմյան Հայրիկը եղել են Հարանց անապատում. «Սյունյաց երկիրն» այցելեց այդ սրբավայր, որ նաեւ Տաթեւի անապատ է կոչվում

Օգոստոսի 19-ին ուխտագնացություն կատարեցինք Տաթեւի անապատ (Հարանց անապատ):
Սատանայի կամրջից իջանք Որոտանի կիրճ եւ գետի հունին զուգահեռ արահետով (սկզբից՝ գետի ձախ ափով, ապա նորաշեն փայտյա կամրջով անցանք գետի աջ ափը) քայլեցինք դեպի հարավ-արեւելք:
Մոտ կես ժամ անց այնտեղ էինք:
Գտնվում է Տաթեւ գյուղից ներքեւ (հարավ-արեւելք)՝ Որոտանի եւ Տաթեւ գետակի միախառնման եռանկյունու վրա:
Ուշ միջնադարի հայկական ճարտարապետության արժեքավոր եւ հետաքրքիր համալիրներից է:
17-րդ դարի կրոնական եւ ուսումնական կենտրոն է:
Ստեղծման առիթը նույն ձորում՝ դեպի արեւելք, գտնվող Հարանց մեծ անապատի կործանումն էր (1658-ի երկրաշարժի հետեւանքով), որից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվեց նոր վայր եւ կառուցեց այս անապատը:
Համալիրը կառուցվել է կանոնավոր հատակագծով:
Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով:
Անապատի հարավ-արեւմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին է ( 1663 թ.), որին արեւմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743-ին):
Հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանն է, որտեղ թաղված է 1669-ին մահկանացուն կնքած՝ անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը:
Եկեղեցուց արեւելք գտնվում են կիսաքանդ շենքեր, դեպի հարավ՝ սեղանատունը, իսկ մերձակայքի աղբյուրը ցամաքել է:
Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ Г-աձեւ ընդհանուր հատակագծով:
Հարավային կողմում օժանդակ մասն է:


***
Գիտական գրականության մեջ առայսօր շփոթում են Տաթեւի անապատը (Հարանց անապատը) Սյունյաց մեծ անապատի (Հարանց մեծ անապատի) հետ, որ գտնվում է հին Հալիձոր գյուղի դիմաց՝ Որոտան գետի աջ ափին:
Հարանց մեծ անապատի կործանման պատճառ դարձած երկրաշարժին ականատես է եղել Առաքել Դավրիժեցի պատմագիրը, ինչի մասին շարադրել է իր հայտնի «Պատմության» մեջ:
Այդ մասին՝ ուրիշ անգամ, երբ կայցելենք Սյունյաց մեծ (Հարանց մեծ) անապատ, իսկ այսօր Տաթեւի անապատում էինք (Հարանց անապատում):


***
Հարանց անապատին այս անգամ նայեցինք ուրիշ աչքերով:
Հիշեցինք մեր հայրենակից Յուրի Սահակյանի զրույցը Չարենցի՝ Հարանց անապատ այցելելու մասին, որ ներկայացրել է Մորուս Հասրաթյան հայագետին:
Տաթեւացի մեղվապահ Անդրանիկ Գեւորգյանը հետեւյալն է պատմել Յուրի Սահակյանին:
«… Նա մի օր հայտնվեց մեր կորած-մոլորված աշխարհում ու ինչպես եկել էր, այնպես էլ գնաց:
Էն ժամանակ կլինեի 18 տարեկան: 
Աշխատում էինք… ծառի հետեւից դուրս եկավ մի երիտասարդ՝ ուսապարկը մեջքին, բատինկաներով: Բարեւեց մեզ, սեղմեց ձեռքներս, հարցրեց հալներս ու մտավ Անապատ:
Նայեց, շոշափեց ամեն մի քարը:
«Լավ պահպանեցեք մեր հնությունները, մեր ժողովրդի, ազգի հարստությունները»,-ասաց:
Իսկ երբ եղավ այս հյուրասենյակում, դարձավ ինձ. 
-Կարե՞լի է մի քիչ չոր փայտ:
- Իսկ եթե չոր խո՞տ լինի…
-Կարելի է, բերեք:
Երբ փոքրիկ խարույկը լուսավորեց ողջ սրահը, անծանոթը գործի դրեց լուսանկարչական ապարատը:
«Դու էլ կանգնիր»,-դարձավ նա ինձ:
Կանգնեցի: Լուսանկարեց ու բարեկամաբար ասաց. «Երբ մեծանաս, կասես, որ ինձ լուսանկարեց Եղիշե Չարենցը»:
Դե ով էր լսել Չարենցի անունը մեր մթին ձորերում…
Այդ տարի խաղողի լավ բերք կար:
Կանանցից մեկն ընտրել էր խաղողի ամենալավ ողկույզներն ու քամում էր հյութը: Իսկ Աքուլ մայրիկը մի լավ ողկույզ ձեռքին մոտեցավ անծանոթ հյուրին:
Չարենցը լուսանկարեց նրան ու վերցնելով խաղողը՝ հաճույքով կերավ:
«Այսքանն ինձ բավական է»,- ասաց նա, ծոցատետրի մեջ վերջին նշումները կատարեց ու բռնեց վերադարձի կածանը»:
Սկզբում Մորուս Հասրաթյանը չէր ուզում լսել մեղվապահ Անդրանիկի զրույցը, որ ներկայացնում էր Յուրի Սահակյանը, բայց հետո… Նա էլ համոզվեց, որ Չարենցը եղել է Սյունյաց աշխարհի այս անկյունում ՝ Տաթեւի (Հարանց) անապատում:


***
Անապատի կամրջից մեզ ուղեկցում էր մի հրաշալի անձնավորություն՝ Խաչատուր Հակոբյանը՝ Տաթեւ գյուղից:
Նա հետաքրքիր պատմություններ ներկայացրեց Անապատի ձորի մասին:
Խաչատուրից իմացանք, որ Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոս, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային գործիչ) 20-րդ դարասկզբին Տաթեւի վանք կատարած ուխտագնացության ժամանակ այցելել է նաեւ Հարանց անապատ:
Եվ Անապատի կենտրոնում նրա տնկած թթենին մինչեւ հիմա պահպանվում է:
Խաչատուր Հակոբյանը մեզ ցույց տվեց Անապատի մերձակայքի այգիները, որոնք 1991-ին սեփականաշնորհվել են ու դարձել անմշակ:
Տաթեւ գետակից դեպի այգիներ ձգվող ոռոգման առուները եւ խողովակները հիմա քանդված եւ անօգտագործելի վիճակում են:
Սատանայի կամրջից մինչեւ Հարանց անապատ՝ մոտ 1,5 կմ, ձգվում է բանուկ արահետ. սա Հարանց անապատ տանող ամենակարճ եւ հարմար ճանապարհն է:
Արահետի վրա հանդիպում ենք վահանակների, որոնց վրա լուսանկարներով ցույց է տրվում, թե ինչ կենդանիներ եւ թռչուններ են բնակվում հրաշալի այդ ձորում:
Ե՛վ Անապատում, ե՛ւ կածանով երթեւեկելիս հանդիպեցինք զբոսաշրջիկների՝ Իտալիայից, Չեխիայից…
Ըստ Խաչատուր Հակոբյանի՝ գրեթե ամեն օր զբոսաշրջիկներ են այցելում Հարանց անապատ:
Անապատում մեզ մի այլ անակնկալ էր սպասվում:
Պարզվում է՝ հինգ տարի շարունակ այդտեղ է բնակվում Հակոբ վանականը՝ միայնակ:
Գյումրիից է, 2014-ին այցելել է Երուսաղեմ՝ Տիրոջ գերեզմանին:Եվ այդքանից հետո գերադասել է բնակվել հենց Տաթեւի անապատում:
Հակոբ վանականը քաջատեղյակ էր Անապատի պատմությանը:
Հաճելի էր տեսնել, թե ինչպիսի մաքրություն է տիրում համալիրի ամբողջ տարածքում, խցերում, եկեղեցում:
Անապատի կենտրոնում՝ Խրիմյան Հայրիկի տնկած թթենու մոտ, նորաշեն մի խաչքար կա, որ նաեւ աղբյուր է:
Պարզվում է՝ ջուրն Անապատ է բերվել մոտ մեկ կմ հեռավորությունից:
Եվ բարի այդ գործը, ինչպես եւ խաչքար կանգնեցնելը, երկու տարի առաջ իրականցրել է Վարուժան Միքայելյան անունով գորիսեցի երիտասարդը, ում մասին ե՛ւ Հակոբ վանականը, ե՛ւ Խաչատուր Հակոբյանը երախտագիտությամբ էին խոսում:


Հ. Գ. 
Անպայման այցելեք Հարանց (Տաթեւի) անապատ: Եվ միայն դրանից հետո կհամոզվեք, որ հոգեւոր-մշակութային այդ համալիրն անկրկնելի ճարտարապետական կառույց է ոչ միայն Սյունիքում, այլեւ Հայոց մեջ ընդհանրապես: Եվ միայն այցելելուց հետո հասկանալի կդառնա, թե ինչու Հայոց հանճարը՝ Եղիշե Չարենցն ուխտագնացության եկել հենց այդ սրբավայր:

Սամվել Ալեքսանյան
Լուսանկարները՝ Սոնա Արզումանյանի

 

На изображении может находиться: гора, небо, растение, дерево, на улице, природа и вода

На изображении может находиться: 2 человека, люди стоят, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, мост, на улице, природа и вода

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице, природа и вода

На изображении может находиться: гора, небо, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, мост, гора, на улице, природа и вода

На изображении может находиться: 3 человека, люди стоят, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, растение и на улице

На изображении может находиться: 1 человек, борода и на улице

На изображении может находиться: в помещении и на улице

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: небо, гора, мост, растение, на улице, природа и вода

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, мост и на улице

На изображении может находиться: люди стоят, гора, небо, на улице, природа и вода

На изображении может находиться: растение, мост, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят и на улице

На изображении может находиться: растение, небо и на улице

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: