09/23/2019

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՅՍ ՀԿ-ՆԵՐԸ ԵՐԲԵՒԷ ԱՐՑԱԽՈՒՄ ԴԻՏՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆ ԱՐԵԼ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՅՍ ՀԿ-ՆԵՐԸ ԵՐԲԵՒԷ ԱՐՑԱԽՈՒՄ ԴԻՏՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆ ԱՐԵԼ

Կառավարությունն իր վերջին նիստում ուշագրավ որոշում կայացրեց՝ իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33,68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է ուղիղ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ): Այս գումարով 2 ՀԿ-ները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը Դանիել Իոաննիսյանն է, ով վերջերս սկսել է ակտիվորեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանի տեսակետն Ամուլսարի հարցում։ Եվ սա կասկածի տեղիք է տվել, որ կառավարությունը հենց սրա համար է այս ՀԿ-ին գումար հատկացրել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում» էլ ժամանակին աշխատում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ուրիշներ։ Ու նրանց հետ առնչվող ՀԿ-ներն այսօր կառավարությունից ֆինանսավորում են ստանում։ Նախկինում երբեւէ չի եղել նման բան։

Արցախի ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի հիշում, որ նախկինում Հայաստանից որեւէ կազմակերպություն մասնակցած լինի Արցախում որեւէ ընտրության, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններին` որպես միջազգային դիտորդ։ Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանդես է գալու որպես տեղական դիտորդ, քանի որ արդեն գրանցվել է Ստեփանակերտում, իսկ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»՝ որպես միջազգային դիտորդ։ Արզումանյանի խոսքով՝ այս երկու ՀԿ-ից զատ, այլ կազմակերպություն իրենց չի դիմել դիտորդություն իրականացնելու համար։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ մեզ ասաց, որ նախկինում իրենք երբեւէ դիտորդություն չեն իրականացրել Արցախում, սա առաջին անգամն է։ Առաջին անգամ է նաեւ, որ իրենք ՀՀ կառավարությունից գումար են ստանում նման առաքելության համար եւ ոչ միայն։ Իսկ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ կառավարությունը որոշեց իրենց ՀԿ-ին գումար հատկացնել։ Հոկտանյանը հղում արեց վարչապետին, որ կառավարության ղեկավարն իր ելույթում ասաց այդ մասին։ Իսկ իրենք նախապես գիտեի՞ն, որ կառավարությունից գումար են ստանալու, Հոկտանյանն ասաց․ «Ոչ․․․ գիտե՞ք, մանրամասների համար դիմեք մեր գործադիր տնօրենին, թե պրոցեսն ինչ ձեւով է եղել, այսինքն՝ դիմելը, ստանալը․․․ այնպես չի եղել, որ ուղղակի մեզ ասացին՝ տալիս են եւ վերջ»։

Նկատեցինք, որ կառավարության կողմից իրենց գումար հատկացնելը տարբեր քննադատությունների ու շահարկումների առիթ է տվել, որ կառավարությունն իրեն մոտ կանգնած կազմակերպություններին է ֆինանսավորում, այդ թվում՝ այն ՀԿ-ներին, որոնք դրսից, ի մասնավորի՝ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ունեն, ինչպիսին իրենց ՀԿ-ն է։

«Նորից եմ ասում՝ նախ մենք դիմել էինք, իսկ մանրամասները եւ նաեւ գնահատականները Ձեր հարցերի կարող է տալ մեր գործադիր տնօրենը»,- ասաց նա։ Հարցին՝ երբեւէ եղե՞լ է, որ նախորդ իշխանությունները դիմեն կառավարությանն ու թեկուզ մերժում ստանան, Վարուժան Հոկտանյանը տվեց բացասական պատասխան։ «Նախորդ իշխանությունները, ես ինչքան հիշում եմ, նաեւ դիտորդության համար երբեք որեւէ մեկին գումար չեն տրամադրել։ Եվ դիմող էլ, չգիտեմ, եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա` հավելելով, որ նախկինում իրենք դիտորդություն իրականացրել են իրենց ստացած դրամաշնորհներով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ իրենց մասով ասաց, որ նախկինում Արցախում դիտորդական առաքելություն չեն իրականացրել, որովհետեւ նախկինում կառավարությունը փող չի տվել։ Իսկ նախկինում երբեւէ դիմե՞լ են կառավարությանը, որ փող տար իրենց, Իոաննիսյանն ասաց․ «Նախկինում երբեք չենք դիմել, որովհետեւ դիմել մի կառավարությանը, որն ընտրություններ էր կեղծում, որպեսզի էդ կառավարությունը փող տար, որ Արցախում հետեւեինք, որ ընտրությունները չկեղծվեին, համաձայնեք՝ մի քիչ ծիծաղելի կլիներ։ Դա նույնն է, որ գնաս հանցագործից փող վերցնես, ասես՝ ինձ փող տուր, որ ես հանցավորության դեմ պայքարեմ։ Տենց չի լինում»։

Դիտարկմանը, թե այսօր կառավարության տված գումարն իրենց չի՞ կաշկանդում, որ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների մասին գրեն, այն ժամանակ էլ կարող էին չկաշկանդվել կեղծիք բացահայտելու հարցում, Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Հարցը կաշկանդելը չէ, ինձ սխալ հասկացաք, հարցը ոչ թե այն է, որ էդ փողը մեզ կկաշկանդեր կամ չէր կաշկանդի, հարցն այն է, որ դա էն աստիճանի անհեթեթ սցենար է, որ անգամ քննարկման հարց չէ։ Բնականաբար, կառավարությունը մեզ փող չէր տա։ Դուք հասկանո՞ւմ եք, նախկին կառավարությունն այն կառավարությունն էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ուզում էր 65 մլն դրամ պոկած լիներ ընտրությունների հետ կապված մեր հայտնի հետաքննության համար։ Ու Դուք ասում եք՝ էդ կառավարությունն ինչի՞ ձեզ փող չէր տալիս։ Դա անհեթեթ է։ Հիմա, եթե ես նախկին կառավարությանն առաջարկեի, որ ինձ փող տային, որ ես ընտրախախտումների դեմ պայքարեի Արցախում, Հայաստանում կամ որեւիցե մի տեղ, Դուք՝ որպես լրագրող, ծիծաղի առարկա էիք ինձ դարձնելու ու ճիշտ էլ կանեիք»։

Ինչ վերաբերում է կառավարության տրամադրած գումարի չափին, ապա Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այնպես չէ, թե իրենց հատկացրած այդ 16.2 մլն դրամից իրենք բարձր աշխատավարձ կամ հոնորար են ստանալու։ «Բոլորիս աշխատավարձերը, հոնորարները շատ ավելի ցածր են, քան երբեւիցե նախկինում մենք ստացել ենք Հայաստանում նման բան անելու համար։ Բայց Արցախում, բնականաբար, դժվար է, որովհետեւ շատերս պիտի վեր կենանք գնանք Արցախ եւ այլն։ Այդ ամենով հանդերձ՝ մեր բոորիս հոնորարները շատ ավելի քիչ են՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք ՀՀ հարկատուների փողերի հետ, եւ պետք է որեւիցե կասկած չլինի, որ մենք մի լումա ավել անգամ չենք ծախսել։ Իմ հոնորարն անգամ, որ քանի անգամ պիտի քշեմ-գնամ Արցախ, գամ, համակարգեմ եւ այլն, էդ ամեն ինչի համար իմ հոնորարն անգամ 200 հազար դրամից քիչ է լինելու»,- ասաց Իոաննիսյանը։

hraparak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: