09/19/2019

Պետք է գործող հանքարդյունաբերողների սանձերը քաշել. ՀԿ-ի նախագահ

Պետք է գործող հանքարդյունաբերողների սանձերը քաշել. ՀԿ-ի նախագահ

Համացանցում տարածված Արծվանիկի պոչամբարի պարզվածքի վերաբերյալ ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարից հեռացվող հոսքաջրերի թունելախորշի սկզբնամասում։ Կատարվել են հոսքաջրերի նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ:

Համացանցում տարածվել է Կայուն զարգացում ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի կողմից տեղադրված տեսանյութը, որը նոր չէ, և ինչպես Analitik.am-ի հետ զրույցում հավաստեց նա, նման վիճակներ Արծվանիկի պոչամբարից մշտապես տեղի է ունենում, ուղղակի այս անգամ պատահական մի տեսանյութ պարզապես դրել է իր ֆեյսբուքյան էջին:

Հիշեցնենք, որ Արծվանիկի պոչամբարը «Զանգեզուրի պղնաձամոլիբդենային կոմբինատին» է պատկանում, այն Քաջարանից անցնում է շուրջ 40 կմ խողովակների մեջ և թափվում Արծվանիկ գյուղի հարևանությամբ գտնվող պոչամբարը՝ Կապանից ոչ հեռու: Խողովակներով պոչամբար հասնող պոչերի պինդ զանգվածը նստում է հատակին և հեղուկ մասը մակերևութային ջրերի հետ արտահոսում է պոչամբարից, այն է՝ պարզվածքը:

«Դա Արծվանիկի պոչամբարի պարզվածքն է, որը թափվում է Նորաշենիկ, այնուհետև`Ողջի գետ և գնում խառնվում է Արաքսին, իսկ ճանապարհին այդ ջրով հարևան համայնքների բնակիչները ոռոգում են իրենց այգիները և բանջարանոցները, ստացված բանջարեղենով և սնվում են, և վաճառում»,- ասաց նա:

Ըստ Արմեն Փարսադանյանի, օրենքով թույլատրվում է, որ պոչամբարի պարզվածքը լցվի գետը, սակայն կան սահմանելի կոնցենտարցիան չգերազանցող նորմեր, որը ևս բնապահպանական լուրջ խնդիր է, քանի որ պարզվածքի մեջ ոչ միայն ծանր մետաղներ կան, այլև՝ տոքսիկ նյութեր, ռեագենտներ, որոնք հանքաքարի մշակման ժամանակ օգտագործվում են հանքաքարից պղնձամոլիբդենը կորզելու համար. դա նույնպես խառնվում է ջրին:

Համոզվելու համար, որ տոքսիկ նյութեր են խառնվում ջրին, Ա. Փարսադանյանի հավաստմամբ, բավական է միայն լինել տարածքում, սուր հոտը բավական է սրտխառնոց առաջացնելու համար:

«Ես բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ խնդիրը`ահազանգերի հիման վրա, ինձ ասում են կվերացնեն, սակայն խնդիրը մինչև այժմ լուծված չէ, մնացել է: Ոչ միայն մնացել է, նաև արտահոսքի ծավալներն են մեծացել և կոնցենտրացիայի քանակը: Դա պետք է չեզոքացվի, հետո՝ արտահոսքը»,- ասաց նա:

Կայուն զարգացում ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի տեղեկացմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ավելացրել է արտադրության ծավալները`շուրջ 22-25 մլմն տոննա տարեկան: Նախկինում Շրջակա միջավայրի ազդեցության գնահատաման (ՇՄԱԳ) նախագծով թույլատրվել էր 12 մլն տոննա, սակայն շահագործվում էր 15-19 մլն տոննա: Խախտումներ եղել են և բնապահպանական տեսչական մարմինը արձանագրել է դրանք:

Նա նաև շեշտեց, որ պարզվածքի արտահոսումը պոչամբարից անգամ վթար չի համարվում, եթե կոնցենտարցիան գերազանցում է, ապա խախտում է: Հարցը լուծվում է բնապահպանական վճարների միջոցով, որոնք կոպեկներ են: «Սա աբսուրդ վիճակ է»,- շեշտեց նա՝ հավելելով, որ «Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատի» խողովակի վթարների հետևանքով անգամ խյուսն է հոսել դեպի գետ. նման խնդիրներ բազմիցս առաջացել են. «Նրանք, ովքեր նոր հանքերի շահագործման մասին են խոսում, թող առկա խնդիրները վերացնեն և տեսնեն, թե ինչ է նշանակում հանք շահագործելը»:

Նա նաև նշեց, որ հնարավոր չէ նորագույն տեխնոլոգիաներ կիրառելով անվնաս հանք շահագործել, հնարավոր է ուղղակի կառավարել բնապահպանական ռիսկները. «Իմ նպատակը ոչ թե գործող պոչամբարների խնդիրը լուծելն է, այլ հանքարդյունաբերական խնդիրների լուծումը: Արդեն իսկ գործողները կան, որոնց սանձերը պետք է քաշվի. բնապահպանական, սոցիալական պահանջները պետք է բարձր նիշի վրա դրվի: Պետք է նաև վերանայվի րենսդրական դաշտը, ոչ թե հարց դրվի վնասի փոխհատուցման մակարդակում, պետք է լինի կանխարգելում, իսկ սրա համար ժամանակ է պետք և ցանկություն»,- շեշտեց Կայուն զարգացում ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Գոհար Ստեփանյան

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: