09/17/2019

Վարչապետը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին

Վարչապետը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ  բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրեցին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով:

«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ: Եվ ես ուզում եմ այսօրվա առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար: Ցանկանում եմ հույս, ցանկություն և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված: Այո՛, նոր ժամանակներում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում: Եվ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակներն արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին: «Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին: Եվ այս առումով, իհարկե, մենք պետք է նույնքան մեծ ուշադրություն դարձնենք արտակարգ իրավիճակների նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Եվ ինչքան էլ մենք արձանագրենք, որ, այո, կլիմայական փոփոխություններն արտակարգ իրավիճակների ռիսկերը մեծացնում են, միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այդ ռիսկերը դառնում են կոնկրետ մարտահրավերներ բացառապես մարդկային գործոնի բերումով: Եվ այս առումով, կարծում եմ, Արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մինչև վերջ և ամբողջությամբ գնահատել, գիտակցել, թե առաջին հայացքից անմեղ թվացող իր պահվածքն ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Եվ մենք առավել մեծ ռեսուրսներ ու ժամանակ պետք է ծախսենք այս խնդրի լուծման համար, որովհետև կանխարգելման աշխատանքներն իրականացնելը միշտ էլ ավելի արդյունավետ է, ավելի պակաս ծախսատար և ավելի կարևոր»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փրկարար ծառայության դերն ամեն օրվա հետ մեծանում է նաև առօրյա կյանքում, որովհետև, ցավոք, մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են տեղի ունենում, երբ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը:

«Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայության վարկանիշը, վստահելիության մակարդակը հանրության շրջանում գնալով անընդհատ ու անընդհատ մեծացել է: Եվ սա, կարծում եմ, ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր գնահատականն է: Եվ պետք է արձանագրել, որ քաղաքացիների, հանրության վստահությունն այն ամենակարևոր արժեքն է, որը ձեռք բերելը չափազանց դժվար է և կորցնելը՝ չափազանց հեշտ: Այս առումով, ես համոզված եմ, որ դուք բոլորդ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Եվս մեկ անգամ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով, ևս մեկ անգամ թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել  կատարած աշխատանքի համար և առանձնահատուկ ընդգծել այս տարի հրդեհաշիջման  աշխատանքներում ձեր ցուցաբերած բացառիկ և առանձնակի նվիրվածությունը: Շնորհակալություն եմ հայտնում և բարի ու անփորձանք ծառայություն մաղթում ձեզ սիրելի փրկարարներ, արտակարգ իրավիճակների սիրելի աշխատողներ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:             

Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են պետական պարգևներով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: «Երախտագիտության» մեդալով է պարգևատրվել ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար, ՓԾ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյանը:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հրահանգիչ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետի տեղակալ, փրկարարական ծառայության կապիտան Արթուր Մարդանյանը, ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ Վահե Մելքոնյանը: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: