10/14/2019

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար կառավարությունը 1 մլրդ 665 մլն 675 հզր դրամ հատկացրեց

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար կառավարությունը 1 մլրդ 665 մլն 675 հզր դրամ հատկացրեց

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց գումար հատկացնել Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից  10 %-ով բարձրացնելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է 2019 թվականին հատկացնել 1 միլիարդ 665 միլիոն 675 հազար դրամ, որպեսզի 38 հազար ուսուցչի ֆիքսված աշխատավարձը 10 տոկոս բարձրանա:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ դպրոցներում կրճատումներ են իրականացվում, որպեսզի իրագործվի աշխատավարձերի այս բարձրացումը, նախարարը պարզաբանեց՝ կրճատումները եղել են այնպիսին, ինչպիսին բոլոր տարիներին և այս գործընթացի հետ կապված ոչ մի կրճատում չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է համոզված լինեն, որ դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, և պետք է մեխանիզմ լինի, որպեսզի հասկանան, թե այս փոփոխությունները հանրակրթության որակի վրա ինչպես են ազդում:

«Աշխատավարձերի այս աճը չենք համրում հեղափոխական, բայց սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի վստահաբար: Այսինքն՝ այն պահին, երբ մենք համոզվենք, որ աշխատավարձի բարձրացումը իր հետ անխուսափելիորեն բերում է ուսուցչական կադրերի մատուցած ծառայության որակի բարձրացում, սա կլինի անընդհատ»,-ասաց վարչապետը և հավելեց, որ այստեղ շատ մեծ պատասխանատվություն է դրված հենց դպրոցների վրա, որպեսզի բարձր որակավորում ունեցող ուսուցչին տարբերենք ոչ բարձր որակավորում ունեցողներից:

Վարչապետը խնդիր համարեց այն, որ մեկ հաստիքը կարող է 4 ուսուցչի միջև բաշխվել և յուրաքանչյուրը ստանա 25 հազար դրամ: Վարչապետի խոսքով՝ դա նրա արդյունք է, որ ծանոթ-բարեկամներով հաստիքները բաշխել են պարզապես զբաղվածություն ապահովելու համար, ընտրություններին ձայն բերելու համար. «Մենք ափալ-թափալ գործողություններ չանելով պետք է այս օրակարգը լուծենք և հարց տանք՝ այն ուսուցիչը, որ համաձայն է 25 հազար դրամով գնալ աշխատանքի, ի՞նչ է տալու երեխաներին»:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: