12/13/2019

Վարորդներին վերաբերող բալային համակարգի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Վարորդներին վերաբերող բալային համակարգի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել է ՀՀ կառավարությունը:

Այս նախագծով կարգավորվում է նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից ազգային վարորդական վկայականով մեքենա վարելու հարցը։

Նախագծի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ավելի վաղ նշել էր, որ, ընդհանուր առմամբ, երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարման հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն:

Ըստ նախագծի` կարգելվի նաւ ՀՀ–ում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը երեկ հայտնել էր, որ արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: