10/21/2019

Փաշինյանը վերահաստատեց ԼՂ հակամարտության ընդունելի լուծման վերաբերյալ իր տեսակետը

Փաշինյանը վերահաստատեց ԼՂ հակամարտության ընդունելի լուծման վերաբերյալ իր տեսակետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին վարչապետը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության հայտնած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով:

«Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի դեպ, ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաև Հայաստանում քննադատվել եմ: Ես համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանի իշխանությունից: Իմ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց նման հայտարարություն չի արվել, և փոխարենն ասվել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի հայտնած դիրքորոշմանը Հայաստանը համարժեք պատասխան ունի:

«Եթե այս ամենի կոնտեքստում Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այն իմաստով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա կարող ենք արձանագրել, որ, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի` Արցախը Հայաստան է, և վե'րջ»,- նշեց Փաշինյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: