10/21/2019

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու նախագիծը

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 102 կողմ և 1 դեմ ձայներով:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր Վարազդատ Կարապետյանը։

Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68  հազար դարձնելու տարբերակին:

Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնելու:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: