10/21/2019

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ ուսուցիչներ ու մանկավարժական աշխատանքի վետերաններ

Ջերմորեն ու առանձնահատուկ հարգանքով շնորհավորում եմ բոլորիդ այսօր մեր հանրապետությունում նշվող Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Հոկտեմբերի 5-ի մասնագիտական տոնին մաղթում եմ ձեզ չմարող եռանդ ու լավատեսություն, համբերատարություն ու օր օրի ավելացող իմաստնություն, առողջություն ու աներեր հեղինակություն, չնայած, բոլորս ենք համոզված, որ անչափ պատասխանատու եւ մեր հանրության համար կենսական ձեր աշխատանքում դուք ամեն օր եք արժանի գնահատանքի եւ ուշադրության։

Շնորհակալությո՛ւն ձեր նվիրվածության ու սահմաններ չունեցող մասնագիտությանը հավատարմորեն ծառայելու, սաների հանդեպ անկեղծ սիրո ու ջերմության համար, գրքային դասերից զատ սերունդների մեջ բարություն, արդարամտություն, մարդասիրություն դաստիարակելու համար․ ամենքս ենք գիտակցում, որ մեզ կրթած ուսուցիչներին ենք պարտական ոչ միայն ստացած գիտելիքների, այլեւ մեր արժեհամակարգի, կյանքի ճանապարհը կառուցելու պատկերացումների համար։

Մասնագիտությունը, որն ընտրել եք, ոչ միայն աշխատանք է, այլեւ կոչում ու հավատամք, որում առանց սիրո, բարեխղճության ու նվիրվածության անհնար է հաջողության հասնել ու բարի անուն վաստակել։ Իսկ այդ սերն ու նվիրումը առաջին հերթին զգում են ձեր սաները եւ կյանքում ամեն հաջողված քայլն անելիս՝
երախտապարտորեն հիշում դրա հիմքը դնողներին՝ իրենց ուսուցիչներին։

Մանկավարժի աշխատանքի ամենակարեւոր պարգեւը աշակերտների ուրախ դեմքերն են, նրանց ծնողների հարգալից հայացքներն ու գործընկերների գնահատականը։

Հարգելի՛ ուսուցիչներ, մեր երկրի բոլոր բնագավառների զարգացման հիմքը որակյալ կրթությունն է, ուստի, եւս մեկ անգամ շնորհավորելով, ցանկանում եմ ձեզ նաեւ սովորեցնելուց բացի մշտապես սովորելու մղում, ժամանակին համահունչ քայլելու ունակություն, մասնագիտական նորարարություններ, իսկ ձեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: