11/22/2019

Ուխտագնացություն Մելիք Հայկազն 2-րդի մատուռ-դամբարան. ռազմական ու պետական նշանավոր գործչի գերեզմանը շարունակում է մնալ եղծված ու անարգված

Ուխտագնացություն Մելիք Հայկազն 2-րդի մատուռ-դամբարան. ռազմական ու պետական նշանավոր գործչի գերեզմանը շարունակում է մնալ եղծված ու անարգված

2019 թ. հոկտեմբերի 25-ին «Սյունյաց երկիրը» հերթական անգամ այցելեց Մելիք Հայկազն 2-րդի գերեզման, որ գտնվում է Խանածախ գյուղում:

Արշավախմբի կազմում էին Ալվարդ Մեսրոպյանը, Սուրեն Վարդանյանը, Ռեդիկ Հայրապետյանը:

Դեռեւս 2013-ի մարտի 30-ին էր թողարկվել «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված Մելիք Հայկազն 2-րդին:

Բախտ եմ ունեցել խոսք ասել այդ համարում՝ «Մելիք Հայկազն 2-րդ. այր հզոր եւ դյուցազնական, իշխան երկրիս ու պանծալի անուն» վերտառությամբ:

Այդ ժամանակ էր, որ երջանկահիշատակ Ռոբերտ Կամոյանը, մեր խնդրանքով, առաջին անգամ հայտնապատկերեց Մելիք Հայկազն Բ-ին:

Մելիքի պատկերը վերապատկերելու համար Ռոբերտ Կամոյանն առաջնորդվեց Ներսես Մոկացու հայտնի պոեմով՝ «Ներբողական գովեստի…»:

Հատկապես Արեւելյան Հայաստանի եւ մասնավորապես Սյունիքի ու Արցախի ուշ միջնադարյան երեք-չորս դարերի (15-18-րդ դարեր) պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց մելիքությունների:

Իսկ նշանավոր մելիքներից մեկը, եթե ոչ ամենանշանավորը, Մելիք Հայկազն 2-րդն էր, ով 17-րդ դարի առաջին կեսում եղավ հայոց ինքնիշխանության արժանապատիվ  կրողը Սյունիքի մեծ մասում (Քաշաթաղ-Փոքր Սյունիք, Աղահեջք-Քաշաթաղ, Քաշաթաղ-Խանածախ, Քաշաթաղ-Ձագեձոր անվանումներով):

Մելիք Հայկազն 2-րդի իշխանությունը ճանաչել էր ժամանակի գերտերություններից մեկը՝ Սեֆյան Պարսկաստանը:

Ահա եւ Սեֆյան Շահ Աբբաս Ա-ի 1609 թ. հրովարտակը.

«Արքայական հրաման եղավ հետեւյալի մասին.

Լավագույն քրիստոնյա Քուշթասիֆի Մելիք Հայկազը նորին սրբությանը զեկուցեց, որ նախքան Գանջայի վիլայեթի՝ հաղթական պետության տիրապետության տակ անցնելը, մի խումբ հակառակորդի կողմն անցած մարդկանց եւ օսմանցիների, որոնք անցնում էին օսմանցիների երկիրը, ինքը բռնել եւ  ուղարկել է բարձրագույն դուռը: Այժմ որոշ մարդիկ ցանկանալով վրեժխնդիր լինել այն գործերի համար, որոնք տեղի են ունեցել նախքան այս վիլայեթի՝ հաղթական պետության տիրապետության տակ անցնելը, հիշյալ մելիքին հետապնդում եւ անհանգստություն են պատճառում: Ուստի որոշեցինք, որ ոչ մի արարած չհամարձակվի օսմանցիների չարաբաստիկ ժամանակներում կատարած գործերի պատճառով հիշյալ մելիքին նեղություն տալ եւ անհանգստություն պատճառել, եւ թող զգուշանան անհնազանդությունից. այդպիսիք ենթակա են պատժի:

Ամեն դեպքում այս թող ընդունեն որպես խիստ կարգադրություն եւ իրենց պարտականությունը համարեն:

Գրվեց 1017 թվականի զիկաադա ամսին (1609 թ. փետրվար 6-մարտի 7) »:

Ներսես Մոկացու պոեմի մասին արդեն իսկ ակնարկ եղավ:

Այդ պոեմում, որ հիանալիորեն վերլուծել եւ ընթերցողին է ներկայացրել անվանի գրականագետ, Սյունյաց աշխարհի նշանավոր դուստր, ՀՀ  ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը, Մելիք Հայկազն 2-րդը համեմատվում է առասպելական Տիգրանի հետ:

Խոսքը Տիգրան Երվանդյանի (Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535) մասին է, որ վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն եւ վճռորոշ ճակատամարտում սպանել այդ երկրի թագավորին՝ Աստիագեսին (հայկական աղբյուրներում՝ Աժդահակ):

Հաղթական այդ մարտի շնորհիվ է ծնվել «Տիգրան եւ Աժդահակ» հին հայկական առասպելավիպական շարքին պատկանող առանձին վեպը՝ «Մեծն Տիգրանի վեպը»՝ ավանդված Մովսես Խորենացու «Հայոց պատմությամբ»:

Աժդահակին տապալած, Մարաստան հզոր պետությանը պարտության մատնելու գործում մեծ ավանդ ունեցած Տիգրանի հետ է համեմատվում Մելիք Հայկազն 2-րդը:

Ահա մի քանի տող Ներսես Մոկացու պոեմից.

«Նմանիլ Հայկազնին Տիգրան,

Որ յունաց յաղթող գտաւ

Եւ սկիւթացոց հիւսիսական,

Որոյ ի դիմի հարաւ

Քուրդըն մեծ՝ վիշապ Աժդահան»:

Ինչպես նշեցինք, Մելիք Հայկազն 2-րդին ժամանակին նվիրել ենք «Սյունյաց երկրի» մի ամբողջ համար:

Բայց ավելորդ չենք համարում վերստին հիշեցնել, որ 17-րդ դարի առաջին կեսում նա կարողացել է ոչ միայն ապահովել Սյունիքի անվտանգությունը, այլեւ…

Նրա հովանու ներքո է կառուցվել եւ գործել Հարանց (Սյունյաց) մեծ ու հռչակավոր  անապատը:

Նրա հովանու ներքո են բնակեցվել Սյունյաց աշխարհի մի շարք գյուղեր, որ անմարդաբնակ էին դարձել:

Նրա հովանու ներքո էին Սյունիքի մի քանի տասնյակ գյուղերում վերաշինվել եկեղեցիներ, որոնք կանգուն են մինչեւ այսօր:

Նրա նախաձեռնությամբ էին Սյունիքում եւ Արցախում կառուցվել բազմաթիվ անապատներ, որոնք այդ օրերում հոգեւոր-մշակութային բացառիկ դեր խաղացին հայոց մեջ:

Եվ ոչ միայն Սյունիքի, այլեւ հայ ժողովրդի պատմության մեջ մեծ դեր խաղացած այդ անձնավորության, ռազմական ու պետական գործչի գերեզմանն այսօր գտնվում է ամոթալի վիճակում:

Դեռեւս խորհրդային տարիներին պղծել են այդ մատուռ-դամբարանը. մուտքի քարերն են հանել-տարել…

Մատուռի ներսի տապանաքարը, որ տեսել են տարեց խանածախցիները, այլեւս չկա…

Մատուռ -դամբարանից մի քանի մետր հեռավորության վրա ինչ-որ  ընտանիքի արտաքնոցն է…

Իսկ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու եւ մատուռ-դամբարանի միջեւ ընկած տարածքը, որ ժամանակին գերեզմանոց է եղել, հիմա աղբավայր է…

Ամոթ բոլոր նրանց, ովքեր կոչված էին այդ գերեզմանը պաշտպանելու-պահպանելու, բայց չարեցին:

Ամոթ նրանց, ովքեր կոչված են (գոնե այսօր) լուծելու նման հարցեր, բայց չեն անում:

Գոնե ուշացումով կգտնվի՞ մեկը, որ մեր ազգային մեծերից մեկի՝ Մելիք Հայկազն 2-րդի մատուռ-դամբարանը կվերականգնի կամ դրա վերականգնումը կմտցնի պետական ծրագրերի մեջ:

Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների ամենահզոր ռազմական ու պետական գործիչներից մեկն իրավունք ունի ունենալ գոնե սովորական մի տապանաքար, ինչպիսին ունենում են բոլոր մահկանացուները:

 

Լուսանկարներում՝

-Մելիք Հայկազն 2-րդի նկարը՝ վերապատկերված Ռոբերտ Կամոյանի կողմից,

-Մելիք Հայկազն Ա-ի նստավայր Քաշաթաղը, որ հիմա Մելիքաշեն է կոչվում,

-Մելիք Հայկազն Բ-ի ապարանքը Խանածախում, որ որոշ փոփոխություններով պահպանվում է մինչեւ հիմա,

-Մելիք Հայկազն Բ-ի նախաձեռնությամբ Խանածախում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին,

-Մելիք Հայկազն Բ-ի մատուռ-դամբարանի անարգված մուտքը,

-Խանածախ գյուղը (համայնապատկեր)

-Խանածախի անապատը, որ հիմնվել է Մելիք Հայկազն 2-րդի հովանու ներքո:

 

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

 

 

Нет описания фото.

На изображении может находиться: дом, мост и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: небо и на улице

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, на улице и природа

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: