11/18/2019

Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելային մեգանախագիծ է իրականացվելու. Սուրեն Պապիկյան

Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելային մեգանախագիծ է իրականացվելու. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են կապիտալ ծախսերի շրջանակներում թերակատարվել ճանապարհաշինական աշխատանքները՝ ինն ամսիների տվյալներով կազմելով ընդամենը 32 տոկոս: Նախարարն ասաց՝ երկու պատճառ կա:

«Այս պահին ինն ամիսների համար արտացոլված է միայն այն, ինչ վճարվել է: Այսինքն՝ մենք ունենք ճանապարհներ, որոնք այս պահին վերին շերտն անգամ դրված է, բայց ընդունումից առաջ անհրաժեշտ է ճանապարհն ամբողջությամբ կահավորել: Մինչ կահավորումը, կատարողական ակտ ստորագրել և դրա համար վճարել մենք անկարող ենք: Այսինքն՝ ֆինանսական փոխանցումների մի մասը դեռևս չի կատարվել, քանի որ աշխատանքները վերջնական չեն ավարտվել»,- ասաց նա:

Երկրորդ գլխավոր պատճառն, ըստ Պապիկյանի, Հյուսիս-հարավ ճանապարհի երկու տրանշների խնդիրն է: «Երկրորդ և երրորդ տրանշի հետ կապված խնդիր կա գիտեք, մենք խզել ենք իսպանական Կորսան Կորվիամ ընկերության հետ պայմանագիրը՝ իրենց պարտականությունները չկատարելու և նաև այլ պատճառներով: Մյուսը չինական ընկերությունն է, մենք այնտեղ ծածկի փոփոխման և մի քանի այլ հարակից հարցեր ունենք: Հիմա չինական ընկերությունն ակտիվորեն աշխատում է: Կորսամի հատվածը մենք հիմա նախագծում ենք, քննարկում ենք մեկ ամբողջական լոտով մեկ մրցույթի դնելու հարցը: Նախնական փուլով առաջարկվում էր սահմանափակ մրցույթ իրականացնել և միայն կապալառուների միջոցով կատարել աշխատանքը, ես դրան սկզբունքորեն դեմ եմ, որովհետև կարծում եմ՝ դա այն ճանապարհն է, որին պետք է մասնակցեն աշխարհի զարգացած ընկերություններ: Մենք հնարավորություն ունենք արտերկրից իրական գործընկերներ ներգրավել, որ իրենք իրենց ներուժով նաև կփոխեն այն նշաձողը, որն այսօր կա ճանապարհաշինության ոլորտում»,- ասաց նախարարը: Պապիկյանն ասաց, որ հաջորդ տարի արդեն աշխատանքներն այս տեմպով չեն ընթանա, կարագանան:

Ըստ նրա՝ իրենք արդեն հայտարարել են, որ շուրջ 250 կմ հիմնանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն հանրապետությունում: Պետք կատարվեն գյուղական կենսական նշանակության 70 կմ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, ևս 70 կմ սկսված աշխատանքներ կան, որոնք պետք է ավարտվեն հաջորդ տարի: «Դրան զուգահեռ ևս 60 կմ մենք պետք է ունենանք միջին նորոգում, դրանք այն ճանապարհներն են, որոնք հիմքն ամբողջությամբ քանդելու ու նորից կառուցելու խնդիր չկա: Իսկ թունելային մեգանախագիծ կարելի է համարել Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածը, որը ունենալու է թունելային հատված: Հիմա դրա նախագծման աշխատանքներ են իրականացվում: Եվ դա պետք է լինի Հյուսիս-հարավի չորրորդ տրանշի ամենակարևոր նախագծերից մեկը»,- հավելեց Պապիկյանը:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: