06/06/2020

«Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ. ի՞նչ կապ ունի այդ ընկերությունը Վահե Հակոբյանի, Մհեր Պոլոսկովի հետ եւ ինչո՞վ է իրականում այդ ընկերությունը զբաղվում

«Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ. ի՞նչ կապ ունի այդ ընկերությունը Վահե Հակոբյանի, Մհեր Պոլոսկովի հետ եւ ինչո՞վ է իրականում այդ ընկերությունը զբաղվում

Սյունիքի մարզի բնակիչներին շարունակում են մտահոգել ստորեւ հրապարակվող հոդվածում բարձրացված հարցերը

2017 թ. հուլիսի 1-ին հրապարակված այս հոդվածը, որքան էլ տարօրինակ է, առայսօր ուշադրության չի արժանացել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից

Նախորդ հոդվածում անդրադարձել էի Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի եկամուտների հայտարարագրին, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց: Մասնավորապես զարմանահրաշ էր միաժամանակ երեք պաշտոն զբաղեցնելու փաստը, այն էլ՝ ամսական միջինը 11 մլն դրամ աշխատավարձով: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր ընկերություններն են այդքան առատաձեռն եւ ինչի՞ համար են այդպես վճարում: Ուսումնասիրության արդյունքում բախվեցինք մի ընկերության, որն ունի մոտ 1 միլիարդ դրամ աշխատավարձի ֆոնդ, բայց ինչի համար է ծախսվում այդ գումարը, անհասկանալի է: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ահռելի աշխատավարձ են ստանում ուղղակի նրա համար, որ իրենք գոյություն ունեն: Ինչպես ժողովուրդը կասեր՝ «սիրուն աչքերի համար»:

 Այժմ՝ ավելի հանգամանալից: ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Վահե Հակոբյանը մինչ մարզպետ դառնալը 2016թ․ աշխատել է չորս գործատուի մոտ՝

1. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (այսուհետ՝ ԶՊՄԿ)՝ որպես  ադմինիստրատիվ տնօրեն, այնուհետեւ՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,

2. «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ՝ որպես կոմերցիոն տնօրեն,

3. «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊ ընկերության տնօրեն,

4. ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում մոնիթորինգի ծառայության մասնագետ:

Եթե ԶՊՄԿ-ն ներկայացնելու կարիք չկա, իսկ պետական ՊՈԱԿ-ում դժվար թե այդպիսի բարձր վարձատրություն լինի, ապա մյուս երկուսը բավականին հետաքրքրաշարժ են: Նրանք ստեղծվել են մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ սկսվել է Վահե Հակոբյանի պաշտոնական հարստության կառուցումը: Հարկային տեղեկատվությունից պարզ է դառնում, որ «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ-ն հաջողություն չունեցավ:

Ստորեւ՝ քաղվածք մյուս ընկերության վերաբերյալ:

 

Ընկերություն՝                                                   «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ

Գրառման ամսաթիվ՝                                         2012թ. հոկտեմբերի 5

Իրավաբանական հասցե՝                                     Երեւան, Այգեստան 5փ., 15, 0047

Գործունեության հասցե , Երեւան՝                    Սայաթ-Նովա 35-1, 0025

Տնօրեն՝ գրանցման պահին՝                                 Մհեր Պոլոսկով

Տնօրեն՝ այս պահին՝                                           Լուսինե Խաչատրյան (2015թ․ սեպտեմբեր 18-ից)

 

«ՀՀ պետական բյուջե երեք մլն դրամ եւ ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ հաշվետվություն»-ից ու «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների» հաշվետվությունների համադրումից հետաքրքրաշարժ իրողություններ ենք պարզում: 2014թ․ եւ 2015թ․ պետական բյուջե վճարված հարկերը ներկայացված են ստորեւ՝

 

Հազար դրամ                          2014թ․հարկային                         2015թ.  հարկային

                                               մարմինների կողմից                  մարմինների կողմից

                                                     հավաքված                                հավաքված

 

Ուղղակի հարկեր                              

- եկամտային հարկ                     169,449                                           306,616

- այլ ուղղակի հարկեր                  22,893                                              3,813

Անուղղակի հարկեր                        -                                                      270,073

Այլ  հարկեր                                 1,447                                                      503

Ընդամենը                                     193,789                                             581,005

 

2016թ․ վերաբերյալ ՀՀ պետական բյուջե 3 մլն դրամ եւ ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ հաշվետվությունը դեռ չի հրապարակվել: Բայց հաշվի առնելով, որ 2016թ. հարկային մարմիններին վճարած 554 մլն դրամը համադրելի է 2015թ. 581 մլն դրամին, տրամաբանական է ենթադրել, որ 2016թ. պատկերը համանման է:

2015թ․ սեպտեմբերի 18-ի ամսաթվով կատարվել է տնօրենի փոփոխություն, ու Մհեր Պոլոսկովին փոխարինելու է գալիս ոմն Լուսինե Լեւոնի Խաչատրյան՝ ID 007046170, գրանցման հասցե՝ Նոր Նորք, Ն. Ստեփանյան փ., 16/1 շ., 40 բն., 0062: Համացանցում գտնում ենք Լուսինե Խաչատրյանին ու պարզում, որ նա աշխատում է նաեւ որպես ԶՊՄԿ-ի տնօրենի օգնական: Եվ ըստ կայքի՝ նա այդ աշխատանքը համարում է ավելի առաջնային, քան «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրա ծննդյան տարեթիվն է սեպտեմբերի 12, 1979թ.: Հենց այս պահին մի վայրի միտք է հղանում. Վահե Հակոբյանի նոր կինն էլ գրանցված է Նոր Նորքում՝ Նանսենի 1 նրբ. 2 19, ու 1979թ․ օգոստոսի 26-ի ծնունդ էր: Այսինքն՝ մի քանի փողոցի տարբերություն: Հավանաբար նաեւ ընկերություն են արել, միգուցե նույնիսկ միեւնույն՝ թիվ 139 միջնակարգ դպրոցն են հաճախել: Եթե ենթադրությունը ճշմարիտ է, ապա դա թույլ է տալիս ենթադրել, որ Վահե Հակոբյանն է վերահսկում, թե 1 միլիարդ դրամ աշխատավարձից ում ինչ բաժին կհասնի:

Մի ընկերություն, որն էական շահույթներ չունի, բայց ունի առնվազն 1 միլիարդ դրամ աշխատավարձային ֆոնդ (սա կարող ենք պնդել՝ ելնելով 306 մլն դրամ եկամտային հարկի վճարման փաստից): Թե ովքեր էին այնտեղից աշխատավարձ ստանում Վահե Հակոբյանից զատ, պարզ չէ, քանզի այդ ընկերությունը մինչ այս որեւէ տեղ չէր երեւացել: Սա չափազանց կասկածելի է, քանզի 1 մլրդ դրամից ավելի աշխատավարձային ֆոնդով ընկերության մասին որեւէ բան պետք է որ հայտնի լիներ հայ իրականությանը: Օրինակ՝ նույն խմբի մեկ այլ ընկերություն՝ «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ն, 2015թ․ վճարել է 477,5 միլիոն եկամտային հարկ՝ ունենալով 550-ից ավելի աշխատակից: Հետաքրքիր է՝ քանի՞ աշխատակից ունի «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ն, եւ արդյո՞ք նրանք տեղակայված են Սայաթ-Նովա 35-1 հասցեում, թե՞ իրենց մոտ ուղղակի աշխատանքի չգնալու մշակույթ է քարոզվում, ու այս ընկերության գոյության իմաստը զուտ կողմնակի աչքերից հեռու բարձր աշխատավարձ վճարելն է:

Այսպիսի ընկերության առկայությունն ահռելի կոռուպցիոն ռիսկերի կասկածներ է հարուցում: Ցանկացած պաշտոնատար անձի կնոջը կամ զավակին կարող ես աշխատանքի ընդունել բարձր աշխատավարձով ու դեմքի լուրջ արտահայտությամբ աշխատավարձ վճարել ու դա երբեք կաշառք չանվանել: Այդ է պատճառը, որ հանրությունը պետք է իմանա այդ ընկերությունում գրանցված աշխատողների անուններն ու նրանց գործառույթներն այդ ընկերությունում:

Ստորեւ ներկայացված են փաստարկներ՝ ի պնդում այն բանի, որ այս ընկերությունը միջադիր ընկերություն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի եւ ինչ-որ այլ կազմակերպությունների միջեւ ու իրական գործառույթներ չունի, բացի 1 մլրդ դրամ աշխատավարձը «իրացնելուց».

- «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ տնօրենը ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի օգնականն է,

- պարզ չէ, թե ինչ գործունեությամբ է զբաղվում կամ ինչ արժեք է ստեղծում «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ն, եթե արտադրությունն իրականացվում է առանց իրեն, իսկ գնորդը նախապես հայտնի է: Հարկային մարմիններում որպես գործունեության տեսակ նշված է ոչինչ չասող «Տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ այլ բնագավառներում» արտահայտությունը,

- ընկերություն է, որը, ունենալով 1 մլրդ դրամը գերազանցող աշխատավարձի ֆոնդ, չունի որեւէ էական շահույթ,

- այս ընկերությունում աշխատող մեզ հայտնի երեք բարձր պաշտոն զբաղեցնող անհատներն էլ՝ Մհեր Պոլոսկով (նախկին տնօրեն), Վահե Հակոբյան (կոմերցիոն տնօրեն) եւ Լուսինե Խաչատրյան (ներկայիս տնօրեն), այնտեղ աշխատել են համատեղությամբ՝ դրանք համատեղելով նաեւ ԶՊՄԿ-ում աշխատանքի հետ,

- գերմանական «Քրոնիմետ» ընկերության կայքում «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս»-ի գործունեության վայր է նշված քաղաք Քաջարանը, այլ ոչ Երեւան, Սայաթ-Նովա 35-1, ինչպես նշված է պաշտոնական փաստաթղթերում:

Հ․Գ․ Մի փաստ էլ՝ մինչ 2016թ․ հոկտեմբերի 20-ը (դիմումը ներկայացվել է հոկտեմբերի 18-ին) Վահե Հակոբյանը հանդիսացել է «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ-ի տնօրենը, այսինքն՝ 2016թ․ հոկտեմբերի 6-ին նշանակվելով Սյունիքի մարզպետ՝ նա դեռ աշխատում էր առեւտրային ընկերությունում:

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ

1 հուլիսի 2017

«Սյունյաց երկիր» թերթ, N 24

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: