06/06/2020

Բեմահարթակում գորիսյան մշակույթն էր

Բեմահարթակում գորիսյան մշակույթն էր

Երկրորդ տարին անընդմեջ աշնանն անցկացվում է «Սյունիքյան մշակութային շրջագայություն» միջոցառումը։ Այս անգամ 20 օր շարունակ Սյունիքը մշակութային կյանքով էր ապրում։ Եղան փոխայցելություններ, միջոցառումների շրջանակում կապանյան մշակույթը ներկայացվեց Սիսիան համայնքում, սիսիանցիները հանդես եկան Քաջարանում, Մեղրին`  Գորիսում, Քաջարանը` Մեղրիում։

Նոյեմբերի 5-ին Կապանի մշակույթի կենտրոնում գորիսյան շունչն եր թեւածում։ Կենտրոնի փոքր դահլիճի սրահում ցուցահանդես էր. ներկայացված էին Գորիսի Պարոնյանի անվան արվեստի դպրոցի եւ Հենրիկ Իգիթյանի անվան գեղարվեստի ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի կերպարվեստի խմբակի սաների խեցեգործական, ձեռագործ աշխատանքները, կերպարվեստի այլ նմուշներ։ Հանդիսականը հնարավորություն ուներ ծանոթանալու գեղանկարիչներ Ժիրայր Մարտիրոսյանի եւ Արամ Մաշուրյանի գեղանկարչական աշխատանքներին, անհատ ստեղծագործողների գործերին։

Գորիսի երկրագիտական թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը ներկաներին հավելյալ տեղեկություններ հաղորդեց թանգարանի` այս ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշների մասին։ Էկրանին ցուցադրվում էին Գորիսի մշակույթը եւ սպորտն արտացոլող լուսանկարներ` 1950-ական թվականներից մինչեւ մեր օրերը։

Ցուցադրանքին ծանոթացան Կապանի եւ Գորիսի համայնքապետեր Գեւորգ Փարսյանը եւ Առուշ Առուշանյանը, մարզկենտրոնի տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ։

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները տեղափոխվեցին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ, որի բեմահարթակը տրամադրված էր Գորիսի ստեղծագործական ինքնագործունեության կոլեկտիվներին եւ անհատ կատարողներին, ովքեր հանդես եկան երգով, պարով, ասմունքով` անտարբեր չթողնելով հանդիսականին, ում պատկերացումը Գորիսի տարածաշրջանի մասին ամբողջացավ ցուցադրվող տեսաֆիլմերի միջոցով։

Գրական-երաժշտական համադրույթն ընդգրկում էր հայ ժողովրդի պատմության կարեւոր իրադարձությունները` դարասկզբից մինչեւ Արցախյան պատերազմ եւ Ապրիլյան հակամարտություն։

Միջոցառումը վարում էր Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Միքայել Մաշուրյանը։

«Սյունիքյան մշակութային շրջագայություն» միջոցառումը իրականություն դարձավ մարզպետարանի ենթակայության ներքո գործող «Մշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (տնօրեն` Վահե Արզումանյան)։

 

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: