12/13/2019

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

«Էրեբունի» ԲԿ–ում բացված նոր կենտրոնում ուռուցքների ախտորոշման արժեքը մոտ 40 000 դրամ կկազմի։ Բուժումն էլ ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի երկրներում։

 Վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների ախտորոշման ու բուժման համար այլևս կարիք չի լինի Հայաստանից մեկնել, քանի որ «Էրեբունի» ԲԿ–ում ստեղծվել է նոր` Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միջուկային բժշկության մասնագետ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն, որն էլ ղեկավարելու է կենտրոնի աշխատանքները։

Радиолог Наталия Шенгелия-де Ланге во время открытия Европейского центра ядерной медицины (8 ноября 2019). Еревaн
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Նատալյա Շենգելիա-դե Լանգե, միջուկային բժշկության մասնագետ

Ի դեպ, այսօր տեղի ունեցավ կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տարեկան Հայաստանից 200 մարդ էր գալիս Վրաստան` վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների բուժման համար, իսկ այս կենտրոնը հնարավորություն կտա նույն բուժումը ստանալ տեղում։ Ախտորոշման համար կենտրոնն ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները, այդ թվում` գերմանական հայտնի ընկերություններից մեկի արտադրության Գամմա խցիկով SPECT սարք»,–ասաց նա։

Открытие Европейского центра ядерной медицины (8 ноября 2019). Еревaн
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման նորաբաց կենտրոնը

Նրա խոսքով` այդ սարքի միջոցով հնարավոր է ախտորոշել նաև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները։ Անդրադառնալով բուժմանը` մասնագետը հայտնեց, որ բուժումն իրականացվելու է ռոդիոակտիվ յոդի միջոցով։

Շենգելիա-դե Լանգեն նշեց նաև, որ կենտրոնում աշխատող բոլոր մասնագետները վերապատրաստվել են։ Ըստ նրա` կենտրոնում կան բոլոր հնարավոր միջոցները, որոնք թույլ կտան բժիշկներին ու ֆիզիկոսներին համատեղ աշխատել` այցելուի համար ամենաբարձր որակի թերապիա ապահովելու համար։

Открытие Европейского центра ядерной медицины (8 ноября 2019). Еревaн
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման նորաբաց կենտրոնը

«Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ կենտրոնի կառուցման համար 600 մլն դրամից ավել ներդրում է արվել։ Կենտրոնը ստեղծվել է միայն հիվանդանոցի ղեկավարության միջոցներով։

Նրա խոսքով` Հայաստանում տարեկան վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների 200  նոր դեպք է հայտնաբերվում ու այդքան մարդ ստիպված է լինում մեկնել` դրսում բուժում ստանալու։

«Կենտրոնը կառուցվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, անգամ շինարարությունը սովորական չէ։ Օրինակ` 70 տոննա արճիճ ենք օգտագործել պատերի կառուցման համար լուծելով տարածքի` ռադիոակտիվ նյութերից անվտանգության հարցը»,–ասաց նա։

Открытие Европейского центра ядерной медицины (8 ноября 2019). Еревaн
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման նորաբաց կենտրոնը

Կենտրոնում, ի դեպ, հետազոտություններն իրականացվելու են իզոտոպների միջոցով, որը ներմուծվելու է եվրոպական ընկերություններից մեկից։ Մանուկյանը հույս հայտնեց, որ մեր ֆիզիկոսներն առաջիկայում իզոտոպներ կստեղծեն, ու կարիք չի լինի դրանք դրսից բերել։

Իսկ թե որքա՞ն կարժենան կենտրոնում բուժման ծախսերը` դեռ հաշվարկ են անում, սակայն կենտրոնի տնօրինությունը վստահեցնում է` այն ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի երկրներում բուժվելը։ Հետազոտության արժեքը, ըստ Մանուկյանի, 40 000 դրամի շրջանակում կլինի։

Մանուկյանը հայտնեց նաև, որ բանակցում են այն ընկերության հետ, որից իզոտոպներ են գնում, որպեսզի յոդաթերապիայի ուրիշ դեղեր էլ գնեն, որոնք քաղցկեղի այլ տեսակների բուժման համար են, օրինակ` արգանդի քաղցկեղի։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: