11/17/2019

Օլիմպիադաներում բարձր արդյունքի հասած աշակերտները 2020 թ–ից անվանական կրթաթոշակ կստանան

Օլիմպիադաներում բարձր արդյունքի հասած աշակերտները 2020 թ–ից անվանական կրթաթոշակ կստանան

Ամսական կրթաթոշակներ կկարողանան ստանալ և՛ միջազգային, և՛ հանրապետական օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցադրած դպրոցկանները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

  • միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․
  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
  • եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ,

միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

Կրթաթոշակը սովորողներին տրվելու է հաստատությունների միջոցով` մեկ տարվա համար (ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ): Սահմանվել է նաև, որ կրթաթոշակ ստացողների ցանկում միաժամանակ երկու կամ երեք հիմքով ընդգրկվելու դեպքում սովորողը կստանա կրթաթոշակ՝ դրանց հանրագումարի չափով:

2020 թ. պետական բյուջեի նախագծում ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի համար նախատեսվել է ավելի քան 35 մլն դրամ, որը կտրամադրվի օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 370 աշակերտի: Համեմատության համար նշենք, որ 2018 թ. մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող դպրոցների գերազանց առաջադիմությամբ, ինչպես նաև հանրապետական և միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 300 աշակերտի կրթաթոշակի համար հատկացվել է մոտ 13 մլն դրամ: Ընդ որում, նշված 300 աշակերտներն ընդգրկված են եղել մասնագիտացված 4 դպրոցներում, իսկ նախարարության անվանական կրթաթոշակը նախատեսված է ՀՀ բոլոր դպրոցների համար, եթե այդ դպրոցներում կան սահմանված չափանիշներին բավարարող աշակերտներ:

armeniasputnik.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: