06/05/2020

«Շոր եւ Շորշոր» փաստաբանական թիմը մի փոքր շտապել էր՝ հայտարարելով «Սյունյաց երկրի» դեմ դատարանում տարած «հաղթանակի» մասին

«Շոր եւ Շորշոր» փաստաբանական թիմը մի փոքր շտապել էր՝ հայտարարելով «Սյունյաց երկրի» դեմ դատարանում տարած «հաղթանակի» մասին

Սյունիք ներխուժած գաղութարարներին սպասարկող ինչ-որ հեռուստածրագիր 2019 թ. սեպտեմբերի 16-ին մի տեսանյութ ներկայացրեց՝ «Սուտը արժե 300 հազար դրամ» վերտառությամբ:

Ամբողջ նյութն այն մասին է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործով 2019 թ. սեպտեմբերի 6-ին վճիռ է կայացրել ընդդեմ Սամվել Ալեքսանյանի:

Նախօրեին մի կին էր զանգահարել՝ ներկայանալով մեզ անհայտ ինչ-որ անվամբ եւ խնդրել մեր վերաբերմունքը դատարանի տվյալ վճռի հանդեպ:

Մենք չճանաչեցինք այդ տիկնոջը, բայց ձայնից զգացինք, որ գործ ունենք զառամ մի անձնավորության հետ, ուստի եւ պատկառանքով պատասխանեցինք՝ երկու օրից մեր ասելիքը կհնչեցնենք։

Բայց երկու օր հետո չհասցրինք արձագանքել դատարանի վճռին, քանզի չէինք հասցրել (զբաղվածության պատճառով) մեր դիրքորոշումն ընդհանրացնել:

Մինչդեռ՝ մեկ-երկու օր հետո սփռվեց այդ հեռուստաբեմադրությունը։

Եվ հիմա որոշեցինք պատասխան խոսքով հանդես գալ…

Սկսենք վերջից…

2019 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել տվյալ քաղաքացիական գործով Սամվել Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը եւ նշանակել դատական նիստ 2020 թ. հունվարի 23-ին:

Այնպես որ՝ «հաղթանակը», որի մասին շտապեցին հարայ-հրոց բարձրացնել ամբողջ հանրապետությունով մեկ, դեռեւս քննության-վիճարկման փուլում է:

Ու դեռ հարց է, թե ինչ վերջաբան կունենա Սյունյաց աշխարհում մոռացության մատնված այդ տղայի հայցը։

Փոքրիկ տեղեկանք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործը:

2018 թ. հունիսի 14-ին Սամվել Ալեքսանյանն ասուլիս է տվել Երեւանում՝ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում:

Այդ օրերին պաշտոնից հեռացված Վահե Ա. Հակոբյանը եկել է եզրակացության, որ նշված ասուլիսում Սամվել Ալեքսանյանն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:

Ըստ հայցադիմումի՝ վիրավորական են եղել հետեւյալ արտահայտությունները՝

- Ս. Ալեքսանյանը նշել է. «Սյունիքի մարզում պետք է մեկընդմիշտ փակվի վահեհակոբյանական ամոթալի էջը, այդ էջը մեր պատմության…, թույլ տվեք ասել, ամենաամոթալի եւ անպատվաբեր էջն է»,

- Ս. Ալեքսանյանը, խոսելով Վ. Հակոբյանի գործունեության մասին, տարբեր համատեքստերում օգտագործում է «մարզպետի կամայականություններ» արտահայտությունը,

- մեկ այլ դրվագում Ս. Ալեքսանյանը Վ. Հակոբյանի գործունեությունը համեմատում է «քոչվորների», «օտարականների», «Կաղ Թեմուրի», «մոնղոլական-թաթարական արշավանքների զորավարների հետ»:

 Ըստ հայցադիմումի՝ զրպարտող տեղեկություններ են պարունակում հետեւյալ արտահայտությունները՝

- … Վահե Հակոբյանը Սյունիքի մարզից տարած, չեմ ուզում ասել գողացած, թեեւ կարող եմ նաեւ այդպես ասել, այդ ամենը պետք է հետ բերի Սյունիք: Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի Հանրապետության մի պաշտոնյա, ում աշխատավարձը, ասենք կազմում է մոտավորապես 600 հազար դրամ, մեկ տարվա մեջ, խոսքը 2017 թ. մասին է, կուտակի 1.5 մլն դոլար ունեցվածք, այդպես չի լինում…Նախ պետք է լուսաբանվի՝ այդ գումարներն ինչպես են ստացվել, եւ երկրորդ՝ պետք է բերվեն մեր պետական գանձարան:

- …Նրա շահագրգռությամբ, նրա մղումով մեր մարզի իրավապահները բազմաթիվ քրեական գործեր են հարուցել:

- … Բժշկի կնոջն են հետապնդում, աշխատանքից հեռացնում:

- …Լեռնիկ Պետրոսյան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. աշխատանքից հեռացնում են խաբելով:

- …Սյունիքի մարզպետը թույլ է տալիս իրեն խոսել երկրի, պետության ղեկավարի անունից ու պարզվում է՝ ստել է:

- …Մարզպետը պայմանագիր չի կապել՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն իմ համար չէ, չեմ ուզում քեզ հետ աշխատել, պայմանագիր չեմ կնքում:

- …Վահեն ապացուցել է, որ ո՛չ Սահմանադրությունը եւ օրենքները…նախեւառաջ պետք է համաձայնեցվեն, համահունչ լինեն իր կամքին ու ազատություններին:

- …Դպրոցի տնօրենին, ճանաչված մանկավարժին, կասեի՝ ամբողջ հանրապետությունում ճանաչված մանկավարժին, դպրոցական գործի բացառիկ կազմակերպչին աշխատանքից ազատում ենք միայն նրա համար, որ «Սյունյաց երկիր» թերթում հոդված է տպագրել:

- …Իբրեւ պատմաբան հիշում եմ Հազկերտի քաղաքականությունը Հայաստանում. խնդիր էր դրել՝ Հայաստանը պառակտելու համար պետք է այնպես անել, որ անգամ մի ընտանիքի ներսում մարդիկ պառակտվեն, եւ Վահեն կարողացավ դրան հասնել:

- …Մարզպետի հանձնարարությամբ՝ իր ենթակա դպրոցի տնօրեններով միանգամից մի քանի հաղորդումներ եղան ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի, եւ մեկ շաբաթվա մեջ չորս կամ հինգ քրեական գործ հարուցվեց…

 Եվ ի՞նչ էր պահանջում այդ ամենի դիմաց Սյունիքի երբեմնի մարզպետ, հայցվոր Վահեն:

Սամվել Ալեքսանյանից պահանջում էր 3 մլն դրամ:

Պահանջում էր, որ Սամվել Ալեքսանյանը ներողություն խնդրի իրենից եւ հերքի հրապարակած տեղեկությունները:

Պահանջում էր, որ այդ ամենի վերաբերյալ դատարանի վճիռը (լինելու դեպքում) հրապարակվի syuniacyerkir.am կայքում:

Խնդրում էր դատարանին՝ կիրառել հայցի ապահովման միջոց եւ արգելել Սամվել Ալեքսանյանին եւ  syuniacyerkir.am կայքին՝ որեւէ տեղեկություն տարածել Վահե Հակոբյանի մասին՝ մինչեւ գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Մեկ տարուց ավելի տեւած դատավարության ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Վահե հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:

Իսկ 2019 թ. սեպտեմբերի 6-ի վճռով դատարանը վիրավորանքի մասով ամբողջապես մերժեց Վահեի հայցապահանջը: Ասել է թե՝ Սամվել Ալեքսանյանի օգտագործած արտահայտությունները (հայցվորի կողմից իբրեւ վիրավորանք գնահատված) ամենեւին էլ վիրավորանք չեն եւ խոսքի ազատության չարաշահման տարրեր չեն պարունակում:

Դրանք են՝

- վահեհակոբյանական ամոթալի էջ (Ս. Ալեքսանյանը նշել է. «Սյունիքի մարզում պետք է մեկընդմիշտ փակվի վահեհակոբյանական ամոթալի էջը, այդ էջը մեր պատմության…, թույլ տվեք ասել, ամենաամոթալի եւ անպատվաբեր էջն է»),

- Ս. Ալեքսանյանը, խոսելով Վ. Հակոբյանի գործունեության մասին, տարբեր համատեքստերում օգտագործում է «մարզպետի կամայականություններ» արտահայտությունը,

- մեկ այլ դրվագում Ս. Ալեքսանյանը Վ. Հակոբյանի գործունեությունը համեմատում է «քոչվորների», «օտարականների», «Կաղ Թեմուրի», «մոնղոլական-թաթարական արշավանքների զորավարների հետ»:

 

Ըստ Վահեի զրպարտություն պարունակող տասնմեկ արտահայտությունից վեցի մեջ դատարանը որեւէ արատավորող տեղեկություն չի տեսել:

Արատավորող են համարվել հետեւյալ արտահայտությունները՝

-  … Վահե Հակոբյանը Սյունիքի մարզից տարած, չեմ ուզում ասել գողացած, թեեւ կարող եմ նաեւ այդպես ասել, այդ ամենը պետք է հետ բերի Սյունիք: Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի Հանրապետության մի պաշտոնյա, ում աշխատավարձը, ասենք կազմում է մոտավորապես 600 հազար դրամ, մեկ տարվա մեջ, խոսքը 2017 թ. մասին է, կուտակի 1.5 մլն դոլար ունեցվածք, այդպես չի լինում…Նախ պետք է լուսաբանվի՝ այդ գումարներն ինչպես են ստացվել, եւ երկրորդ՝ պետք է բերվեն մեր պետական գանձարան:

- …Լեռնիկ Պետրոսյան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. աշխատանքից հեռացնում են խաբելով:

- …Սյունիքի մարզպետը թույլ է տալիս իրեն խոսել երկրի, պետության ղեկավարի անունից ու պարզվում է՝ ստել է:

- Նախորդ անգամ պատմեցի ձեզ Դարբաս գյուղի դպրոցի տնօրենի մասին. երկու անգամ հայտարարված մրցույթում, գործող օրենսդրության համաձայն, հաղթող է ճանաչվել, բայց մարզպետը պայմանագիր չի կապել՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն իմ համար չէ, չեմ ուզում քեզ հետ աշխատել, պայմանագիր չեմ կնքում:

- Մեզ շանտաժի ենթարկելու, վրեժ լուծելու նպատակով հունվարի վերջին՝ իմ այդ հայտարարություններից հետո, մեկ շաբաթվա մեջ, մարզպետի հանձնարարությամբ՝ իր ենթակա դպրոցի տնօրեններով միանգամից մի քանի հաղորդումներ եղան ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի եւ մեկ շաբաթվա մեջ չորս կամ հինգ քրեական գործ հարուցվեց …

Դատարանի վճռի այդ մասի հետ Պատասխանողը հանաձայն չէ, ինչի համար էլ ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ բողոքի հիմքում Պատասխանողը մատնանշել է բոլոր այն կամայականությունները, որոնք թույլ են տրվել դատավարության ընթացքում, որոնց հետեւանքով խախտվել են նյութական եւ դատավարական իրավունքի նորմերը:

Սամվել Ալեքսանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից պահանջել է՝ բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. սեպտեմբերի 6-ի վճռի մի մասը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ բեկանված մասով նոր քննության, չբեկանված մասով վճիռը թողնել ուժի մեջ:

Հիմա՝ գլխավոր հարցը. ինչո՞ւ են Վահեի սպասավորները շտապել դեռեւս ուժի մեջ չմտած, դեռեւս վիճարկվող դատավճիռն իբրեւ «հաղթանակ» ներկայացնել:

Ինչո՞ւ են այդ ողորմելիները թաքցնում վիրավորանքի մասով դատարանի մերժողական դիրքորոշումը, զրպարտության մեծագույն մասով դատարանի մերժողական վերաբերմունքը, Սամվել Ալեքսանյանից փող ուզելու պահանջով դատարանի մերժումը…

Այդ մարդիկ պարզապես փորձում են մարզի բնակչությանը հավատացնել, որ իրենք դեռեւս չեն մեռել, որ իրենք դեռ կան, որ իրենք նույնիսկ կարող են դատարանում պարտության մատնել «Սյունյաց երկրին» ու նրա խմբագրին…

Միգուցե եւ այդ շոուն նման հապճեպությամբ ու անգրագիտությամբ չմոգոնվեր, եթե չլիներ մեկ այլ հանգամանք, որը վկայում է դատական լաբիրինթոսում խրված Վահեի տխուր վիճակը:

Ինքներդ տեսեք…

Թիվ ԵԿԴ/3404/02/17  քաղաքացիական գործով Վահեն պարտություն է կրել ե՛ւ առաջին ատյանի դատարանում, ե՛ւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հայցվորն ինքն է)։

Գնացել է Վճռաբեկ, իսկ պատասխան դեռ չկա:

Գործով պատասխանող է նաեւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն:

Թիվ ՍԴ2/0386/02/17 քաղաքացիական գործով (հայցվոր՝ Վահե) հաջողության ոչ մի նշան, թեեւ դատավարությունը սկսել է մոտ երեք տարի առաջ:

Գործով պատասխանող` նաեւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ:

Թիվ ԵԴ/6718/02/19  քաղաքացիական գործ (հայցվոր՝ Վահե), որի պատասխանողներից մեկը դարձյալ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն է. հայցադիմումը վերադարձվել է հայցվորին, ով էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել ու նորից մերժվել:

Թիվ ԵԴ/3676/02/19  քաղաքացիական գործ (հայցվոր՝ Վահե), որի պատասխանողներից մեկը կրկին «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն է. հայցադիմումը վերադարձվել է հայցվորին ու մնացել անպատասխան:

Թիվ ԵԴ/1003/02/19  քաղաքացիական գործ (հայցվոր՝ Վահե), որի պատասխանողներից մեկը «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն է. հայցադիմումը դարձյալ վերադարձվել է հայցվորին եւ մնացել անհետեւանք:

Այսքան դատական ձախողումներ միայն «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի հետ կապված…

Եվ այդ պարտություններից հետո հարկավոր էր ցույց տալ, որ Վահեն նաեւ «հաղթել» գիտի…

Կա մեկ ուրիշ հանգամանք եւս, որը պատճառ դարձավ հայտնի հեռուստաշոուին:

Տեսեք՝ Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկրի» դեմ ոտքի է հանվել փաստաբանական մի ամբողջ թիմ, ընդ որում՝ բավականին լուրջ գումարներ շաղ տալով (միայն հայցադիմումների մեջ կարդացինք հինգ փաստաբանի անուն):

Ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների՝ նրանց խոստացել են տալ նաեւ այն գումարը, որը կհաջողեն դատարանի ուժով բռնագանձել «Սյունյաց երկրից» կամ Սամվել Ալեքսանյանից:

Եվ այդքան գումար ներդնելուց հետո, մեկուկես տարի տեւող դատական գործընթացում, 15 քաղաքացիական գործով փաստաբանական թիմը գրանցել է զրո հաջողություն եւ միայն պարտություններ...

Փաստորեն մի ամբողջ փաստաբանական թիմ չի կարողանում հաջողության հասնել Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկրի» դեմ հայտարարված պատերազմում:

Հայաստանի ամենախոշոր ֆինանսական կառույցը երեք տարի շարունակ ամեն ինչ անում է «Սյունյաց երկրին» լրատվական ասպարեզից հեռացնելու համար, բայց չի կարողանում:

Ու, ըստ քաջարանյան իրազեկ աղբյուրների, փաստաբանական թիմի առջեւ հստակ խնդիր է դրվել՝ կամ դատարանի ուժով ջախջախել Սամվել Ալեքսանյանին ու նրա գլխավորած լրատվամիջոցը կամ հետ բերել բոլոր այն գումարները, որ ուղղվել են փաստաբաններին վճարելու եւ առհասարակ 15 գործով դատարանի նպաստավոր պահվածքն ապահովելու նպատակով:

Փաստաբանական խմբից պատասխան է պահանջվում մեկ այլ ձախողման համար եւս. խումբը պետք է ապահովեր դատական նշված գործերի դռնփակ դատաքննություն, որպեսզի այդ մասին մամուլում որեւէ հրապարակում չլիներ, բայց Պատասխանողի հիմնավոր դիրքորոշումների շնորհիվ այդ զառանցանքը եւս հօդս է ցնդել ու որեւէ գործ չի քննվում դռնփակության պայմաններում:

Փաստաբանական խումբը պետք է կարողանար դատարանի միջոցով, իբրեւ հայցի ապահովման միջոց, արգելել Սամվել Ալեքսանյանին եւ syuniacyerkir.am կայքին՝ որեւէ նյութ հրապարակել հայցվորների մասին, բայց նորից ձախողվել է:

Բոլոր այդ պատճառների հետեւանքով է, որ կազմակերպվեց հեռուստաշոու՝ գոնե հանրության միամիտ խավի մեջ պատրանք ձեւավորելու նպատակով, թե` տեսեք՝ գաղութարարները Սյունիքում, նաեւ Երեւանի դատարաններում  դեռ կարողանում են հարցեր լուծել:

Մինչդեռ... 2020 թ. հունվարի 23-ին, ինչպես նշեցինք, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կվերսկսի Վահեի հայցի հետ կապված քննությունը. դա այն հայցն է, որի առիթով հաղթական հանդես կազմակերպեց «Շոր եւ Շորշոր» փաստաբանական խումբը:

Վերաքննիչի դատավարության, ինչպես եւ դատական մյուս գործերի ընթացքի մասին ժամանակ առ ժամանակ տեղեկություններ կտրամադրենք մեր լսարանին։

 

Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: